Ես չեմ ուզում անդրադառնալ հայրենի իրավապահների գործունեությանը, քանզի փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ աղմկահարույց սպանությունները, որոնք շատ հաճախակի են դարձել Հայաստանում, ոչ կանխարգելվում են, ոչ էլ, առավել եւս, բացահայտվում: Չեմ կարծում, որ այս դեպքը բացառություն կկազմի: Սակայն այս պահին ցանկություն չունեմ ամեն ինչ բարդել իրավապահների վրա: Որովհետեւ կարծում եմ, որ չարաբաստիկ սպանությունների շարանի մեղավորը ողջ հասարակությունն է, որի համար այս իրողությունը վաղուց արդեն սովորական բնույթ է կրում: Մեղավոր ենք մենք` լրագրողներս, որովհետեւ երբ Ռուսաստանում «սքինհեդները» հայ են սպանում` մենք ոռնոց ենք բարձրացնում, որ սպանությունն ազգամիջյան հողի վրա է կատարված: Սակայն, երբ մեր «քթի տակ», օրը ցերեկով, ամիսը մի քանի անգամ հայերը հայեր են սպանում, մենք ընդամենը փաստերն ենք արձանագրում: Մենք ազգովի եւ պետական մասշտաբով օրուգիշեր պայքարում ենք, որպեսզի միջազգային հանրությունն ընդունի Արեւմտյան Հայաստանում 20-րդ դարի սկզբին թուրքերի կողմից իրականացրած հայոց ցեղասպանության փաստը: Իսկ հետաքրքիր է, ո՞վ պետք արձանագրի այն փաստը, որ 21-րդ դարի սկզբին անկախ Հայաստանում մենք ինքներս ենք մեզ բնաջնջում: Ընդ որում, որտեղ պատահի` խորհրդարանում ու փողոցում, սեփական տանն ու մեքենայի մեջ, ռեստորանում ու շքամուտքում: 15-ամյա անկախ Հայաստանում «առաջադեմ» Եվրոպայի պահանջով արդեն մի քանի տարի է` հանված է մահապատիժը: Բայց, ինչպես ասում են ռուսները, «սվյատո մեստո պուստո նե բիվայետ»: Եվ երբ իրավապահ մարմիններին օրենքով արգելված է կիրառել մահապատիժ, ապա այն սկսում են կիրառել քրեածին էլեմենտները` «սամասուդի» սկզբունքով: Որովհետեւ նրանք համոզված են, որ եթե անգամ իրավապահ մարմինները «հանկարծ սխալվեն» ու բռնեն իրենց, ապա «մաքսիմում» մի քանի ամիս կպահեն, հետո բաց կթողնեն: Իսկ նման դեպքերում նույն ռուսները մեկ այլ ասացվածք ունեն. «Պրոտիվ լոմա նետ պրիյոմա, եսլի նետ դրուգովո լոմա»:
Մի փոքր շեղվենք թեմայից եւ հիշենք կենդանական աշխարհը: Մեր չորքոտանի բարեկամներն իրենց նմաններին չեն ոչնչացնում(բացառությամբ շնաձկների եւ բորենիների), եթե նրանց մոտ չեն նկատվում կատաղության սիմպտոմներ: Ո՞րն է պատճառը, որ հայերն այսքան «կատաղել են»: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների` մեր պետությունն օր օրի զարգացման այնպիսի տեմպեր է գրանցում, որ սոցիալական պատճառները բացառվում են: Հայաստանն ի սկզբանե մոնոէթնիկ պետություն է: Հետեւաբար` ազգամիջյան դրդապատճառները եւս բացառվում են: Կենցաղային հողի վրա դժվար այդքան շատ «վայրենանայինք»: Մնում է երկու պատճառ` քաղաքական եւ տնտեսական, որոնք արդի Հայաստանում նույն բանն են: Ի դեպ, հայերն էլ ունեն ասացվածքներ, մասնավորապես` «Որտեղ հաց, այնտեղ կաց»: Իսկ Հայաստանում այսօր հաց կա միայն իշխանությունում: Դրա համար էլ մարդկանց մոտ արթնանում են այնպիսի կենդանական բնազդներ, ինչպիսիք անգամ կենդանիների մոտ շատ հազվադեպ են նկատվում: Սեւակն ասում էր. «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»: Եթե այսպես շարունակվի` մենք շատ կքչանանք, եւ, որ ամենասարսափելին է, մեզ այլեւս ոչինչ չեն ասի: Որովհետեւ կարեւոր չէ, թե ով է սպանվածը` վարչապե՞տ, թե՞ լրագրող, նախարա՞ր, թե՞ խանութի վաճառող, պատգամավո՞ր, բանվո՞ր, թե՞ գյուղապետ: Նրանք բոլորն էլ հայ են, Հայաստանի քաղաքացի, որոնց բոլոր իրավունքները պաշտպանված են Սահմանադրությամբ:
Այնուամենայնիվ, ես լավատես եմ եւ համոզված եմ, որ շատ շուտով «սամասուդն ու բեսպրեդելը» կվերանան: Հենց միայն այն պատճառով, որ հայերենում այդ բառերի թարգմանությունը գոյություն չունի: Ես նաեւ հայ քրիստոնյա եմ, եւ համոզված եմ, որ հայերը, լինելով առաջին քրիստոնյա ազգը, կհիշեն բոլոր պատվիրանները, որոնք, Հայաստանում վերջին տարիներին համարյա իսպառ մոռացվել են: Եվ ամենակարեւորը` մենք երբեք չենք մոռանա «ՄԻ ՍՊԱՆԻՐ» պատվիրանը: