Բանաձեւն ընդունվեց

10/09/2006

Նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է օգոստոսի 4-ին Ադրբեջանի կողմից ներկայացված «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւը, որով կոչ է արվում ՄԱԿ-ին՝ «անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածքներում հրդեհների վնասները վերացնելու ուղղությամբ»: Բանաձեւն ընդունվել է առանց քվեարկության: ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը նշել է, թե «չնայած ինքը կողմ է բանաձեւի բովանդակությանը, սակայն լուրջ առարկություններ ունի վերնագրի առնչությամբ եւ դեմ է ԼՂ-ի հետ կապված ցանկացած հարց ՄԱԿ-ում քննարկելուն»: Բանաձեւում կարեւորվում է «տուժած տարածքներում հրդեհները մարելու եւ նրանց վնասարար հետեւանքները հաղթահարելու նպատակով շտապ բնապահպանական գործողություն իրականացնելու անհրաժեշտությունը»: «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նկատի է առնում ԵԱՀԿ մտադրությունը՝ կազմակերպելու առաքելության առաքում տարածաշրջան՝ հրդեհների կարճաժամկետ ու երկարաժամկետ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գնահատելու նպատակով, որպես քայլ ուղղված բնապահպանական գործողության նախապատրաստմանը, եւ խնդրում է ԵԱՀԿ գործող նախագահին զեկույց ներկայացնել այս հարցի վերաբերյալ Գլխավոր ասամբլեայի անդամ երկրներին՝ մինչեւ 2007թ. ապրիլի 30-ը»,- ասված է բանաձեւում: Համաձայն ՀՀ Արտգործնախարարության տարածած հաղորդագրության, Հայաստանը բանակցել էր բանաձեւի նախագծի շուրջ եւ համաձայնության եկել դրա բովանդակության եւ ձեւակերպումների շուրջ: «Արդյունքում փաստաթուղթն ընդհանուր առմամբ դարձավ ընդունելի հայկական կողմի համար»,- նշված է Արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ: