Սեպտեմբերի 10-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը կվերադառնա ԱՄՆ: Մինչ վերադառնալը մենք զրուցեցինք Ջ. Էվանսի տիկնոջ` Դանա Էվանսի հետ: Դեսպան Էվանսը բազմիցս պատասխանել է դեսպանի պաշտոնից ժամանակից շուտ իր հետկանչի մասին հարցերին: Իսկ ի՞նչ կարծիք ունի այս մասին տիկին Էվանսը: «Կարող եմ խոսել միայն իմ անունից: Դա իսկապես շատ հուզումնալից ժամանակաշրջան էր մեզ համար, շատ դժվար էր նաեւ ինձ համար, քանի որ իմ ամուսինը հետ էր կանչվում այն բանի համար, որ ճշմարտությունն էր ասել այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել 1915թ., եւ ցավալի էր, որ ճիշտ խոսելու համար նա պատժվում է: Իմ ամուսինը դիվանագիտության ոլորտում աշխատել է 35 տարի եւ շատ արհեստավարժ դիվանագետ է: Իր համար իսկապես մեծ պատիվ է ներկայացնել ԱՄՆ արտաքին առաքելությունը Նահանգներից դուրս եւ ծառայել ԱՄՆ-ին,- ասաց Դանա Էվանսը: – Ամեն դեպքում, կարծում եմ, որ ասված խոսքերի համար պատիժը չափազանց խիստ էր: Իմ ամուսինն այդ ճշմարտությունն ասել էր ԱՄՆ-ում, Ամերիկայի քաղաքացիների, համալսարանում՝ ուսումնաակադեմիկ միջավայրում: Ինձ համար չափազանց դժվար ժամանակներ էին, բայց երբ գիտակցում ես, որ դու իրավացի ես, դա քեզ օգնում է գլուխդ բարձր քայլել»:
Կարդացեք Իմ ամուսնուն հետ կանչեցին ճշմարտությունն ասելու համար