Ֆորպոստի «զամպալիտը»

10/09/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Հայ ժողովրդի մեծ բարեկամների» թիվը երեկ ավելացավ եւս մեկով։ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին Մոսկվայում հայտարարեց, թե նախկին Խորհրդային Միության տարածքի չճանաչված երկրներում` Մերձդնեստրում, Հարավային Օսիայում, Աբխազիայում եւ Ղարաբաղում, պետք է հանրաքվեներ անցկացվեն, եւ այդ երկրները պետք է անկախանան։ Բայց մի շտապեք Վլադիմիր Վոլֆովիչին սրբերի կարգը դասել եւ պատվիրել նրա բրոնզաձույլ կիսանդրին։ Ընդամենը հինգ րոպե անց նա հայտարարեց, թե լավ կլինի, որ բոլոր այդ չճանաչված պետությունները մտնեն Ռուսաստանի կազմի մեջ։ Եվ ընդհանրապես, ըստ նրա, նախկին խորհրդային բոլոր հանրապետությունները նույնպես պիտի շտապեն մտնել Ռուսաստանի կայսրության մեջ, որպեսզի լավ ապրեն։

Ռուսաստանում այսպիսի ասացվածք կա. «Այն, ինչ իշխանությունների մտքում է, Ժիրինովսկու շուրթերին է»։ Այս էքսցենտրիկ անձնավորությունը, որի մայրը ռուս էր, հայրը` իրավաբան, այնքան սիրալիր գտնվեց, որ ԼՂՀ Անկախության 15-րդ տարեդարձից բառացիորեն երեք օր անց եւ ՀՀ Անկախության 15-րդ տարեդարձից երկու շաբաթ առաջ հրապարակավ հայտարարեց, թե այդ անկախությունը ոչինչ չարժե, եւ չճանաչված երկրները պետք է վերադառնան «իրական տիրոջ»` Ռուսաստանի կայսրության գիրկը։ Ասվածը մեզ համար իսկապես ցավալի էր` այն պարզ պատճառով, որ ցույց է տալիս, թե իրականում ինչ վերաբերմունք ունի ռուսական ավանդական (կայսերապաշտական) քաղաքական միտքը Հայաստանի նկատմամբ։

Բացատրենք։ Աբխազիան ձգտում է անկախանալ Վրաստանից, եւ ընդհանուր տպավորությունն այնպիսին է, թե առանձնապես դեմ չէր լինի նաեւ Ռուսաստանին միանալու տարբերակին։ Հարավային Օսիան այսպես թե այնպես ձգտում է մտնել Ռուսաստանի կազմի մեջ, որովհետեւ ձգտում է միավորվել Հյուսիսային Օսիայի հետ, որը ՌԴ կազմում է։ Իսկ Մերձդնեստրն ընդհանրապես էթնիկ կազմավորում չէ` այնտեղ ռուսներ եւ ուկրաինացիներ են ապրում, ովքեր պարզապես չեն ցանկանում մնալ Մոլդովայի կազմում։ Եվ, ի դեպ, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ բոլոր այս երեք հակամարտություններում էլ Ռուսաստանը գաղտնի (երբեմն` նաեւ բացահայտ) աջակցել է չճանաչված հանրապետություններին։

Ղարաբաղի դեպքում իրավիճակը միանգամայն այլ է։ Այստեղ կա անկախ պետություն` Հայաստանի Հանրապետությունը (որն, ի դեպ, սահմանակից չէ Ռուսաստանին), եւ հասկանալի չէ, թե ինչո՞ւ պիտի ԼՂՀ-ն պայքարի օտար պետության կազմից դուրս գալու համար եւ մտնի մեկ այլ օտար պետության կազմի մեջ։ Այն էլ` այնպիսի պետության, որտեղ միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում ավելի շատ հայ է սպանվել, քան Շուշիի ազատագրման օպերացիայի ժամանակ։

Ամենացավալին այստեղ այն է, որ ռուսական ավանդական քաղաքական միտքը մեզ պարզունակ պապուասների տեղ է դրել։ Նրանց թվում է, թե կարելի է մի քանի բառ ասել հայկական պատմական տարածքների, Արարատ լեռան եւ Նոյ նահապետի մասին, Ղարաբաղն անվանել «Արցախ», եւ վերջ. հայ ժողովրդի ծնկները հիացմունքից կծալվեն, ու մենք որպես երկնային արքայություն կընդունենք ֆորպոստի մեր կարգավիճակը։ Մինչդեռ իրականությունն այն է, որ Ռուսաստանը երեք անգամ միջամտել է Ղարաբաղի ճակատագրին (մի անգամ` ցարի օրոք, մի անգամ` խորհրդային տարիներին, եւ վերջին անգամ` հիմա), եւ երեք անգամ էլ խնդիրը լուծել է հօգուտ Ադրբեջանի։ Իրականությունն այն է, որ այսօր Ռուսաստանը միայն խոսքով է մեր «ռազմավարական դաշնակիցը», իսկ գործնականում Հայաստանի հետ վարվում է այնպես, ինչպես ստրկատերը` ստրուկի հետ. երբ ուզում` ճանապարհները փակում է, պարտքի դիմաց ինչ ուզում` վերցնում է, եւ այլն։

Ինչ վերաբերում է չկարգավորված հակամարտություններին, ապա ակնհայտ է, որ այստեղ եւս Ռուսաստանը լուրջ դերակատարում ունի։ Բանն այն է, որ Ռուսաստանին բացարձակապես ձեռնտու չէ, որ այդ հակամարտությունները կարգավորվեն։ Օրինակ` մեր դեպքում հասկանալի է, որ եթե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի, Հայաստանը դուրս կգա Ռուսաստանի ազդեցության տակից եւ կդադարի լինել ՌԴ ֆորպոստը։ Ուստի բնական է, որ Ռուսաստանը պիտի ամեն ինչ անի, որպեսզի հակամարտությունը չկարգավորվի։

Բայց վերջերս Ռուսաստանում տեսնում են, որ Հայաստանում սկսել են հասկանալ այս ամենը։ Այնտեղ տեսնում են, որ Հայաստանում զուգահեռաբար երկու պրոցեսներ են ընթանում. աճում են հակառուսական տրամադրությունները, եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ գործընթացներն ակտիվանում են։ Իսկ ինչպե՞ս կանխել դա։ Եվ ահա Վլադիմիր Վոլֆովիչի շուրթերով «քսիֆ» է ուղարկվում. «ոչ մի դեպքո՛ւմ, ի՞նչ փոխզիջում, դրանք ձեր պատմական տարածքներն են, Նախիջեւանն էլ հետը, ոչ մի բանի չհամաձայնվեք, մենք ձեր կողքին ենք»։

Թե ինչպես են «մեր կողքին»` մի քանի անգամ արդեն տեսել ենք։ Որպես կանոն, դրանից հետո այդ տարածքներում հայ չի մնում։ Փոխարենը` վերելք է ապրում ռազմահայրենասիրական ոգին։ Իհարկե` «հավերժ ռուս ժողովրդի հետ» կարգախոսի շրջանակներում։