Չի բարգավաճելու

10/09/2006

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երեկ մեզ հետ զրույցում բացառել է առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման հավանականությունը: «Դրանք քաղաքական հեքիաթներ են: Ես միանշանակ չեմ առաջադրվելու»,- ասել է նա: Փոխարենը, Դ. Հարությունյանը պատրաստվում է առաջիկայում անդամակցել որեւէ կուսակցության. «Այո, ես կարծում եմ, որ կանդամակցեմ որեւէ կուսակցության: Կա կուսակցությունների շրջանակ, որն ինձ համար հետաքրքրություն է ներկայացնում»,- ասել է նա: Դ. Հարությունյանը նշել է, որ ինքը կուսակցության անդամակցելու որոշումը կկայացնի տարեվերջին կամ 2007թ. սկզբին: Իսկ թե ո՞ր կուսակցությանն է նա անդամակցելու, առայժմ ցանկանում է գաղտնի պահել: Դ. Հարությունյանը նաեւ ձեռնպահ մնաց թվարկելուց, թե որ կուսակցություններն են, որ իր համար հետաքրքրությունների շրջանակ են ստեղծել: Ի դեպ, վերջին շրջանում շատ է խոսվում, որ Դ. Հարությունյանն անդամակցելու է Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Սակայն Դ. Հարությունյանը երեկ հերքեց այդ լուրը՝ ասելով. «Այդ խոսակցությունները հավաստի չեն»: