Փախուստ անապատից

10/09/2006 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Դու ուզում ես ուղեկցե՞լ, թե՞ առաջնորդել, թե՞ գնալ ինքդ քեզ համար… Պետք է իմանալ, թե ինչ ես ուզում եւ որ ուզում ես։

Ֆրիդրիխ Նիցշե

Սահմանադրության հանրաքվեից հետո ընդդիմության ձայնը, կարծես, չի լսվում։ Խոստացված ժամկետներում հեղափոխություն չանելն արդեն երեսատեղ չի թողել, որ դուրս գան հրապարակներ, մեկուկես դյուժին հանդիսատես հավաքեն ու խոստումներ տան երկրի սահմանադրական կարգը վերականգնելու մասին։ Ասել, թե ժողովուրդը նրանց չի վստահում, սուտ կլինի։ Դեռ վստահում է, բայց իրենք իրենց չեն վստահում, եւ դա է պատճառը, որ կարկառուն գործիչներն ինքնահրկիզվելու փոխարեն ընտրում են «թափով» կուսակցություններին սոսնձվելու ուղին։

Հայաստանում արդեն բոլորը գիտեն, որ հեգեմոնիան պատկանում է օլիգարխներին, եւ ընդդիմադիր լինելը ոչ թե միամտություն է, այլ՝ էշություն։ Հայաստանում արդեն բոլորը գիտեն, որ խոսելու համար պետք է ունենալ ձայն, իսկ ձայնն, ինչպես ընդունված է ասել, պետք է գա տաք տեղից։

Այս պայմաններում ի՞նչ պիտի անի մարդկանց այն խումբը, որը դեռ շարունակում է ժողովրդի կողմից ընկալվել որպես ընդդիմություն։ Հեղափոխության մասին խոսելն արդեն եւ վաղուց անիմաստ է։ Հենց թեկուզ այն պատճառով, որ մոտիկ հեղափոխություններից (վրացական եւ ուկրաինական) մնացել է միայն գույնը։ Դեմիրճյան, Սարգսյան, Մանուկյան, Հովհաննիսյան, գուցե նաեւ` Գեղամյան ցանկի երազած ժողովրդական ալիքը Սահակաշվիլուն եւ Յուշչենկոյին կանգնեցրեց հետհեղափոխական մի իրողության առջեւ, երբ, ինչպես կասեր Վլադիմիր Իլյիչը, ներքեւները ցանկանում են, իսկ վերեւները չեն կարողանում։

Փորձը ցույց տվեց, որ գայիշնիկների գյամերը քաշելով, մի քանի նորահարուստի «ժոշկելով» եւ Արեւմուտքի առաջ «էժաննոց աղջկա» կեցվածք ընդունելով, դժվար է հասնել մի բանի, որը խոստումներում ձեւակերպվում է որպես սահմանադրական կարգի վերականգնում կամ, պարզապես, ժողովրդավարություն։

Եթե չկա գաղափար կամ ավելի ճիշտ գաղափարների հակադրություն, հեղափոխությունը դառնում է կուլտուր-մասսայական միջոցառում։ Սրա վառ ապացույցը 2004-ի ապրիլի 12-13-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «լայնամասշտաբ» հանրահավաքն էր։ Ընդդիմադիր առաջնորդները` գաղափարներ ներդնելու եւ ժողովրդից համապատասխան դիվիդենտներ ստանալու փոխարեն, կազմակերպել էին երգի-պարի համույթ։

Հիմա հեռուստատեսության գործընկերներս ինձ կբռնացնեն «համույթ» բառն օգտագործելու վրա։ Ես նրանց տեքստերում «համույթը» հետեւողականորեն դարձնում եմ «անսամբլ», որովհետեւ, հայտնի բան է, բառը պետք է արմատ ունենա եւ չի կարող կազմված լինել երկու ածանցից, որքան էլ մենք բծախնդիր լինենք մեր լեզվի մաքրության հարցում։

