– Քո տարիքում կանայք այլ հետաքրքրություններ ունեն: Ինչպե՞ս են վերաբերվում ընկերներդ եւ հատկապես ընտանիքդ այն հանգամանքին, որ դու զբաղվում ես բռնցքամարտով` այն էլ պրոֆեսիոնալ:
– Բոլորը, ովքեր ինձ ճանաչում են՝ ընկերներս, բարեկամներս, հարազատներս ողջունում են ընտրությունս: Այո, գիտեմ, կան մարդիկ, որ բռնցքամարտն ընդհանրապես չեն սիրում, իսկ դե կանանց բռնցքամարտի մասին էլ չասեմ… Իմ նպատակն է ապացուցել, որ կանայք կարող են տղամարդկանց պես, իսկ երբեմն էլ` որոշ տղամարդկանցից ավելի լավ բռնցքամարտել: Ընտանիքս ինձ լիովին աջակից է: Սկզբում նրանք էլ էին դեմ: Բայց երբ տեսան, որ մեկը մյուսի հետեւից հաղթանակներ եմ տանում, փոխեցին իրենց կարծիքը:
– Հուլիսին Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի ունեցավ հերթական բռնցքամարտը, եւ դու կրկին հաղթեցիր: Ինչպիսի՞ն էր հակառակորդդ, ուժե՞ղ էր: Այս անգա՞մ էլ բռնցքամարտն ավարտեցիր վաղաժամ:
– Շատ լավ բռնցքամարտ էր: Առաջին անգամ տասը ռաունդ բռնցքամարտեցի: Հակառակորդս ուժեղ էր եւ չոր գլուխ ուներ: Բայց դե ես հաղթեցի եւ հանդիսատեսը հիացած էր: Շատերը մոտենում էին ինձ, սեղմում ձեռքս ու ասում` սա օրվա լավագույն բռնցքամարտն էր: Դե, իհարկե, ես էլ չհպարտանալ չէի կարող (ժպտում է.-Ի.Ս.):
– Ինչպե՞ս է անցնում օրդ, որքա՞ն ժամանակ ես տրամադրում մարզումներին:
– Պարապում եմ ամեն օր, առավոտյան եւ երեկոյան, բացի կիրակի օրերից: Ճիշտ է, այլ բանով զբաղվելու համար քիչ ժամանակ է մնում, բայց դա ինձ չի խանգարում: Ընտանիքիս եւ ընկերներիս հետ սովորաբար լինում եմ բռնցքամարտից հետո: Իրար հետ ուրախանում-նշում ենք հաղթանակը:
– Իսկ այն քիչ ժամանակը, որ մնում է քեզ, ի՞նչ ես անում:
– Մեծ հաճույքով ընկերներիս հետ կինո եմ գնում, կամ խանութ` շորեր գնելու, այնպես, ինչպես իմ տարիքի բոլոր աղջիկները: Զգեստներ շատ եմ սիրում: Իսկ ֆիլմերից նախընտրում եմ սարսափ ֆիլմեր կամ կոմեդիաներ դիտել:
– Արդեն տասնութ տարեկան ես եւ իրերին ու երեւույթներին նայում ես հասուն աչքերով: Ո՞րն է եղել կյանքիդ ամենադժվար փուլը:
– Դժվար էր միաժամանակ սովորելը, աշխատելը ու տան գործերն անելը` հատկապես, որ մայրս այն ժամանակ վատառողջ էր եւ ստիպված էր որոշ ժամանակ հիվանդանոցում անցկացնել: Բայց ես գիտեի՝ ում եւ ինչի համար եմ այդ ամենը անում: Եվ դա ինձ ուժ էր տալիս: Միշտ հավատացել եմ, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու: Փառք Աստծո, այսօր մայրս մեզ հետ է, իրեն լավ է զգում: Այնպես որ, հանգիստ կարող եմ պարապել: Իսկ երբ ազատ ժամանակ եմ ունենում, գնում ենք միասին առեւտուր անելու: Նա շատ է ինձ օգնում: Ամեն անգամ բռնցքամարտից առաջ ասում է` ջնջիր բոլորին:
– Ի՞նչ մարտեր են քեզ սպասում մոտ ապագայում, եւ ո՞րն է հիմնական նպատակդ:
– Նպատակ ունեմ եկող տարի դառնալ աշխարհի չեմպիոն: Իսկ մոտ ժամանակներս, այսինքն, այս տարվա սեպտեմբերին պաշտպանելու եմ միջազգային տիտղոսը: Հակառակորդս մի ամերիկուհի է:
Կարիերայիս ավարտից հետո շատ եմ ուզում ունենալ երկու երեխա` մի աղջիկ եւ մի տղա: Բայց այս պահին դրա մասին չեմ մտածում, քանի որ դեռ շատ ուրիշ անելիքներ ունեմ: Հուսով եմ, որ աստծո օգնությամբ եւ աշխատանքովս ինձ կհաջողվի իրականություն դարձնել նպատակներս: