Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է Ռ. Քոչարյանը վերաբերվում «Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանի դեմ իրականացված ոտնձգությանը: «Լրագրողի դեմ իրականացված բռնարարքը խստիվ դատապարտելի է: Վստահ եմ, որ իրավապահ մարմինները կանեն հնարավորը` մեղավորներին բացահայտելու եւ պատժելու համար: Սակայն, միեւնույն ժամանակ, արդեն երեք օր է, ինչ վստահ կարծիքներ են հնչում առ այն, որ բռնության պատճառ են դարձել իշխանության ներկայացուցիչներին վերաբերող Գալաջյանի վերջին հոդվածները: Կարծում եմ, անտեղի եզրակացություններ անելու փոխարեն հարկ է սպասել հետաքննության ավարտին: Իհարկե, իշխանությունների կողմից հալածվող լրագրողի կերպարը հրապուրիչ է, եւ չկա ավելի դյուրին բան, քան առանց որեւէ հիմքերի բռնարարքի պատասխանատվությունը դնել իշխանությունների վրա: Պետք չէ նաեւ մոռանալ, որ եւ «Իրավունքը», եւ անձամբ պրն Գալաջյանն առաջին օրը եւ առաջին տարին չէ, որ քննադատում են իշխանություններին, նաեւ, ի տարբերություն այս օրերի` թեժ քաղաքական իրավիճակներում: Եվ, այդուամենայնիվ, ես չեմ կարողանում մտաբերել Գալաջյանի նկատմամբ անցյալում կիրառված բռնության այլ դեպքեր: Այսպես թե այնպես, կրկնեմ` լրագրողի դեմ իրագործված բռնությունը խստիվ դատապարտելի է: Բայց բոլոր հարցերի պատասխանները կտա հետաքննությունը, նաեւ այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք տեղի ունեցածը կապված է Գալաջյանի մասնագիտական գործունեության հետ»,- փոխանցեց Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: