Կոմանդոսի դասերը

10/09/2006

ՀՀ անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ շարունակվում է այսպես կոչված բաց դասերի անցկացումը հանրակրթական դպրոցներում, որոնք անց են կացնում հայտնի հասարակական-քաղաքական գործիչները: Երեկ էլ նման մի դաս Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 198 դպրոցի 9-10-րդ դասարանցիների համար անցկացրեց Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս): Աշակերտներին հետաքրքրում էր, թե ասենք ինչպե՞ս էր կազմակերպվում վիրավորների բուժօգնությունը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Ա. Տեր-Թադեւոսյանն էլ նրանց տեղեկացրեց, որ բազմաթիվ բժիշկներ Հայաստանի տարբեր մարզերից կամավոր մեկնում էին ռազմաճակատ: Ըստ Ա. Տեր-Թադեւոսյանի` բժիշկների քանակը երբեմն ավելի շատ էր լինում, քան անհրաժեշտ էր: Ա. Տեր-Թադեւոսյանը դպրոցականներին նաեւ պատմեց, որ պատերազմի ժամանակ ավելի շատ կամավորներ են եղել, քան համապատասխան քանակի զենք: Հայտնի զինվորականն աշակերտներին նաեւ հայտնեց, թե ինքը չի Շուշին ազատագրել: «Զինվորները վերցրել են, գրել են իմ վրա»,- նշեց նա: Ա. Տեր-Թադեւոսյանը նաեւ նշեց, թե եթե «վաղը կռիվ լինի, եւ մենք Բաքուն վերցնենք, չեմ զարմանա»:

Ռ.Թ.