«ԱրմենՏելն» ազգաբնակչությանը շարունակում է տհաճ անակնկալներ մատուցել: Սեպտեմբերի 7-ին «ԱրմենՏելը»` ՀՀ ֆիքսված հեռախոսակապի մոնոպոլիստն ինտերնետ հեռախոսակապ տրամադրող մոտ 100 ընկերությունների զրկել է ծառայություն մատուցելու հնարավորությունից:
Ըստ այդ ընկերությունների ներկայացուցիչների, «ԱրմենՏելն» անջատել է մոտ 500 հեռախոսահամարներ` բնակչությանը զրկելով «էժան, մատչելի եւ որակյալ կապի միջոցով» արտասահմանում գտնվող հարազատների հետ խոսելու հնարավորությունից: Իսկ 2000-3000 քաղաքացիներ մնացել են գործազուրկ:
Ընկերություններն այս քայլը որակում են անօրինական: Նրանք գտնում են, որ «ԱրմենՏելն» իրավունք չունի առանց պատճառի անջատել բաժանորդի հեռախոսը: «Դաշինք» կադրային կենտրոնի տնօրեն Արտյոմ Խաչատրյանի խոսքերով, վերոնշյալ բոլոր կազմակերպությունները լիցենզավորված են Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից: 2004թ. նոյեմբերին «ԱրմենՏելը» փորձել է պայքարել այս ընկերությունների դեմ: «Art Collection» ՍՊԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանի հավաստմամբ, այդ ժամանակ ինտերնետ հեռախոսակապ տրամադրող մոտ 25 ընկերություններ դիմել են Տրանսպորտի եւ կապի նախարարությանը: 2005թ. նախարարությունը եզրակացություն է տվել, որ նրանց գործունեությունն օրինական է եւ չի հակասում «ԱրմենՏելի» թիվ 60 լիցենզիայի պայմաններին: «Եթե մենք անօրինական աշխատող ընկերություններ ենք, ապա ինչպե՞ս ենք հեռախոսավարձ մուծում, հարկեր վճարում: Սա պարզապես «ԱրմենՏելի» սովորական ձեռագրով փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն օրը ցերեկով հասցված հերթական հարվածն էր, որի համար ընկերությունը ոչ մի բացատրություն չի տալիս»,- ասում է Ա. Խաչատրյանը: Նրա հավաստմամբ, ընկերությունները նույն օրը «բանախոսներ» են ուղարկել «ԱրմենՏել»` հիմնավորում պահանջելու, բայց ընկերությունում նրանց նույնիսկ չեն էլ ընդունել:
Սակայն, «ԱրմենՏելն» իր տարածքային ստորաբաժանումներին հանձնարարել է անջատել «հեռահաղորդակցության ծառայություն մատուցող կազմակերպություններին այդ ծառայությունների մատուցման նպատակով հատկացված հեռախոսագծերը»: Հրամանն ընդունելիս «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենը հիմք է ընդունել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի հոդված 45-ի 3-րդ եւ 5-րդ կետերը: Վերջիններիս համաձայն, «ԱրմենՏելն» իրավասու է սահմանափակել կամ կասեցնել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցումը բաժանորդին, եթե վերջինս «հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին է միացրել այնպիսի վերջնակետային սարքավորումներ, որոնք համատեղելի չեն կամ միջամտում են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի աշխատանքին կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից օգտվելու` ուրիշների հնարավորությանը» կամ էլ «խախտում է ծառայություններ մատուցողի ներկայացրած սակագնի պայմանները կամ ծառայությունների մատուցման պայմանագիրը»:
Այս առնչությամբ Ա. Խաչատրյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ընկերությունների տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում է ստանդարտներին, ինչի հիման վրա էլ անցյալ տարի Տրանսպորտի եւ կապի նախարարությունը եզրակացություն է տվել, թե ընկերությունները կարող են շարունակել իրենց ծառայությունների մատուցումը: Ինչ վերաբերում է սակագների պայմանների կամ ծառայությունների մատուցման պայմանագրի խախտմանն, ապա Ա. Խաչատրյանի հավաստմամբ, դա չի համապատասխանում իրականությանը:
Ընկերություններն «ԱրմենՏելի» այս քայլը բացատրում են նրանով, որ վերջինս ոչ մի կերպ չի համակերպվում այս ոլորտում իր մոնոպոլ դիրքերի թուլացման եւ գերշահույթները կորցնելու փաստի հետ: Ընդ որում, նրանք պատահական չեն համարում, որ «ԱրմենՏելի» նման միջոցառումները համընկնում են այն օրերի հետ, երբ հունական «OTE»-ն պատրաստվում է վաճառել այն: Նման քայլերից հետո վաճառքի գինը կարող է բարձրանալ: «Բոլորս ենք հիշում, թե 1,5-2 տարի առաջ ինչ գներով էին վաճառվում այսօրվա 1500 դրամանոց «EASY» քարտերը` 100-200 դոլարով: Նույնը սպասվում է «ԱրմենՏելի» «Ձայնային կամուրջ» ծառայությանը, որի քարտերն արդեն այսօրվանից անհետացել են վաճառասեղաններից: Մենք համոզված ենք, որ այս ակցիան կազմակերպվել է «ԱրմենՏելի» կողմից, որպեսզի այս ոլորտում ծանր եւ ազատ մրցակցության շնորհիվ էժան եւ մատչելի ինտերնետ կապը վերանա: Ազգաբնակչությունը ստիպված կլինի օգտվել 5-10 անգամ ավելի թանկ ավանդական (գծային) հեռախոսային ծառայությունից»,- նշվում է «ԱրմենՏելի» դեմ բողոքի ակցիա կազմակերպած ընկերությունների հայտարարությունում:
Նրանք դեռ չեն հասցրել այս հարցով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Այս ընկերություններն առաջին հերթին պատրաստվում են հիմնավոր գրավոր պատասխան պահանջել «ԱրմենՏելից»: Եթե այդ պատասխանը չբավարարի, ապա ընկերությունները դատի կտան ֆիքսված հեռախոսակապի մոնոպոլիստին:
Ինչպես տեղեկացանք «ԱրմենՏելից», վերոնշյալ ծառայությունների կասեցումը պայմանավորված է «այդ անձանց կողմից թիվ 60 լիցենզիայով «ԱրմենՏելի» բացառիկ իրավունքը հանդիսացող «ձայնի փոխանցում հանրային ինտերնետի միջոցով» մատուցմամբ»: «Այդպիսի գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատները նախկինում բազմիցս զգուշացվել են ինչպես` «ԱրմենՏելի», այնպես էլ` պետական իրավասու մարմինների կողմից` ապօրինի գործունեությունը դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ»,- պատասխանեցին «ԱրմենՏելից»: Ընկերությունից նշում են նաեւ, որ այդ կազմակերպությունների գործունեության պատճառով իրենք հսկայական ֆինանսական վնասներ են կրել: