Բաբաջանյանը բողոքարկելու է

10/09/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Նախ` վերջին խոսքով հանդես եկավ Ա. Բաբաջանյանը, ով կարծիք հայտնեց, որ իր դեմ հարուցված քր.գործը պետք է այս երկրի ապագայով մտահոգ քաղաքացիների մոտ մտահոգությունների տեղիք տա: «Քրեական այս գործը ձերբակալվելու առաջին իսկ օրից` իր մեխանիզմներով, հնարքներով ու այլ տեսակի քրեական գործերի անդավաճան ձեռագրով մեկ անգամ եւս ստիպում է բոլորիս` այս երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներիս, լրջորեն խորհել ներկա իրողությունների ընդհանրապես հանդուրժելիության մասին: Պետական մեղադրողի վերջին ճառն իսկապես մտահոգիչ էր, ազատության մասին նրա պատկերացումները, հիրավի, խոսուն էին: Ասեմ միայն, որ դատարանում իմ մեղքն ընդունելուց եւ կատարվածի համար զղջալուց հետո բանտարկության մեջ ես ավելի ազատ ու անկաշկանդ եմ, քան մեղադրող Կոտիկյանն ու նրա պատվիրատուները կարող են երբեւէ լինել ազատության մեջ»,- հայտարարեց նա: Ա. Բաբաջանյանը փաստեց, որ զինվորական ծառայության տարկետումն ինքը փորձել է երկարաձգել տարբեր տարիներին ԱՄՆ համալսարաններում ուսումնառությունը փաստող տեղեկանքներով, առողջության մասին հիմնավոր փաստաթղթերով: Սակայն դրանք զինկոմիսարիատի կողմից ուղղակի հաշվի չեն առնվել եւ նրա նկատմամբ ոչ մի բժշկական քննություն չի նշանակվել: «Հետախուզումից խուսափելով, այսօր շատ ավելի վատթար վիճակում եմ հայտնվել: Պետք է ասեմ, որ հայրենի բանակում ծառայության երկու տարին շատ ավելի նախընտրելի պարտականություն եմ դիտել եւ դիտում, քան օտարության մեջ անցկացված ամեն մի նոր օրը: Այնպես որ` 9 տարի առաջ ՀՀ-ն լքելու շատ ավելի լուրջ, հիմնավոր պատճառներ ունեի, քան զինվորական ծառայությունից խույս տալը: Բանտում կլինի թե ազատության մեջ, միեւնույն է, հայրենիքը` Հայաստանը, մնում է ինձ համար ամենաթանկ հանգրվանը: Ամենայն հավանականությամբ, հայրենիքում վերստին ապրելու իմ իրավունքը նվաճելու համար պետք է մնալ անազատության մեջ: Եթե այդպես է, վճարում եմ այդ գինը եւ հոժարությամբ կընդունեմ դատարանի կողմից սահմանված ցանկացած ազատազրկող ժամկետը»,- ասաց նա: Դրանից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ եւ շուրջ երեք ժամ «խորհելուց հետո» հրապարակեց դատավճիռը: Ի դեպ, դատավճռի հրապարակման ժամանակ մեղադրող Ժաննա Կոտիկյանը հեռացել էր դատարանի դահլիճից: Եվ այս փաստը դատավարության մասնակիցները գնահատեցին` որպես «անհարգալից վերաբերմունքի դրսեւորում»: Ինչեւէ, նախ` դատարանը Ա. Բաբաջանյանի դեմ ՀՀ քրօր-ի 324 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով առաջադրված մեղադրանքը, այն է`պաշտոնական փաստաթղթեր հափշտակելը, համարեց չհիմնավորված: Բացի այդ, դատավորը փաստեց, որ Ա. Բաբաջանյանի նկատմամբ խախտվել է ամբաստանյալի` Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի պահանջը, համաձայն որի` քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվողն իրավունք ունի հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին: Եվ Ա. Բաբաջանյանին պաշտոնական փաստաթղթեր հափշտակելու համար ՀՀ քրօր-ի 324 հոդվածի հատկանիշներով առաջադրված մեղադրանքում անմեղ ճանաչեց: Սակայն դատարանը նրան մեղավոր ճանաչեց ՀՀ քրօր-ի 327 հոդվածի 2-րդ մասի

2-րդ կետով, այն է` փաստաթուղթ կեղծելու միջոցով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը: Եվ այդ արարքի համար նրան դատապարտեց չորս տարվա ազատազրկման: Այս դատավճռով, ինչպես պնդում էին դատարանում ներկա գտնվողները, Մ. Մարտիրոսյանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Բաբաջանյանի դեմ հարուցված քր. գործն իրականում քաղաքական ենթատեքստ ուներ: ՀՀ քրօր-ն այդ արարքի համար նախատեսում է կալանք՝ 1-3 ամիս, կամ ազատազրկում՝ 1-5 տարի ժամկետով: Ու չնայած Բաբաջանյանի ունեցած մեղմացուցիչ հանգամանքներին, որ վերջինս նախկինում դատապարտված չի եղել, նախաքննության ընթացքում եւ դատարանում խոստովանել է իր արարքը, դատարանն այդ ամենը հաշվի չառավ: Հիշեցնենք, որ նույն Մ. Մարտիրոսյանը ժամանակին բավական մեղմ «պատիժ» տվեց «անզգույշ քաշքշուկի արդյունքում» Պողոս Պողոսյանին սպանած Աղամալ Հարությունյանին, վերջինիս դատապարտելով 2 տարի պայմանական ազատազրկման: Նույն դատավորը նման թեթեւ պատժի արժանացրեց նաեւ ՏԷՑ-ի կռուգի «հերոսներին»: Ի դեպ, նման խիստ պատիժն այնքան անսպասելի էր, որ երբ հրապարակվեց դատավճիռը, ներկաները մի պահ ապշեցին: Ու թեեւ որոշել էին բղավել` «ամոթ» ու նման տիպի այլ հանդիմանական խոսքեր (ոչ ոք չէր կասկածում, որ Բաբաջանյանին անպայման ազատազրկման են դատապարտելու), երկար ժամանակ դատավճռին արձագանք չեղավ: Եվ «բռավո, ամոթ» վանկարկեցին, երբ Մ. Մարտիրոսյանն արդեն դուրս էր գալիս դահլիճից: Ինչեւէ, Ա. Բաբաջանյանի գործընկերները միակարծիք են դատավճռի հարցում իրենց տեսակետների մեջ: «Դա ցինիկ դատավճիռ էր: Այն ինձ շատ է հիշեցնում հայտնի ասացվածքը, որը քաղաքագիտության ու պատմագիտության մեջ ընդունված է վերագրել Ֆրանկոյին, որն իր իշխանության տարիներին առաջնորդվում էր հետեւյալ սկզբունքով. «Բարեկամներին` ամեն ինչ, թշնամիներին` միայն օրենք»: Հիմա այդ սկզբունքը կիրառում է Ռ. Քոչարյանը, այն իմաստով, որ իր մտերիմներին ու նրանց շրջապատին կարելի է ամեն ինչ, ու նրանց նկատմամբ կիրառվում է ամենաթողությունը, իսկ թշնամիների կամ հակառակորդների կամ իրեն չսիրողների նկատմամբ`օրենքը»,- այսպիսի կարծիք հայտնեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագիր Շողեր Մաթեւոսյանն էլ հայտարարեց. «Այս իշխանություններն ընդհանրապես մարդ դատելու իրավունք չունեն: Նրանք դեռ պետք է դատվեն: Նրանց ֆոնի վրա որեւէ մեկը դատվելու իրավունք չունի»: «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանի խոսքերով էլ` «Ա. Բաբաջանյանի դեմ հարուցված քրգործը ծայրից ծայր ունի քաղաքական ենթատեքստ: Եթե նա չլիներ ընդդիմադիր թերթի խմբագիր, ապա իրավապահները չէին փորփրի նրա անցյալը` կոմպրոմատ գտնելու համար: Մյուս կողմից` եթե Արմանի արարքն այդ համատեքստից դուրս նայենք, ես այն չեմ կարող ողջունել»: Ինչեւէ, Ա. Բաբաջանյանն իր փաստաբանի միջոցով 15 օրվա ընթացքում բողոքարկելու է դատավճիռը: