Հոգոցներ եւ ճիչեր եթերում

10/09/2006 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Չորս կիսամերկ օրիորդներ՝ սպունգները («գուբկաները») ձեռքներին, հարձակվում են վաճառքի ենթակա ավտոմեքենայի վրա եւ առանց իրենց խնայելու՝ լվանում են այն: Ընդ որում՝ հասցնելով հաճելին օգտակարի հետ համատեղելով՝ լվանալ նաեւ իրենց եւ ցեխի իրենց մյուս գործընկերուհիների մարմինները: Տանջալի ու ծանր աշխատանքից օրիորդներն ընկնում են հալյուցինացիաների մեջ. եւս մեկ հպում մեքենային, զուգընկերուհու եւս մեկ շոյանք, եւ օրիորդներն արդեն վստահ են, որ այն, ինչ իրենք այդքան ջանասիրաբար օճառում են, անհաղորդ մետաղի կույտ չէ, եւ սկսում են մարմնի տարբեր մասերով քսմսվել ավտոմեքենային: Սակայն քանի դեռ վերջինս որեւէ կերպ չի արձագանքում, աղջիկներն անցնում են ավելի շնորհակալ գործի՝ սկսում են սիրել միմյանց: Այս սցենարի հեղինակը կամ ռեժիսորը, հասկանալի է, Բերգմանը, Ֆելինին կամ Կուստուրիցան չեն, այլ «Երեւան» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Սարգիս Սարգսյանը (ի դեպ, հենց նրանից էլ ճշտեցինք, որ անլվա մեքենայի գովազդն արժե 5 հազար դրամ, իսկ «լվացած» վիճակում այն վաճառելու համար պետք է վճարել եւս 30 հազար դրամ՝ մեկ շաբաթվա համար): «VIP ավտոշուկա» ասելով՝ վերոնշյալ հեռուստաընկերությունն իր գիշերային ժամերը նվիրում է ավտո վաճառելու գործին: Դողդոջուն մի ձայն կադրից դուրս նշում է վաճառվելիք ավտոմեքենայի արժեքը, սակայն ավտոմեքենան՝ իր առավեություններով, խոշոր հաշվով, մնում է գնորդին անհայտ, քանի որ գեղեցկուհիները՝ ի ցույց դնելով սեփական մարմնի բարեմասնությունները եւ մանրակրկիտությամբ միմյանց լողացնելով, հեռուստադիտողին թույլ չեն տալիս հասկանալ՝ ի վերջո, ի՞նչն է վաճառվում: Արդար լինելու համար նշենք, որ այս հաղորդումն իր հեռուստադիտողին գտնելու ճանապարհին է: Խանդոտ կին ունեցող տղամարդուն այլ բան չի մնում, քան իր անձի փոխարեն մեքենան հանձնել օրիորդների սիրուն եւ գիշերային ժամերին, երբ սիրելի եւ թմբլիկ կողակիցը հանգիստ խռմփացնում է, հոգոց հանելով՝ դիտել իր ավտոմեքենայի եւ չորս աղջիկների սիլիբիլիները: Կան մարդիկ, որոնք ոչ մի գնով չեն ուզում բաժանվել իրենց ավտոմեքենաներից, բայց նաեւ ուզում են, որ իրենց համարանիշերին էլ դիպչեն կրքոտ գեղեցկուհիների թաց մարմինները: Հաղորդման սցենարի հեղինակի երեւակայությունն աշխատել է նաեւ այս ուղղությամբ: Նման մարդկանց համար գործում է մեկ այլ ծառայություն՝ ցուցադրվում է նրանց ավտոմեքենան՝ իր պետհամարանիշով, կադրից դուրս ձայնը պոտենցիալ գնորդին զգուշացնում է՝ այս մեքենան չի վաճառվում: Սույն փաստը, սակայն, որեւէ կերպ չի անդրադառնում աղջիկների էնտուզիազմի վրա. նույն ջանասիրությամբ նրանք մանրակրկիտ շոյում ու լպստում են նաեւ այդ ավտոմեքենան: Նշենք, որ մինչ օրս չվաճառվող, բայց անմեղությունն արդեն կորցրած երկու ավտոմեքենա է ցուցադրվել: Չվաճառվող «Համմերի» տերը «Երեւան» TV-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանն է, մյուս մեքենայի տերը (ավտոմեքենայի մակնիշը չենք նշում, քանի որ աղջիկների մարմինների տակից այն որեւէ կերպ նշմարել չհաջողվեց) նույն հեռուստաընկերության ղեկավար Վահագն Փիլիպոսյանն է: Սակայն սա «Երեւան» հեռուստաընկերության միակ նորամուծությունը չէ:

«Կխոսենք սեքսի, միայն սեքսի եւ միմիայն սեքսի մասին»

Դարձյալ գիշերային ժամին էկրանին է հայտնվում հերթական մի օրիորդ՝ ավետելով, որ ինքը խոսելու է «սեքսի, միայն սեքսի եւ միմիայն սեքսի մասին»: Եվ մինչ արդեն ոգեւորված հեռուստադիտողը փորձում է երեւակայել, թե ինչեր պիտի բարբառեն օրիորդիկի շուրթերը, վերջինս անխռով շարունակում է. «Սեքսով զբաղվում են միայն գիշերը»: Այս խիստ վիճելի մտքից ուշքի գալու համար հեռուստադիտողին ժամանակ չի տրվում. «Ոմանք սեքսով զբաղվում են ջրում, իսկ հոլիվուդյան աստղերը սիրում են սեքսով զբաղվել ջակուզիում»: Այս նոսր տեղեկատվությանը հաջորդում է կլիպ, որը որեւէ կերպ չի մեղմում հաղորդավարուհու արտաբերած հաջորդ եւ վերջին մտքի տափակությունը. «Տղամարդի՛կ, պահպանե՛ք ձեր կանանց եւ նրանց հետ զբաղվեք սեքսով»: Այս հումանիստական կոչով էլ հաղորդումը՝ չսկսված, ավարտվում է:

«Երեւան» հեռուստաընկերության մասին մեր հետաքրքրությունն այսքանով կսահմանափակեինք, եթե չպարզվեր, որ այս նորամուծություններից շոկի մեջ են անգամ հեռուստաընկերության որոշ աշխատակիցներ: Ըստ հեռուստաընկերության աշխատակիցների, որոնց անուններն իրենց իսկ խնդրանքով չենք հրապարակում, «Երեւան TV»-ի երիտասարդ ղեկավարությանը վերոնշյալ նորամուծություններից ստացված դժգոհություններն ամենեւին չեն մտահոգում: Հեռուստաընկերությունում կրճատվել է «հնաբնակ» աշխատակիցների 60-70 տոկոսը: Փակվել են «Լուսաբաց», «Ռանդեւու» ծրագրերը: Եթերը փորձ է արվում լցնել sexi նանարիկներով: Պատմում են, որ հաղորդավարներից մի քանիսը, ինչպես նաեւ տաղավարի այդ օրվա հյուրերը, առավոտյան հեռուստատաղավարի բազմոցին արյան հետքեր են գտել եւ որ այդ արյունը բնավ հակառակորդի հետ անհավասար պայքարի արդյունքում չէ, որ թափվել է: Մի հետաքրքիր դետալ եւս. եթեր մտնող հաղորդավարուհիներին հորդորվում է եթերում երեւալ հնարավորինս բաց հագուստով: «Երեւան» հեռուստաընկերության տնօրեն Վահագն Փիլիպոսյանի հետ զրուցել մեզ չհաջողվեց, քանի որ, ինչպես նույն TV-ի գործադիր տնօրեն Ռազմիկ Պետրոսյանն ասաց՝ նա անհասանելի է: Փոխարենը զրուցեցինք պարոն Պետրոսյանի հետ: Վերջինս նշեց, որ ոչ մի կրճատում չկա. աշխատակիցները պարզապես արձակուրդում են, իսկ հաղորդաշարերը պետք է պարզապես թարմացվեն: «Սուտ է,- մեզ փոխանցեցին արդեն կրճատված աշխատակիցները,- մեզ կրճատել են, եւ եթե հաղորդումները թարմացվեն էլ, ապա` ոչ նախկին աշխատակազմով»:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում այս մասին տեղյակ չէին: Ասենք, այս կամ այն հեռուստաընկերությանն արտոնագիր տալուց հետո նրա ծրագրային քաղաքականությանը միջամտելու իրավունք հանձնաժողովը չունի, եթե լուրջ խախտումներ չեն արձանագրվում: ՀՌԱՀ նախագահի տեղակալ Շամիրամ Աղաբեկյանը (Գրիգոր Ամալյանը վայելում է իր արձակուրդը) եւս արձանագրեց, որ «Ավտոշուկա VIP» հաղորդաշարում գովազդվում է ոչ թե մեքենան, այլ գովազդին նպաստող աղջիկները, սակայն նման հաղորդումների դեմ հանձնաժողովն, ըստ տիկին Աղաբեկյանի, որեւէ լծակ չունի. «Շատ ծանր տպավորություն ունեմ «Երեւան TV-ից: Ծրագրային առումով ոչ մի ոգեւորիչ բան չեմ կարող ասել»:

Իսկ բաց մարմնով եւ դատարկ գլխով հաղորդավարուհիների թիվը հայկական հեռուստաընկերություններում շարունակում է աճել: