Երեկ «Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանի դեմ իրականացված բռնությունը դատապարտող հայտարարություններ են տարածել նաեւ «Ազգային Միաբանություն» եւ «Դաշինք» կուսակցությունները: «ԱՄ» հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հանրապետության ամենատարբեր ոլորտների, այդ թվում` քաղաքական դաշտի քրեականացումը, քրեական տարրերի հետ սերտաճած պետական պաշտոնյաների կողմից ուղղորդվող բռնությունները, սպանությունները, անպատժելիության մթնոլորտը խախտում են երկրի անվտանգության հիմքերը: Մեկ անգամ չէ, որ դաժան բռնությունների են ենթարկվել նաեւ իրենց ծառայական, մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողները: Եվ քանի որ հանցագործները մնացել են անպատիժ, այդ պատճառով էլ նման բռնությունները շարունակվում են: Մի՞թե հասկանալի չէ, որ քաղաքական համարձակ վերլուծությունների, անալիտիկ մեծ ընդգրկում ունեցող հոդվածների հեղինակ, «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանին նման բռնության ենթարկելու պատճառը նրա քաղաքական համարձակ հոդվածներն ու հրապարակումներն են: Նպատակը մեկն է՝ այս իշխանություններին ներհատուկ քրեաոճ գործելակերպով լռեցնել ճշմարիտ ու համարձակ խոսքը»: «ԱՄ»-ն` դատապարտելով կատարվածը, նաեւ նկատել է. «Լրագրողների, այս դեպքում՝ Հովհաննես Գալաջյանի դեմ բռնություն կատարողները պետք է անպայմանորեն հայտնաբերվեն եւ ստանան իրենց արժանի պատիժը: Այլապես մենք հակված ենք պնդելու, որ Գալաջյանի դեմ ուղղված նենգ գործողությունները հրահրված են իշխանական բուրգում հայտնված մարդկանց կողմից»: Իսկ «Դաշինքը» վստահ է, որ տեղի ունեցածն ուղղված էր ազատ խոսքի դեմ եւ այն որակել է որպես «թույլ մարդկանց կողմից իրականացված հուսահատ քայլ»: