Շեքսպիրյան շաբաթ Երեւանում

13/09/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Այսօր Երեւանում տեղի կունենա Շեքսպիրյան մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հանդիսավոր բացումը։ Արդեն չորրորդ անգամ անցկացվող «Արմմոնոն» քայլ առ քայլ ավելի մեծ հեղինակություն է ձեռք բերում եւ հետզհետե հեռանում է իր անվանման մեջ ծրագրված մոնոթատրոնի սկզբունքներից։

Ինչպես ասաց փառատոնի նախագահ, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը՝ իր երազանքը Հայաստանում «փոքր ֆորմաների Շեքսպիրյան փառատոն ունենալն է»։ Այդ երազանքն արդեն իսկ շատ մոտ է իրականություն դառնալուն։ Եվ մոնոներկայացման՝ մեկ դերասանական կատարում պահանջող պարտադրանքը տեղ է տալիս ավելի լայն մասշտաբի ներկայացումների։ Ամեն դեպքում մի մարդով Շեքսպիր խաղալը շատ ավելի բարդ եւ որոշ իմաստով անշնորհակալ գործ է, քան լիարժեք կերպարային ներկապնակ ստեղծելը։ Դա զգացել է նաեւ երկար տարիներ Շեքսպիրի պիեսների բեմադրող, աշխարհահռչակ վրացի բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան, ով պատրաստվում էր «Արմմոնոյին» ներկայացնել միայն մեկ դերասանով «Համլետի» մենախոսությունների բեմադրությունը, սակայն որոշեց Համլետ-Զազա Պապուաշվիլու հետ բեմ հանել նաեւ այլ պերսոնաժների։ Հակոբ Ղազանչյանի հավաստմամբ՝ այդ ներկայացումը բոլորովին այլ տեսանկյունից է ներկայացնելու «Համլետը» եւ Ստուրուայի զուգահեռաբար բեմադրվող այլ «Համլետի» կրկնօրինակը չի լինի։ Փառատոնի ընթացքում կցուցադրվեն նաեւ թուրքմեն դերասան Աննա Մելեի «Լիրը», լեհ դերասան Վիեսլավ Կոմասայի «Յորիկը», լիտվացի դերասան Ալեքսանդրոս Ռուբինովասի «Ներկայացում ներկայացումից հետո» եւ անգլիացի դերասան Փիթեր Սաթընի «Տղայիս կտակը» բեմադրությունները։

Հայ դերասանները «Արմմոնոյում» ներկայացված կլինեն մնջախաղաց եւ դերասան Լեւոն Իվանյանի «Շեքսպիրի լուռ կյանքը», գյումրեցի դերասան Հովհաննես Հովհաննիսյանի «Շայլոկ», երիտասարդ դերասանուհի Նարինե Պետրոսյանի «Օֆելիայի վերջին երգը» եւ Արմեն Սանթրոսյանի «Լիր» ներկայացումներով։ Իսկ Գառնիկ Սեյրանյանի «Երկյուղած լռություն» բեմականացման հիմքում հայ մեծանուն դերասանուհի Սիրանույշի (Հասմիկ Տեր-Կարապետյան) կյանքն է լինելու։ Սիրանույշը մնացել է հայ թատրոնի պատմության մեջ որպես այն առաջին եւ միակ կին դերասանուհին, ով հանդգնեց Համլետ խաղալ, ինչը արեց նաեւ հայտնի Սառա Բերնարը։

Այս տարի ներկայացումների ընտրությունը կատարող ժյուրին ավելի խիստ չափանիշներով է մոտեցել։ «Անցյալ տարիներին փառատոնն անկանխատեսելի փորձադաշտի էր նմանվել եւ այնպիսի բեմադրություններ էին ներկայացվում, որոնք ցուցադրել պետք չէր»,- ասաց Հ. Ղազանչյանը, ով դեմ է նաեւ փառատոնի ավարտից հետո մրցանակներ շնորհելուն, քանի որ յուրաքանչյուր ընտրություն շատ սուբյեկտիվ է համարում։

Շեքսպիրը մնում է աշխարհում ամենահաճախ բեմադրվող հեղինակը, որի նյութի վրա շատ համարձակ եւ բազմաբնույթ էքսպերիմենտներ են արվում։ Շեքսպիրը նաեւ մեծ եւ խորն ավանդույթներ ունի Հայաստանում։ Ինչպես ասաց դերասան Վարդան Պետրոսյանը՝ «Շեքսպիրը զարմանալիորեն ազգայնացված է մեր երկրում։ Մենք շատ լավ ընկալում ենք Շեքսպիրին եւ ցավագին ենք տանում հատկապես «Համլետի» նկատմամբ արված ոտնձգությունները։ Հայերը վաղուց ընդունել են Ինոկենտի Սմոկտունովսկու Համլետին եւ ընդվզում են, երբ հանդիպում են այլ մեկնաբանության»։ Նա նշում է, որ նույնիսկ Շեքսպիրի հերոսների անուններն ենք վաղուց ազգովի յուրացրել եւ, երբ լսում ենք Համլետ անունը, շատ լավ գիտակցում ենք, որ խոսքը Շեքսպիրի հերոսի մասին է. «Ամերիկայում շատ քչերը գիտեն՝ ո՞վ է Համլետը, իսկ մենք ասում ենք՝ Համլետ ջան, ախպերս»։ Հայաստանի եւ Շեքսպիրի կապը Վ. Պետրոսյանը գենետիկորեն փոխանցվող կապ է համարում։ Յուրաքանչյուր հայի սրտում իր սեփական Համլետն է ապրում եւ ժամանակ առ ժամանակ դրդում հավերժական եւ կնճռոտ հարցերի պատասխանները գտնել…

Այս տարվա «Արմմոնոն» նոր լայնածավալ եւ միջազգային էսպերիմենտ-ներկայացում է պատրաստել։ Հակոբ Ղազանչյանի նախաձեռնությամբ, ըստ անմահ «Համլետի», բեմադրվել է «…Եվ օրինավոր բանտ» ներկայացումը, որտեղ Դանիան ոչ միայն որպես բանտ է ներկայացված, այլեւ՝ որպես հոգեբուժարան։ Եվ «Համլետի» բոլոր պերսոնաժներն ապրում են հոգեբուժարանի պատերի ետեւում։ Ներկայացման 10 դերակատարներից միայն երկուսը՝ Վարդան Պետրոսյան – Համլետն ու Մարիամ Ղազանչյան – Օֆելիան են հայ, իսկ մնացած դերասանները ժամանել են Ռուսաստանից, Գերմանիայից, Վրաստանից, Գվատեմալայից, ԱՄՆ-ից, Սլովենիայից, Իրանից, Ճապոնիայից եւ Թուրքմենստանից։ Եվ բոլորն իրենց դերերը կատարում են իրենց մայրենի լեզվով։ Ներկայացման մասնակիցները տարբեր դերասանական դպրոցների են պատկանում եւ տարբեր խաղաոճ ունեն, ինչը, ըստ Հ. Ղազանչյանի, շատ հետաքրքիր ու անսպասելի արդյունքի է հանգեցրել։ «Նույն բեմում խաղում են մարդիկ, ում երկրներն իրար հետ բախման մեջ են»,- ասաց նա։ Կաշկանդող եւ կաղապարող շտամպներից դուրս գալու անհրաժեշտությունը զգալով, Հ. Ղազանչյանը ողջունում է էքսպերիմենտները։ Նրա պատկերացրած Համլետն այսօր կիսախելագար վիճակում գտնվող մարդ է։ Իսկ Վ. Պետրոսյանն այս ներկայացմանը որպես «թատերական արկածախնդրության» է վերաբերվում, որտեղ առկա է այն «չարաճճիությունը», առանց որի թատրոն լինել չի կարող։

«Արմմոնո» փառատոնը խոստանում է հաջորդ տարի ավելի մեծ անուններ Երեւան բերել։ Եվ եթե իրականանա Հ. Ղազանչյանի ցանկությունը, մեզ մոտ հյուր կգա անգլիացի հայտնի բեմադրիչ Պիտեր Բրուկը։