Գյումրին խորհրդավոր քաղաք է: Այստեղ անցյալն ու ներկան միախառնվում են եւ ստեղծում յուրահատուկ մթնոլորտ: Քարուքանդ եղած գործարանի տարածքում ոչխարներ են արածում, կիսախարխուլ նախկին ԿԳԲ-ի շենքի մոտակայքում վերանորոգվում է «Յոթ Վերք» եկեղեցին: «Գորկու» անվան այգում զբոսանքի գնալիս անցնում ես «դոմիկների» կողքով, բարեւում ծանոթներիդ, հիվանդներից հարցնում առողջության մասին, ապա շարունակում ճանապարհդ… Գյումրիում բնակիչների մեծ մասը զբաղվում է առեւտրով, դրանով են նրանք գոյատեւում: Իսկ երիտասարդությո՞ւնը: Իմ զրուցակից Լիլիթը երկար մտածեց այս հարցին պատասխանելու համար, ապա ուսերը թոթվեց եւ որպես իր մտքերի ամփոփում ասաց. «Ոչնչով»:
Գյումրու շուկան լեփ-լեցուն է տարատեսակ մրգերով եւ բաջարեղենով: Շտապող մարդկանց բազմությունը փակում է տեսադաշտը եւ դժվար անցանելի դարձնում մայթերը: Մի կին գին է հարցնում, ապա բռնում երեխայի ձեռքից եւ դժգոհությամբ շարունակում է իր փնտրտուքը: Գինը թանկ էր:
– Քույրիկ, էդ կամերան ի՞նչ արժե,- հարցնում են ինձ՝ տեսնելով լուսանկարչական ապարատը:
– Իսկ ձեր խնձո՞րը:
– Քեզ երեք հարյուրով կտամ: Գյումրիից չես, հա՞:
– Արի, նույն խնձորը հարյուր հիսունով տամ, տես ինչ ընտիրն է, – ձայն է տալիս կողքի վաճառողուհին, վեր կենում շարված մրգերի հետեւից եւ առանց պատասխանի սպասելու խնձորները լցնում տոպրակը:
Շուկայից ոչ հեռու Գյումրիի հրապարակն է: Ստվերում` փակված ռեստորանի աստիճանների վրա նստած մի քանի տղամարդ արեւածաղիկ են «չրթում» եւ նայում ընդարձակ հրապարակի կողմը: Ցամաք շատրվանի կողքով երեք կանայք են քայլում: Հետեւում կինոյի շենքն է եւ եկեղեցին:
«Առաջ, երբ մենք մտնում էինք մեր հրապարակը, այնտեղ մարդկային բազմությունն այնքան հոծ էր, որ չէիր կարողանում անցնել, իսկ հիմա որ ժամին ուզում է լինի՝ մարդ չես տեսնում: Ամենամարդաշատ վայրերը շուկաներն ու տոնավաճառներն են: Էսպես որ շարունակվի, շատ վատ կլինի»,- ցավով նշում է գյումրեցի Ռուբիկ Հարությունյանը: Նա Գյումրիի առաջին հիվանդանոցի տրավմատոլոգիայի բաժանմունքի օրդինատորն է եւ ունի քառասուն տարվա աշխատանքային փորձ: Պրն Հարությունյանն իր կյանքի մեծ մասը Գյումրիում է անցկացրել, ականատես է եղել Գյումրիում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձությունների: «Եթե նախկինում Լենինականը 250-270 հազար բնակչություն ուներ, ապա այսօր 150 հազար բնակիչ հազիվ լինի քաղաքում»,- ասում է նա: Բացի շարունակվող արտագաղթից շատացել են մահացություններն ու հիվանդների քանակը: Հատկապես տարածված են աղեստամոքսային տրակտի հիվանդությունները:
«Ուտելիքը դնում են գետնին ու վաճառում: Ամեն օր նույն պատմությունն է, վարակազերծում չկա: Ինֆեկցիան աչքով տեսանելի չէ: Գոնե շուկաները պետք է մաքուր լինեն»,- հուզված ասում է բժիշկը, մի պահ լռում եւ ապա ավելացնում.
«Բոլոր հիվանդությունների հիմնական պատճառն առաջին հերթին սննդի ու ապրուստի գործոններն են եւ ստրեսային վիճակը: Մարդիկ հնարավորություն չունեն: Առաջ մարդիկ կարող էին իրենց թույլ տալ՝ ուտել ախորժակի ցանկացածը, այսօր ստիպված օգտագործում են այն, ինչ թույլ է տալիս իրենց գրպանը»: Բացի ստամոքսային հիվանդություններից, շատ են նաեւ գանգատները հոդամկանային ցավերից: «Օր չկա, որ ինքս մի տասնյակ հիվանդ չնայեմ: Իմ կարծիքով, այդ հիվանդություններն առաջացել են 1993-94 թվականների ընթացքում՝ ջեռուցման բացակայության հետեւանքով»:
Ինչպես պրն Հարությունյանը նշեց, բժշկության ոլորտի լավ մասնագետները վաղուց գնացել են Գյումրիից: Հիվանդանոցում այսօր տասնվեց բժիշկ է աշխատում, իսկ ամիսը մոտ քառասուն հիվանդ է բուժում ստանում հիվանդանոցում: «Գիտեք, Գյումրին միշտ համեմատում եմ Անիի հետ»,- ասում է Ռուբիկ Հարությունյանը: – Անին կործանվեց 1300 թվին, եւ մենք ողբում ենք, թե մերը չէ հիմա, որ Թուրքիայում է գտնվում: Այս մեր Գյումրին էլ մի Անի արժե: Պետք չէ այն աղետի գոտի համարել եւ բավարարվել դրանով: Ղեկավարությունը թող մի քիչ ուշադրություն դարձնի Գյումրիում տեղի ունեցող խարդախություններին: Աստված գիտե, թե ինչ է կատարվում այս քաղաքում»:
Փողոցում ռուսական պոպ երաժշտություն է հնչում եւ կլանում հայկական ժողովրդական երգի թույլ ելեւէջները: Կիրովի փողոցը (թեեւ այն վերանվանել են Նիկոլայ Ռիժկովի անվան, սակայն գյումրեցիները շարունակում են ասել` Կիրովի փողոց) Գյումրիի ամենագեղեցիկ փողոցներից մեկն է: Բազմաթիվ են սրճարանները, խանութները, իսկ մայթերը կանաչապատ են: Կիրովի փողոցում մի թափառական երաժիշտ ակորդեոն է նվագում: Կողքին դրված է բաց կափարիչով գործիքի տուփը, մեջը` երեք գովասանագիր եւ մի քանի մետաղադրամ: «Ինչքան էլ որ դժվար լինի, դի-մա-ցեք…»,- երգում է նա՝ անտարբեր իր շրջապատի եւ հազվադեպ զնգացող մետաղադրամների նկատմամբ: