ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անբարեխիղճ մրցակցության ու գործունեության համար տուգանել է մի շարք տնտեսվարող սուբյեկտների: Այդ «անբարեխիղճները» հիմնականում անհայտ կամ հասարակությանը քիչ հայտնի ընկերություններ են:
«Անբարեխիղճներից» ամենահայտնին «Էրեբունի ալկո» ընկերությունն է, որը հայտնի է իր արտադրած համանուն օղիով: Բայց այդ ընկերության անբարեխղճությունն արտահայտվել է իր «Սնեժոկ» անվանումով օղու պիտակի վրա «Բելուգա» ապրանքային նշանի օգտագործումով: Դրա համար հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «Կարթագեն Ալկո» ընկերությունը, որին էլ տասը տարի ժամկետով սեփականության իրավունքով պատկանել է «Բելուգա» ապրանքանիշը: Հանձնաժողովն ուսումնասիրել եւ պարզել է, որ «Էրեբունի Ալկոյի» անունով «Սնեժոկ» ապրանքային նշան գրանցված չկա: Հետեւաբար հանձնաժողովը գտել է, որ «Էրեբունի Ալկոյի» այդ քայլն ապօրինի է եւ սպառողների մոտ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսվարող սուբյեկտի առաջարկած ապրանքի նկատմամբ: «Էրեբունի Ալկոն» այդ քայլի համար տուգանվեց 100.000 դրամով:
Նման անբարեխիղճ գործունեություն է ծավալել նաեւ «Արգիշտի» ընկերությունը, որն արտադրել եւ վաճառել է «Գժել» անվանումով օղի: Պարզվում է, որ այս օղու «պիտակների բառային, պատկերային եւ գունային համադրությունները շփոթության աստիճան նմանեցված են ռուսական «Մոսկովսկի զավոդ Կրիստալ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, 1993 թ. քսան տարով միջազգային գրանցում ստացած «Գժելկա» ապրանքային նշաններին»: Հանձնաժողովը «Արգիշտիին» էլ է 100.000 դրամով տուգանել: Ուղղակի մեր ընթերցողներին հիշեցնենք, որ «Գժելկա»-ի դեպքում սա կեղծման առաջին դեպքը չէ: Անցած տարի նույն հանձնաժողովն այս ապրանքանիշի կեղծման համար տուգանեց մեկ այլ ընկերության: Եվ այս փաստից տպավորություն է ստեղծվում, որ մեր օղի արտադրողները աչք են դրել «Գժելկա» ապրանքանիշի վրա: Բայց այս պարագայում մեկ այլ տպավորություն էլ է առաջանում՝ կարծես թե «Գժելկա»-ի վրա աչք է դրել մի տնտեսվարող, ուղղակի որոշ ժամանակ այդ ապրանքանշանը նմանակելով՝ իր օղին արտադրելուց, վաճառելուց եւ «բռնվելուց» հետո փոխում է իր իրավաբանական անունը: Հնարավոր է, որ նախկին կեղծողներն էլ «Արգիշտիի» սեփականատերերն են եղել, ուղղակի յուրաքանչյուր տարի նոր ընկերություն են գրանցում: Այս առումով չի բացառվում, որ 2007թ. «թՋպսՍՈ»-ի ապրանքանիշը կեղծի մեկ այ ընկերություն: Ի՞նչ է եղել, որ ընկերություն գրանցելու համար ընդամենը 60-70 հազար դրամ է անհրաժեշտ: Կվճարեն, կբացեն, նորից կկեղծեն: Հանձնաժողովը նորից կբռնի, կտուգանի, բայց մինչեւ տուգանելը կեղծողներն իրենց շահույթը ստացած կլինեն: Նման դեպքերի առկայության պայմաններում դժվար է ասել` մեր տնտեսության մրցակցությունը լավ պաշտպանված չէ՞, թե՞ մեր տնտեսվարողներն են շատ ճկուն: Ինչեւէ:
Մեր տնտեսության մրցակցությունը պաշտպանող հանձնաժողովը ուսումնասիրություններ է կատարել նաեւ սուրճի, մարդատար ավտոմեքենաների նոր անվադողերի, շոկոլադի շուկաները եւ գտել է, որ այստեղ անբարեխիղճ մրցակիցներ չկան: Սակայն հանձնաժողովն այստեղ մի հետաքրքիր ու «անմեղ» փաստ է արձանագրել՝ անվադողեր ներկրող ամենամեծ սուբյեկտը «Մեծ անիվ» ընկերությունն է, որը գրավում է շուկայի 30 %-ը, եւ երկրորդ տեղը զբաղեցնող իր մրցակցին ծավալներով գերազանցում է 3.5 անգամ: Այս ընկերությունը պետական հաշվետվություններում մեկ անգամ էլ է հիշատակվել:
Հուլիսին Հարկային պետական ծառայությունը հրապարակել էր խոշոր հարկատուների ցուցակը, եւ այս ընկերությունը նորից աչքի էր ընկել իր վճարած հարկերի պատկառելի քանակով՝ մոտ 0,5 մլրդ դրամ: Հիշեցնենք, որ այս ընկերությունը գործում է Ռ. Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանի հովանու ներքո: Երբ Ա. Թումանյանն իր պաշտոնին էր, այս ընկերությունը աչքի չէր ընկնում ո՛չ իր վճարած հարկերով, ո՛չ էլ շուկայում զբաղեցրած դիրքով: «Մեծ անիվ» անվանը մենք հանդիպում էինք հիմնականում գովազդներում: Ա. Թումանյանի հրաժարականից հետո այս ընկերության անունը հայտնվել է խոշոր տնտեսվարողներին վերաբերող տարբեր ցուցակներում:
Պահանջված տեղեկատվությունը չտրամադրելու համար Տնտեսության մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 500 հազարական դրամով տուգանել է նաեւ կահույքի, պրոֆիլի, ապակու, ավիատոմսերի վաճառքի շուկաներում գործող 18 տնտեսվարող սուբյեկտների: Այսինքն` այս տնտեսվարողները հանձնաժողովին իրենց գործունեության մասին տեղեկատվություն չտալու համար տուգանվել են: Առաջին հայացքից այս հանգամանքն էլ նորմալ է թվում, եւ ողջունելի է մեր հանձնաժողովի հետեւողականությունը: Սակայն, եթե մտածում ենք, որ 500 հազար դրամով հնարավոր է եղել թաքցնել, ասենք, կահույք արտադրողի գործունեության ողջ ծավալը, տեսնում ենք, որ մեր տնտեսությունն այնքան էլ պաշտպանված չէ: Ի՞նչ է եղել, որ, կահույք արտադրողն ընդամենը մի բազմոցի եւ երկու բազկաթոռների գնի չափ տուգանք է վճարում եւ թաքցնում է ողջ տարվա իր արտադրանքը՝ խուսափելով նաեւ հարկեր վճարելուց: Նա կարող է այդպես վարվել ամեն տարի:
Միգուցե՞ մեր տնտեսվարողներն են շատ ճկուն, որ հարկերից խուսափելու համար գյուտեր են հորինում: Ուրեմն, նույնքան ճկուն է նաեւ տնտեսության մրցակցության հանձնաժողովը, որ ամեն տարի բացահայտում է նրանց, 100.000, 500.000 կամ 1 մլն դրամ տուգանք գանձում ու իր հաշվետվություններում ներկայացնում, թե ինչքան շատ խախտումներ է հայտնաբերել: Սակայն այս հանձնաժողովի թրի տակ երբեք չեն ընկնում հասարակությանը հայտնի՝ ներկրման ոլորտում մոնոպոլ, ըստ այդմ` նաեւ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները: Հանձնաժողովն իր գոյությունն ապացուցելու համար տուգանելուց եւ պատժելուց բավարարվում է մանր-մունր ընկերություններով: Ու նման երեւույթները, եւ ամեն տարի «թՋպսՍՈ»-ի ապրանքանիշի կեղծումը մեկ անգամ եւս ապացուցում են, որ մեր տնտեսությունն ընդհանրապես պաշտպանված չէ: