«Ժամանակն է, որ մենք էլ հարձակվենք»

13/09/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Այս մասին նշել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի դպրոցի բացման արարողությունից հետո լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ, պատասխանելով ՄԱԿ-ում ընդունված հրդեհների մասին բանաձեւի եւ Ղարաբաղ դիտորդական խումբ ուղարկելու մասին հարցին: «Առաջին հերթին նշեմ, որ դա մեր առաջարկն էր, երբ որ Ադրբեջանն աղմուկ բարձրացրեց հրդեհների վերաբերյալ: Պարզ է, որ դա արհեստական ստեղծած աղմուկ էր, որովհետեւ հրդեհների եւ պրոպագանդայի հեղինակներն էլ են իրենք: Հարցը նրանում է, որ մենք բազմիցս դիմել ենք տարբեր միջազգային կազմակերպություններին՝ առաքելություն ուղարկելու հարցով, որովհետեւ ինքներս շահագրգռված ենք, որ միջազգային հանրությունը հստակ պատկերացում ունենա, թե ինչ է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում, մանավանդ՝ սահմանամերձ շրջաններում: Եվ քանի որ պատրաստվում է ԵԱՀԿ առաքելությունը գալ այստեղ, բնական է, որ իրենք պետք է համագործակցեն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Դեռ որեւէ դիմում պաշտոնական չի եղել, բայց, վստահ եմ, որ կլինի: Գտնում եմ, որ այդ առաքելությունն օբյեկտիվ եզրակացություն կստեղծի այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում Ղարաբաղում: Իսկ Ադրբեջանի նպատակը նույնն է՝ սեւացնել այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ»:

Այն հարցին՝ թե ինչպես է նախագահը վերաբերվում հարցը ՄԱԿ տեղափոխվելուն, նա պատասխանեց. «Ես համարում եմ, որ դա դեստրուկտիվ մոտեցում է, որովհետեւ պարզ է, որ այս տարիների ընթացքում մեր հարցով զբաղվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ ցանկացած փորձ՝ ընդգրկել ուրիշ միջազգային կազմակերպություններ, խառնաշփոթ վիճակ կարող է ստեղծել, որը ձեռնտու չէ ոչ հակամարտող կողմերի, ոչ էլ հարցի կարգավորման համար:

Լեռնային Ղարաբաղը դժբախտաբար ներկայացված չէ այդ միջազգային կառույցներում, իսկ Հայաստանը շատ հստակ արտահայտել է իր կարծիքը, որ Հայաստանը դեմ է, որ ցանկացած միջազգային կազմակերպություն զբաղվի այն հարցերով, որոնցով արդեն զբաղվում է ԵԱՀԿ-ն: Ճիշտ գործիքը, կարծում եմ, դիվանագիտական գործիքն է, եւ պետք է հայկական դիվանագիտությունն ավելի ակտիվ լինի: Դժբախտաբար այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանի դիվանագիտական կորպուսն անընդհատ հարձակվում է, եւ մենք ստիպված ենք լինում պաշտպանվել: Գտնում եմ, որ ժամանակն է, որ մենք էլ հարձակվենք»: