Նամակ ո՞ր թագավորին

13/09/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

15 տարի առաջ Հայաստանն իրեն հռչակեց անկախ պետություն։ Հետաքրքիր է, այն ժամանակ հրապարակում հավաքված մարդիկ կհավատայի՞ն, որ 15 տարի անց ունենալու ենք այն Հայաստանը, որը հիմա ունենք։ Յուրաքանչյուր ոք, ով 1991-ին եղել է հասուն տարիքի մարդ, մի պահ մտածելու է՝ ի՞նչ կորցրեց եւ ի՞նչ ձեռք բերեց Հայաստանը 1991 թվականից ի վեր, այս 15 տարիների ընթացքում։Իհարկե, կգտնվեն շատերը, որոնք միանգամից կբացականչեն՝ ո՞նց թե ինչ, անկախություն. «Անկախությունը մեծագույն արժեքն է»։ Անկախությունն, իրոք, մեծագույն արժեք է, սակայն մի պահ մտածենք՝ արդյո՞ք հիմա ավելի անկախ, ազատ ու ինքնիշխան ենք, քան 15 տարի առաջ։ Ունենք մեր նախագահական ինստիտուտը, պառլամենտը, բանակը, դրամը, օրհներգը… Մի խոսքով, ամեն ինչ, ինչ վայել է անկախ պետությանը։ Ունենք սահմանադրություն, որը նույնպես փաստում է, որ մենք անկախ, ինքնիշխան երկիր ենք։ Իսկ իրականո՞ւմ։ Իրականում ունենք մի «նորագույն» պատմություն, որի ընթացքում միայն 1991 թվին ենք ունեցել ազատ ընտրություն, այն էլ՝ ազգային զարթոնքի շնորհիվ։ Ամեն ինչ եղավ ու լինում է «դաբրոներով», «մեսիջներով» կամ ուղղակի հրահանգներով, բայց ոչ ժողովրդի կամքով։ Միգուցե անկախություն ասելով` հենց դա էլ պետք է հասկանայի՞նք, այսինքն՝ անկախ ժողովրդի կամքից։ Անկախացանք։ Նշանակում է՝ առաջ ինչ-որ մեկից կախված էինք։ Ումի՞ց՝ ԽՍՀՄ-ից, ասել է թե՝ Ռուսաստանից։ Իսկ այսօր որեւէ մեկը կարո՞ղ է ասել, որ մենք ռուսներից կախված չենք։ Բավական է նշել, որ էներգետիկ համակարգի 80%-ը գտնվում է ռուսների ձեռքին։ Ուղղակի հնարվել է մի գեղեցիկ արտահայտություն՝ «ռազմավարական գործընկերություն»։ Ընդ որում, մենք՝ հայերս սիրում ենք այդ բառի վերջին արմատը՝ «ընկերություն» («ախպերություն»), իսկ ռուսներն ի սկզբանե կենտրոնացել են «գործի» վրա։ Իսկ գործի մեջ, ինչպես գիտեք, ընկերությունը մի կողմ է քաշվում։ Ու գործի բերումով մեզնից խլում են գործարաններ, էլեկտրակայաններ ու շատ այլ բաներ։ Լեռնային Ղարաբաղի հարցում եւս մինչ այժմ ոչ մի հայանպաստ արտահայտություն ռուսներից չլսեցինք։ Սակայն այս ամենը, մեր նկատմամբ նման արհամարհական վերաբերմունքն անգամ չէր (ու չի) խանգարում, որ մեր քաղաքական գործիչները հայացքները հառեն վերեւները։

Վերջին շրջանում, սակայն, կարծես տրամադրությունների փոփոխություններ են նկատվում։ Ընդդիմությունը, տեսնելով, որ Ռուսաստանից «խեր չկա», ամերիկամետ ռեւերանսներ է անում։ Խմորումներ են գնում նաեւ իշխանամետ ճամբարում։ Միեւնույն ժամանակ, աստիճանաբար մեր գիտակցության մեջ է սրսկվում հետեւյալ միտքը՝ Հայաստանը գնալով թաղվում է կրիմինալի եւ «բեսպրեդելի» մեջ, այդ ամենն արվում է իշխանությունների գխավորությամբ կամ թողտվությամբ։ Ու քանի որ ՌԴ-ն սատարում է այս իշխանություններին, հասարակությունը սկսում է անհանդուրժողաբար վերաբերվել նաեւ ռուսներին։ Եվ ո՞վ պետք է լրացնի «սիրո պակասը», իհարկե՝ ամերիկացիները։ Իսկ ամերիկացիները մի առանձին թեմա են։ Նրանք որոշ քաղաքական գործիչների կարծիքով ամենաարդարն են, ամենաժողովրդավարը, ամենաճիշտը, մի խոսքով՝ ամենա-ամենա-ամենան… Բացի այդ, նրանք շատ են սիրում բոլորին, անգամ նրանց, որոնցից հազարավոր կիլոմետրեր հեռու են գտնվում՝ իրաքցիներին, աֆղանցիներին, սերբերին… Ու ամեն ինչ անում են, որ ամեն տեղ, այդ թվում` նաեւ Հայաստանում, ժողովրդավարություն, խաղաղություն ու կայունություն հաստատվի։ Իսկ ինչպես ասել է Մեթյու Բրայզան. «Կայունությունը գալիս է լեգիտիմությունից»։ Իհարկե, ծիծաղելի կլիներ հավատալ, որ ինչ-որ երկիր վտանգի տակ է դնում իր զինվորների կյանքը, վատնում միլիոնավոր դոլարներ, ինչ է թե՝ իրենից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող մի ժողովուրդ իրեն լավ զգա։ Սակայն ամերիկացիները կարողանում են իրավիճակը ներկայացնել այնպես, որ այն, ինչ լավ է մեզ համար, լավ է նաեւ իրենց համար։ Ու մերոնցից ոմանք էլ կամաց-կամաց քայլում են դեպի ԱՄՆ-ի գիրկը։

Վերջերս ձեռքս ընկավ ԱՄՆ կոնգրեսականների համար նախատեսված մի զեկույց, որը վերաբերում էր Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի քաղաքական զարգացումներին՝ ամերիկյան շահերի տեսանկյունից։ Որոշ մտքեր շատ հետաքրքիր էին։ Օրինակ, ըստ ամերիկացիների, հարկավոր է ակտիվացնել ԱՄՆ ներգրավվածությունը Հարավային Կովկասի գործընթացներին՝ ժողովրդավարությունն ամրապնդելու եւ իրավիճակը կայունացնելու համար։ Մյուս կողմից ասվում է, որ «…ԱՄՆ-ի այդպիսի ընդլայնված հարաբերությունները «կզսպեն» ռուսական եւ իրանական ազդեցությունը, իսկ Ադրբեջանի հետ սերտ կապերը կնպաստեն իսլամական այլ երկրների, մասնավորապես` Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ ԱՄՆ հարաբերությունների բարելավմանը»։

Գաղտնիք չէ, որ ամերիկացիները հատուկ ուշադրություն են դարձնում էներգետիկ ոլորտին, հատկապես՝ Ադրբեջանի պաշարներին («7-13 միլիարդ բարել նավթ եւ 30 տրիլիոն խորանարդ ֆուտ բնական գազ», ըստ զեկույցի)։ Նշվում է, որ Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի երկրների անկախության, Արեւմուտքի հետ կապերի ամրապնդմանը։ Այս ամենին հասնելու համար մեծ դեր պետք է կատարեն ամերիկյան մասնավոր ներդրումները, որոնք «…նավթի եւ գազի մատակարարման ուղիների հարցում կվերացնեն Ռուսաստանի մոնոպոլիան» (ասված է զեկույցում)։ Ամերիկացիների քաղաքականության հիմնական բաղադրիչներն են՝ «աջակցել Ռուսաստանի տարածքը շրջանցող խողովակաշարերի կառուցմանը՝ ապահովելով մատակարարների դիվերսիֆիկացիա», ինչպես նաեւ՝ «աջակցել բարեկամական Թուրքիային» եւ «խոչընդոտել այն խողովակաշարերի կառուցումը, որոնք անցնում են Իրանի տարածքով»։ Առաջին հայացքից թվում է՝ ամեն ինչ նորմալ է, սակայն կա մի բայց… Խողովակաշարերը եւ եւ այլ տրանսպորտային ուղիները շրջանցում են նաեւ Հայաստանը։ Առաջին քայլերն արդեն արված են՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան։ Հետաքրքիր է՝ այս դեպքում ի՞նչ ձեւով է դրսեւորվում մեր անկախության ամրապնդումը։ Հետաքրքիր է նաեւ չլուծված հակամարտությունների նկատմամբ ամերիկյան մոտեցումը։ Ոչ մի տեղ չեք հանդիպի, որ ԼՂՀ-ն նշվի գոնե որպես վիճահարույց տարածք։ Ղարաբաղցիները ներկայացվում են որպես պարզ անջատողականներ։ Իսկ տարածքը, որի վրա փաստացի 15 տարի է՝ պետականություն գոյություն ունի, զեկույցում հիշատակվում է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) բնորոշմամբ. «Ոչ պետական ՄՃԽ գնահատականներով, Ադրբեջանի տարածքի 13-14%-ը, այդ թվում` նաեւ Լեռնային Ղարաբաղը, գտնվում են ԼՂ հայկական ուժերի վերահսկողության տակ»։ Եթե սրան էլ ավելացնենք անցյալ տարի Էլիզաբեթ Ջոնսի խոսքերը՝ քրեական անջատողականներ, թմրամիջոցների, զենքի տարանցման տարածք եւ այլն, ապա պարզ կդառնա, թե ինչ դիրքորոշում ունեն «ամեն ինչում ճիշտ» ամերիկացիները։ Փոխարենը, ադրբեջանցիների մասին նույն զեկույցում կարող եք կարդալ հետեւյալը. «Աշխարհի ադրբեջանցիների մեծ մասը (տարբեր գնահատականներով՝ 6-12 մլն մարդ) ներկայումս բնակվում է Իրանում»։ Ահա այսպես։ Իսկ շարունակությունը պակաս հետաքրքիր չէ. «Իրանում բնակվող «Հարավային ադրբեջանցիների» մի մասի ազգային գիտակցությունն աճել է»։ Իսկ ի՞նչ կլինի, եթե նմանատիպ «մեսիջների» արդյունքում «գիտակցությունը» հասնի իր գագաթնակետին։ Բաքուն կաշխատի ստեղծել «մեծ Ադրբեջան», որին այսքան երկար ձգտել է։ Իսկ ԱՄՆ-ը ո՞ւմ կպաշտպանի։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ Իրանին, քանի որ «Ադրբեջանական իշխող շրջանակները վախենում են Իրանի կողմից սատարվող իսլամ ծայրահեղականությունից»։

Մի խոսքով, ամերիկացիներից, ինչպես եւ ռուսներից, դժվար է լավ բան ակնկալել։ Սակայն այստեղ կա հզոր հակափաստարկ՝ փողը։ Ինչպես նշվում է զեկույցում. «ԱՄՆ-ը հանդիսանում է ամենամեծ դոնորը Հայաստանի եւ Վրաստանի համար։ Այս երկրները մտնում են եվրասիական այն 5 երկրների մեջ, որոնք

1 մլրդ դոլարից ավելի օգնություն են ստացել»։ Համաձայն զեկույցի աղյուսակի, 1992-2005թթ. ժամանակահատվածում Հայաստանն ավելի քան 1.5 միլիարդ դոլարի օգնություն է ստացել։ Վրաստանը ստացել է մի քիչ ավելի՝ 1.6 մլրդ, սակայն արդեն լիովին վարձահատույց է եղել՝ դառնալով աշխարհի ամենաամերիկամետ երկրներից մեկը։ Հիմա հերթը մերն է։

Նորից վերադառնանք մեր անկախության 15-ամյակին։ Հիմա ի՞նչ, անկա՞խ ենք։ Թղթի վրա միգուցե՝ այո։ Սակայն, եթե փաստացի խոսենք, ապա վիճակը հիմա ավելի տխուր է: Եթե առաջ հստակ գիտեինք՝ ումից ենք կախված, այսօր անորոշություն է. ո՞ւմ գիրկը վազել՝ ամերիկացիների՞, թե՞ ռուսների։ Իսկ ժողովուրդը մղվել է երկրորդ պլան եւ հեռվից հետեւելու է, թե ընտրություններից առաջ քաղաքական ուժերը դեպի ո՞ւր կողմնորոշվեցին։ Համենայնդեպս, գիտեն, որ ոչ դեպի իրեն։ Ահա այսպիսի անկախություն ենք մենք կերտել 15 տարիների ընթացքում եւ պետք է մեծ շուքով նշենք…