Երեկ առավոտյան ժամը 09:15-ի սահմաններում Երեւանի Բայրոն փողոցում աշխատանքի գնալիս, անհայտ անձը կամ անձինք պայթեցրել են ՀՀ Կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի ծառայողական ԳԱԶ 3102 մակնիշի 005 ԼԼ 03 պետհամարանիշի ավտոմեքենան: Պայթյունի հետեւանքով Շահեն Հովասափյանը տեղում մահացել է, իսկ նրա վարորդ Անդրանիկ Չարչյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Հետաքրքիր է, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, վարորդի վիճակը ծանր է եղել: Իսկ ՀՀ դատախազությունից մեզ հայտնեցին, որ վարորդ Ա. Չարչյանը թեթեւ վնասվածքներ է ստացել, եւ երեկ արդեն նրան հարցաքննել են: Պայթյունի պահին մեքենայի մեջ է եղել նաեւ Հովասափյանի որդին` Գրիգոր Հովասափյանը: Բարեբախտաբար, նրան որեւէ բան չի պատահել: Հիշեցնենք, որ 2003թ. հուլիսին գրեթե նույն սցենարով անհայտ անձը կամ անձինք պայթեցրին Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանի ավտոմեքենան։ Նա, բարեբախտաբար, ողջ մնաց: Գործը մինչ այսօր բացահայտված չէ: Մեր տեղեկություններով` հեղուկ գազի մեծածախ շուկայում գործող «Գոշ գազ» (GG) ընկերությունը պատկանում էր Շ. Հովասափյանին: 2005թ. «168 Ժամի» հետ զրույցում Շ. Հովասափյանը հաստատել է, որ ինքը կապ ունի GG-ի հետ այնքանով, որ վերջինիս սեփականատերը Ռոստովում կրթություն եւ Գերմանիայում տնտեսագիտության թեկնածուի կոչում ստացած իր եղբայրն է՝ Հայկազ Հովասափյանը, իսկ ֆիրմայի ֆինանսական հարցերը կարգավորում է իր կինը: GG-ն 2005թ. օգոստոսի դրությամբ ուներ 11 լցակայան: GG ընկերության նախագահ Հ. Հովասափյանը ժամանակին մեր թղթակցի հետ զրույցում ասել էր, որ իրենք ներմուծում են ամսական 600-650 տ հեղուկ գազ, որը կազմում է շուկայի ընդհանուր ծավալի մոտ կեսը: Հովասափյանները բիզնեսներ ունեն եւս երկու ոլորտներում: Նրանց պատկանող «Գոռ եւ Նունե» ընկերությունը զբաղվում է բեռնափոխադրումներով, իսկ «Խիզախ-Գոռ» ՍՊԸ-ն` անասնապահությամբ եւ տանձի լիմոնադի արտադրությամբ: Իրենց ամսական եկամուտը, ըստ Շ. Հովասափյանի, կազմում է մոտ 25 հազ. դոլար, իսկ ընդհանուր կապիտալը` 1 մլն դոլարից մի փոքր ավելի:
Մեր տեղեկություններով` Շ. Հովասափյանին է պատկանում նաեւ «Ֆորում» ռեստորանը, Շենգավիթ համայնքում գտնվող «Ներկերի աշխարհ» խանութը, «Մայգրիգ» գինու գործարանը։ Նա մասնաբաժին ունի «Ձեթ-Օճառ» գործարանում: