Գնաճը չնկատելու նպատակադրված քաղաքականություն

10/09/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

Ի տարբերություն շոգերի` արձակուրդներն ավարտվեցին: Ընդ որում` միանգամից: Աշխատանքի լծվեցին բոլորը` իշխանություններից մինչեւ քրեական աշխարհ: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց տնտեսության վիճակի համապարփակ տվյալներ: Ամենացնցողն իհարկե այն է, որ երկնիշ տնտեսական աճ արձանագրելուն զուգահեռ նվազել են արտահանումները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումները հունվար-հուլիս ամիսներին կրճատվել են 2,2 տոկոսով: Մեր տնտեսական ղեկավարությունը մեծ հույսեր էր կապում հուլիս ամսվա հետ: Հույս կար, որ գյուղատնտեսության հաշվին կարելի կլինի շտկել մակրոտնտեսական տխուր վիճակը: Սակայն պարզվեց, որ հունիսի համեմատ հուլիսին արտահանումները կրճատվել են մոտ 14 տոկոսով: Սա իհարկե իր բացատրությունն ունի` փակ է Վերին Լարսի անցակետը: Այսինք` Ռուսաստանը մեզ պատմական շանս տվեց իրագործելու հարյուր տարի շրջափակման մեջ զարգանալու մեր արտգործնախարար Վարդան Օսկանյանի ծրագիր-տեսլականը: Վիճակագրական ծառայությունը արձակուրդից վերադարձածի խանդավառությամբ նորանոր հրապարակումներ է անում: Ամենավերջինը «Սպառողական գների ինդեքսն» է հունվար-օգոստոս ամիսներին: Այս հրապարակումը տարօրինակորեն համընկավ ՀՀ նախագահի մարզային այցերի հետ: Պաշտոնական մամուլը շռայլորեն ներկայացնում էր գյուղմթերքներ վերամշակող ձեռնարկություններն, ուր այցելեց Ռոբերտ Քոչարյանը: Ձեռնարկությունների սեփականատերերը ձեռքով մուրաբա լցնող կանանց ֆոնին պատմում էին տնտեսական հաջողությունների եւ ներդրված նոր տեխնոլոգիաների մասին: Ճիշտ այս պահին հրապարակված պաշտոնական տվյալներն արձանագրում էին այն, ինչ գիտի երկրի ցանկացած տնային տնտեսուհի` Հայաստանում գները աճում են: Ընդ որում, աճում են աննախադեպ տեմպերով: Քանի որ ամբողջ աշխարհում սպառողները, մեղմ ասած, պակաս վստահություն ունեն վիճակագրական տվյալների նկատմամբ, այս ոլորտի մասնագետներն իրենց հավաստիությունն ապացուցելու խնդիր ունեն: Ուստի նրանք փորձում են նույն տվյալը տարբեր համեմատություններով ներկայացնել: Պարենային մթերքներն, օրինակ, ներկայացվում են եւ տարվա սկզբին արձանագրված գնի հետ համեմատված եւ սեզոնային գնի հետ: Գյուղմթերքների գներն իսկապես պետք է դիտարկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ունեցած գների հետ: Իսկ նման համեմատությունը տխուր պատկեր է ի ցույց դնում: Ազգային վիճակագրության ծառայությունը հավանաբար ընդհանուր պատկերը մեղմելու նպատակով նախ մի վերացական թիվ է հրապարակում` գնաճը անցած տարվա օգոստոսի համեմատ կազմել է 7 տոկոս: Երբ փորձում ես առանձին ապրանքատեսակների գնաճի տվյալներն ու գրաֆիկներն ուսումնասիրել, չես հասկանում, թե ինչպես է ձեւավորվել այդ ընդհանուր 7 տոկոսը: Եվ այսպես, Կենտրոնական բանկի աչքից հեռու, պաշտոնապես հայտարարվում է` բանջարեղենի գները նախորդ տարվա համեմատ աճել են 50 տոկոսով: Կաղամբի, գազարի գինն աճել է 2 անգամ: Կարտոֆիլը թանկացել է 80 տոկոսով եւ շարունակում է թանկանալ: Այս մթերքի գինը նախորդ տարիներին բարձր էր մայիսին, իսկ հունիսից նվազում էր: Կենտրոնական բանկը, ում խնդիրը գների կայունությունն ապահովելն է, հաճախ է իր անհասկանալի քայլերը ներկայացնում որպես գների հնարավոր աճը մեղմելու նպատակ: Նույն Կենտրոնական բանկի տվյալներով անցած տարի օգոստոսին մեկ ԱՄՆ դոլարի փոխարժեքը 460 դրամ էր: Ես հասկանում եմ, որ դրամը գյուղմթերք չէ, եւ նրա գինը` փոխարժեքը նախորդ տարվա օգոստոսի հետ համեմատելը կարող է ոչ պարտադիր համարվել: Սակայն շատ պարենային ապրանքների իրական գնաճը հասկանալու համար փոխարժեքը նշելն անհրաժեշտ է: Նախ` այն պատճառով, որ այդ ապրանքները Հայաստանում չեն արտադրվում, կամ եթե արտադրվում են, ապա ներքին շուկան «կիսում» են ներմուծված նույն ապրանքատեսակների հետ: Օրինակ, ոգելից խմիչքների եւ ծխախոտի ոլորտում պաշտոնապես համարյա գնաճ չկա: Սակայն ակնհայտ է, որ մեծ իրացվելիություն ունեցող այս ապրանքատեսակներն արտադրողներն ու ներմուծողները խոշոր շահույթ են ունեցել նաեւ տարադրամի արժեւորման հաշվին: «Ողբերգական» ծավալի գնաճ կարելի էր արձանագրել նույն իրացվելիության աստիճանն ունեցող մեկ այլ մթերքի համար: Նախորդ տարվա համեմատ շաքարավազի գնաճն օգոստոսին կազմել է 35 տոկոս: Այս գնաճը ներմուծողները (կամ մոնոպոլիստ ներմուծողը) հանգիստ խղճով կարող են ավելացրել են ԿԲ-ի նվերը: Պաշտոնապես նախորդ տարվա համեմատ դոլարի փոխարժեքը նվազել է 12,8 տոկոսով: Այս երկու տվյալների համադրումը կարող է տալ գնաճի իրական պատկերը: Ու այս դեպքում, թերեւս, հասկանալի կդառնա, թե ինչու երկնիշ տնտեսական աճ ունեցող երկրի երջանիկ բնակչությունը պահանջում է կայարանամերձ հրապարակում դնել, ոչ թե երկրի ղեկավարների (ասենք` Տիգրան Սարգսյանի), այլ Տիգրան Կարապետիչի արձանը: Չնայած խմբարձանն էլ վատ չէր նայվի: