Անհաջող մեկնարկ

10/09/2006

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը «Եվրո-2008»-ի նախընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի 6-ին անցկացրեց իր առաջին հանդիպումը՝ նոր մարզչի՝ շոտլանդացի Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ։

Ցավոք, Պորտերֆիլդի դեբյուտն անհաջող ստացվեց։ Մեր տղաները սեփական հարկի տակ պարտություն կրեցին Բելգիայից։ Հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները գրեթե չէին զիջում մրցակցին։ Ճակատագրական եղավ առաջին խաղակեսի 40-րդ րոպեն, երբ Դանիել վան Բույտենը գլխի հարվածով գրավեց Գեւորգ Կասպարովի պաշտպանած դարպասը։

Երկրորդ խաղակեսում հաշիվը հավասարեցնելու հնարավորություն ունեցան Համլետ Մխիթարյանը եւ Արմեն Շահգելդյանը, սակայն մրցակցի դարպասը գրավել չհաջողվեց։ Խաղն ավարտվեց բելգիացիների հաղթանակով՝ 0-1 հաշվով։

Պարտությունը միշտ էլ ցավալի է։ Անկախ ցուցադրած խաղից, վերջում միշտ հիշվում է արդյունքը։ Իհարկե, Բելգիայի հավաքականը բավական ուժեղ թիմ է, սակայն խաղը ցույց տվեց, որ մեր ֆուտբոլիստները կարող էին ոչ միայն չպարտվել, այլ նաեւ հաղթանակ տանել։ Սակայն կային որոշ օբյեկտիվ պատճառներ, որոնք խանգարեցին մեր տղաներին։ Իսկ դրանցից ամենակարեւորը, թերեւս, մի շարք առանցքային ֆուտբոլիստների բացակայությունն էր։

Նախեւառաջ, խոսքը վերաբերում է դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, որը պաշտոնական գրություն էր ուղարկել ՀՖՖ, որ տարիքի եւ վնասվածքների պատճառով ավարտում է իր ելույթներն ազգային հավաքականում։ Նշենք, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր ասուլիսում կասկածի տակ դրեց Բերեզովսկու նշած պատճառները՝ նշելով, որ դարպասապահը պարզապես չի ցանկացել գալ Հայաստան եւ գերադասել է ամբողջությամբ նվիրվել իր ներկայիս թիմին՝ ռուսական «Խիմկիին»։ Վիճակը է՛լ ավելի էր բարդացել նրանով, որ հավաքականի երկրորդ դարպասապահը՝ Արմանդո Համբարձումյանը, վիրահատության էր ենթարկվել եւ չէր կարող մասնակցել հանդիպմանը։ Մարզիչը ստիպված էր վստահել «Փյունիկի» դարպասապահ Գեւորգ Կասպարովին, որը թեեւ գոլ բաց թողեց, սակայն բավական լավ տպավորություն թողեց։

Վնասվածքի պատճառով հանդիպումը բաց թողեց նաեւ «Այաքսի» հարձակվող Էդգար Մանուչարյանը։ Իսկ ահա Արտավազդ Քարամյանի չներկայանալն ամենից շատ էր վրդովվեցրել Ռ. Հայրապետյանին։ Վերջինս իր չգալը պատճառաբանել էր նրանով, որ հավաքական չեն հրավիրում իր եղբորը։ Սա անհասկանալի եւ պրոֆեսիոնալին չսազական հիմնավորում է։ Սակայն հաշվի առնելով ՀՖՖ-ի եւ «Ռապիդի» միջեւ լարված հարաբերությունները՝ հավանական է թվում, որ Քարամյանին թույլ չի տվել Հայաստան գալ իր ակումբը, իսկ վերջինս չի ցանկացել հակամարտության մեջ մտնել թիմի ղեկավարության հետ։

Ինչեւէ, մեր ընտրության հնարավորությունները շատ չեն։ Այնպես որ, պետք է ոգեւորենք այն ֆուտբոլիստներին, որոնք դուրս են գալիս խաղադաշտ։ Ռ. Հայրապետյանն իր ասուլիսի ժամանակ վրդովմունքով նշել էր, որ աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստները պարտության դեպքում լաց են լինում, իսկ մերոնք ծիծաղելով են դուրս գալիս դաշտից։ Ստացվում է՝ ֆուտբոլիստները սովորել են պարտություն կրելուն եւ դրան նորմալ են վերաբերվում։ Նորմալ են վերաբերվում նաեւ հայ ֆուտբոլասերները, որոնք, մեր ունեցած տեղեկություններով, բավական մեծ խաղադրույքներ էին կատարել Բելգիայի հաղթանակի վրա։

Այս դեպքում ֆուտբոլասերը ո՞նց կարող է լիարժեք ոգեւորել իր թիմին, լինել «12-րդ խաղացող»։ Ու զարմանալի չէ, որ մեր տրիբունաներում հաճախակի կարելի է հանդիպել այսպիսի երեւույթի. երբ ինչ-որ մեկը ոգեւորվում, տեղից վեր է ցատկում, կողքից ու ետեւից խրատում են՝ «Ապեր, նստի, խանգարում ես»։ Ու այդ խրատողին համեմատեք երեսներն ազգային հավաքականի գույներով ներկված այն իտալացի երկրպագուների հետ, որոնք 11 մետրանոցներից առաջ աղոթում էին, իսկ հարվածի ժամանակ աչքերը փակում, որ ինֆարկտ չստանան։ Իհարկե, մեր ֆուտբոլը չես համեմատի իտալականի հետ, բայց զգացմունքայնությունը չէր խանգարի։

Մի խոսքով, նախանձելի վիճակում չենք, բայց հուսահատվել էլ պետք չէ։ Մանավանդ, որ նոր մարզչի գալով խաղի բարելավում իրոք նկատվում է։ Ֆուտբոլասերներին տեղեկացնենք, որ մեր հավաքականը հաջորդ խաղն անցկացնելու է հոկտեմբերի 7-ին, սեփական հարկի տակ ընդունելով Ֆինլանդիայի ընտրանուն։ Հուսանք, որ այդ խաղում մերոնք կվաստակեն ընտրական փուլի առաջին միավորը։