– Վերջին 3 տարիներին ՀՀ-ում ակտիվորեն քննարկվում է դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի անկման թեման։ Ինչո՞ւ է տեղի ունենում դոլարի դեւալվացիան, եւ արդյո՞ք այն միայն հայկական ֆենոմեն է։ Ի՞նչ եք կարծում՝ Կենտրոնական բանկը կարո՞ղ է միաժամանակ լուծել գների կայունության եւ փոխարժեքի կայունության ապահովման խնդիրները։
– Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ դոլարի թուլացում նկատվում է գործնականում ազգային բոլոր արժույթների նկատմամբ։ Արժույթի համաշխարհային շուկաներն այս եղանակով արձագանքում են ԱՄՆ-ի կողմից իրականացվող երկարաժամկետ տնտեսական քաղաքականությանը՝ խնայողությունների գրեթե զրոյական մակարդակ եւ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի հսկայական դեֆիցիտ։ Միեւնույն ժամանակ, համաշխարհային պրոցեսների ազդեցության եղանակներն առանձին երկրների արժույթի իրական փոխարժեքների վրա կարող են էապես տարբեր լինել։ Այն երկրների համար, որոնց արտահանման հիմնական բաղադրիչը հումքային ապրանքներն են (նավթ, մետաղներ, եւ այլն) դոլարի արժեզրկումը միջազգային շուկաներում կարող է առեւտրային պայմանների դրական գործոն հանդիսանալ (համաշխարհային գների աճ՝ դոլարային համարժեքով)։ Կամ, օրինակ, ԱՄՆ ցածր տոկոսադրույքները կարող են խթանել կապիտալի ներհոսքը դեպի այնպիսի երկրների ֆինանսական եւ իրական հատվածները, որտեղ փողի գինը համեմատաբար բարձր է։ Եվ վերջապես, ընթացիկ տրանսֆերտների մեծ ծավալ ունեցող երկրներում դրանց ծավալները մեծանում են, քանի որ դոլարային ինֆլյացիան աճում է համաշխարհային մասշտաբով։ Դա նշանակում է նաեւ դոլարային աշխատավարձերի աճ այն երկրներում, որտեղ աշխատում են տրանսֆերտներ ուղարկող անձինք։ Բացի վերը թվարկվածներից, գոյություն ունեն նաեւ Հայաստանի տնտեսությանը բնորոշ ներքին գործոններ։ Վերջին տարիներին մենք արձանագրում ենք տնտեսական աճի բարձր տեմպ, որն արտադրողականության արագ աճի արդյունք է։ Իսկ արտադրողականության աճն, իր հերթին, անխուսափելիորեն հանգեցնում է իրական փոխարժեքի աճի։ Ասվածը վկայում է, որ ոչ մի արտասովոր բան տեղի չի ունենում։ ԱՄՆ դոլարի իրական փոխարժեքի անկման արդյունքում տեղի է ունենում համաշխարհային առեւտրի ճշգրտում եւ մնացած երկրների իրական փոխարժեքի աճ։ Կապիտալի շարժունակության եւ արդեն դրսից հարուցված իրական փոխարժեքի աճի պայմաններում մոնետար իշխանությունները կարող են անել 2 բան՝ կա՛մ թույլ տալ նոմինալ փոխարժեքի աճը՝ ապահովելով գնաճի ցածր տեմպ, կա՛մ էլ թույլ տալ, որ արձանագրվի բարձր գնաճ, սակայն նոմինալ փոխարժեքը կայուն լինի։ Այն երկրներում, որտեղ նախապատվությունը տրվում է գների կայունության ապահովմանը, նկատվում է նոմինալ փոխարժեքի աճ։ Իսկ այն երկրներում, որոնց համար փոխարժեքի կայունությունը գերակա նշանակություն ունի, տեղի է ունենում գների աճ։ Փորձը ցույց է տալիս, որ հնարավոր չէ հասնել այս 2 նպատակներին միաժամանակ, եւ այդպիսի քաղաքականությունը կարող է հանգեցնել ֆինանսական ճգնաժամի։ ԱՊՀ երկրների վերջին տարիների փորձը վերոնշյալ հիպոթեզների լավագույն դրսեւորումն է։ Գործնականում բոլոր երկրները, որոնք սահմանել էին ֆիքսված փոխարժեք կամ փոխարժեքի խիստ կարգավորման ռեժիմ, արձանագրել են բարձր գնաճ։ Եվ միայն ՀՀ-ում գնաճի մակարդակը չի գերազանցել ծրագրային ցուցանիշը, փոխարենը նկատվել է ազգային արժույթի ուժեղ թանկացում։ Ինքս ինձ չհամարելով այս ոլորտի մեծ մասնագետ՝ այնուամենայնիվ, ես նույնպես կողմ եմ գների կայունության ապահովման անհրաժեշտությանը։ Բերեմ հետեւյալ փաստարկները. 1. Փոխարժեքի փոփոխությունը համապատասխան հետեւանքներ է ունենում հիմնականում այն տնտեսվարող սուբյեկտների վրա, որոնք ներգրավված են արտաքին տնտեսական հարաբերություններում։ Մինչդեռ գնաճն ազդում է առանց բացառության բոլորի վրա, մասնավորապես, հասարակության ամենաաղքատ շերտերի։ 2. Երկարաժամկետ տեսանկյունից՝ հնարավոր չէ ապահովել փոխարժեքի կայուն մակարդակ։ 3.Փոխարժեքն արտաքին անհամամասնությունները կարգավորող ավելի ճկուն գործիք է, քան գնաճը։ 4. Գների կայունությունը երկարաժամկետ տնտեսական աճի համար ավելի կարեւոր գործոն է, քան կայուն փոխարժեքը։ Ամփոփելով վերը նշվածը՝ ընդգծեմ, որ ազգային արժույթի համաչափ, կայուն եւ կանխատեսելի արժեւորումը պարունակում է շատ դրական էլեմենտներ։ Այո, այստեղ սկսվում են վիճաբանությունները՝ կապված արտահանման-ներմուծման հետ։ Սակայն, առաջին հերթին, Հայաստանը վառ արտահայտված արտահանող երկիր չէ։ Այո, ՀՀ-ն արտարժույթ ստացող երկիր է, սակայն ոչ թե արտահանման, այլ դրսում ապրող հայերի հաշվին։ Իսկ դա ամենակարեւոր ուղղությունը չէ։ Իսկ եթե խոսքը գնում է ներքին արտադրության զարգացման մասին, ապա ազգային արժույթի կայունությունը նպաստում է արդյունաբերության ամրապնդմանը։ Ինչ վերաբերում է համատեղելիությանը, ապա չի կարելի ապահովել գների կայուն մակարդակ՝ առանց կայուն ազգային արժույթի։ Այսինքն, հարկավոր է պայքարել կա՛մ դոլարի կայունության, կա՛մ դրամի կայունության եւ գնաճի իջեցման համար։ Այսպիսով, նման քաղաքականության համար հարկավոր է միայն երախտապարտ լինել ԿԲ-ին, որը պարզաբանում է իր քաղաքականությունը։ Բացի այդ, չպետք է մոռանալ, որ դա կապված է ոչ միայն ԿԲ-ի քաղաքականության, այլեւ դոլարի փոխարժեքի համընդհանուր թուլացման հետ։
– Հարկավո՞ր է արդյոք պայքարել տնտեսության դոլարիզացման դեմ։
– ՀՀ-ին անկախություն պե՞տք է։ Եթե այո, ուրեմն անհրաժեշտ է պայքարել դոլարիզացման դեմ։ Դոլարիզացվածության մակարդակի նվազեցումն ամրապնդում է երկրի ֆինանսական անկախությունը եւ ապահովում է ավելի կայուն դիրքեր՝ արտաքին ֆինանսական շոկերի ժամանակ։ Դոլարիզացիայի ցածր մակարդակը մոնետար իշանություններին հնարավորություն կտա իրականացնել ավելի արդյունավետ դրամավարկային քաղաքականություն։
– Ի՞նչ քայլեր խորհուրդ կտայիք ձեռնարկել դոլարիզացվածության աստիճանը նվազեցնելու եւ ազգային դրամի նկատմամբ բնակչության վստահությունը մեծացնելու համար։
– Առաջին հերթին հարկավոր է պարզել՝ որտեղ են թաքնված այդ երեւույթի պատճառները՝ արտադրակա՞ն, թե՞ ֆինանսական հատվածում։ Ընդ որում, եթե դոլարիզացիայի պատճառները գտնվում են արտադրական հատվածում, ապա դա անխուսափելիորեն հանգեցնում է նաեւ ֆինանսական հատվածի դոլարայնացմանը։ Միեւնույն ժամանակ, հակառակ ենթադրությունը ճիշտ չէ, քանի որ ֆինանսական սեկտորի դոլարիզացիան կարող է լինել բաց տնտեսության օբյեկտիվ դրսեւորումը։ Եթե դոլարիզացման պատճառները թաքնված են արտադրական հատվածում, ապա մի կողմից հարկավոր է երկարաժամկետ ժամանակահատվածում ապահովել մակրոտնտեսական կայունություն եւ ցածր գնաճ, մյուս կողմից, չսահմանափակել անվանական փոխարժեքի տատանումները։ Այդ դեպքում ազգային արժույթով կատարվող ծախսերը կնվազեն, իսկ արտարժույթով կնքվող գործարքների դեպքում այդ ծախսերը կաճեն։ Բացի այդ, ֆինանսական դոլարիզացիան նվազեցնելու համար անհրաժեշտ է զարգացնել ազգային ֆինանսական շուկաները, ներմուծել ազգային արժույթով արտահայտված ֆինանսական նոր գործիքներ, զարգացնել կորպորատիվ արժեթղթերի շուկան եւ այլն։ Տնտեսվարող սուբյեկտները պետք է իրենց խնայողություններն ազգային արժույթով վարելու այլընտրանք ունենան։ Կան նաեւ դոլարիզացման դեմ պայքարելու վարչական մեթոդներ։ Օրինակ, կարելի է օրենսդրորեն սահմանափակել արտարժույթով կատարվող գործարքների թիվը, կամ բարձր տոկոսավճարներ սահմանել արտարժույթի կանխիկացման դեպքում։ Սակայն նման քայլերը պետք է օգտագործվեն շատ զգուշորեն։ Եթե դրանք ձեռնարկվեն տնտեսական անկայունության պայմաններում, դա կարող է հանգեցնել ֆինանսական ճգնաժամի։
Հ.Գ. Ըստ էության, դոլարիզացման դեմ պայքարելու համար Գ. Թոսունյանը խորհուրդ է տալիս անել այն, ինչ հիմա արվում է։ Պարզ ասած՝ նշանակում է ոչինչ չանել, թողնել, որ դրամն արժեւորվի, ներքին արտադրողների «քիթը տրորվի», որ խրատվեն եւ ավելի շատ վստահեն դոլարին։ Ինչ վերաբերում է վարչական մեթոդներին, ապա ԿԲ-ն կարող է հանգիստ ընդունել վերը նշված խորհուրդները. չէ՞ որ մեր տնտեսությունը շա՜տ կայուն է։