Եվ ուրեմն, վերադառնալով ասեմ, որ գաղափարազուրկ ընդդիմությունը շուտով չի կարողանալու նաեւ կուլտուր-մասսայական միջոցառումներ կազմակերպել, որովհետեւ այդ բանը շատ լավ անում են ԱԼՄ հեռուստաընկերությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչո՞ւ չէ, նաեւ քաղաքապետարանն ու Պաշտպանության նախարարությունը։

Ի՞նչ պիտի անի ընդդիմություն համարվող մարդկանց խումբը, որպեսզի առաջիկա գարնանն ընտրությունները չանցնեն անապատում, որպեսզի մեր երկրի քաղաքական բովանդակությունը լցված չլինի միայն ՀՀԿ-ԲՀԿ վատ բեմադրված հակամարտությամբ։ Ընդդիմությունն իր խաղն արդեն տանուլ է տվել, բայց դեռ կարող է անել մի բան, որը կփոխի դեպքերի ընթացքը։

Ամառվա շոգ ու կրակից հետո ինքնահրկիզման տարբերակը դժվար է քննարկել։ Հատկապես, որ այստեղ հակառակ մրցակցությունն է սկսվելու՝ մեկը մյուսին զիջելու է առաջնությունն ու այդպես էլ պարզ չի դառնալու, թե ո՞ւմ ինքնահրկիզումն ավելի ազդեցիկ կլիներ։

Հաջորդ տարբերակը քաղաքական դաշտից հեռանալն է։ Ընդդիմադիր գործիչները որոշակի պարբերականությամբ հայտարարում են քաղաքականությունից հեռանալու մասին։ Ասենք, երեքշաբթի օրը հայտարարում է Ստեփան Դեմիրճյանը, իսկ ուրբաթ օրը` Վազգեն Մանուկյանը, եւ այսպես շարունակ։ Բայց այստեղ էլ երկու կարեւոր խնդիր կա։ Մեկը դարձյալ առաջնության հարցն է՝ ո՞վ պիտի առաջինը հայտարարի, եւ ի՞նչ երաշխիք, թե իրենից հետո հաջորդն էլ է լինելու։ Երկրորդը՝ նման ակցիա անելու համար պետք է պատրաստել հայտարարության շատ լուրջ տեքստեր։ Ընդդիմության շարքերում դժվար է գտնել մեկին, ով կկարողանա հիմնավոր ու ազդեցիկ տեքստ գրել։

Կորցրած ժամանակն ու իմիջը փրկելու համար կա նաեւ մի երրորդ տարբերակ։ Անկեղծ ասած, 99-ի հոկտեմբերից հետո միակ եւ անփոխարինելի տարբերակն է, բայց դրան գնալու համար քաղաքական կամք ու խիզախություն է պահանջվում։ Դրանով ընդդիմադիրները կարող են ցույց տալ, որ իրենք ոչ թե իշխանություն են ուզում, այլ իսկապես հետաքրքրված են երկրի ապագայով։ Դրանով ընդդիմադիրները կարող են ցույց տալ, որ ժողովրդավարությունը ոչ թե եվրոպաների ու ամերիկաների համար գրպանում պահված անցաթուղթ է, այլ՝ մեկուսացումից արդեն խեղդվող մեր երկրին օդ ու ջրի պես անհրաժեշտ մի բան։

Եվ այս ամենն ընդդիմությունը կարող է ցույց տալ Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին քաղաքական ասպարեզ հրավիրելով եւ իր հավաքական ընտրազանգվածը նրա տրամադրության տակ դնելով։

Իրավիճակը պետք է փոխվի։ Իրավիճակը պետք է փոխվի արմատականորեն։ Պետք է փոխվի ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ տարածաշրջանում։ Հայաստանը հաղթանակներ ունեցել է միայն այն ժամանակ, երբ եղել է ժողովրդավարական, եւ դրանք կարող է պահպանել միայն ժողովրդավարությամբ։