ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Արամ Գ. Սարգսյանը մեր թղթակցի հետ զրույցում բացահայտել է, թե ինքն ինչ աղբյուրից է օգտվել Երեւանի կոնյակի գործարանի մասին հայտարարություններ անելու ժամանակ: Իր աղբյուրի մասին նա նաեւ ասել է ԵԿԳ նախագահ Էրվե Կարոֆին, որին իր կյանքում տեսել է ընդամենը մեկ անգամ, այն էլ` ինքնաթիռում: «Եթե շատ է պետք, դա էլ ասեմ, որ ես Կարոֆին ասել եմ. «հարգելիս, ես այդ բոլոր տվյալները վերցրել եմ Պիեռ Լառեչի ստորագրությամբ ուղարկված նամակից, որը նա ուղարկել էր պարոն Ռոբերտ Քոչարյանին»: Նա ինձ հարցրեց` «բա ո՞նց է ձեզ մոտ ընկել այդ նամակը», ասացի` հարգելիս, ինձ շատ ժամանակ են այդպիսի հարցեր տվել, բայց ես նման հարցերին չեմ պատասխանում»,- ասաց նա` նշելով, որ Ռ. Քոչարյանին ուղղված նամակում Պիեռ Լառեչը գրել էր, թե իրենք ինչքան են մթերել, ինչքան են վաճառել: Մեր հարցին, թե` ունե՞ք այդ նամակը, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Բա որ չունենամ, ո՞նց կասեմ նման բաներ»: Ա. Սարգսյանը խոստացավ նամակն ամբողջությամբ հրապարակել պատեհ պահի, իսկ այժմ նա սպասում է ԵԿԳ «գործողություններին»: