Նամակ Աղվան Հովսեփյանին

06/05/2005

«Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը հունվարի 11-ին նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ նշելով, որ հոկտեմբերի 13-ին իրենց խմբագրության վրա կատարված ավազակային հարձակման փաստը նախաքննական մարմնի ջանքերով կեղծվել է, եւ ինքը չի պատրաստվում մասնակցել այդ դատական գործընթացներին: Նա Ա. Հովսեփյանին առաջարկում է նախաքննական նոր մարմին ստեղծել, որն օբյեկտիվ կուսումնասիրի փաստը, հակառակ դեպքում, ինչպես Ս. Ալեքսանյանն է վստահեցրել, ինքն իր ոտնահարված արժանապատվության պաշտպանությունը կփնտրի ոչ իրավական դաշտում եւ՝ «կօգտագործեմ այն նույն մեթոդները, որ կիրառել են խմբագրության վրա»: Ի դեպ, նույն նամակում Ս. Ալեքսանյանը գլխավոր դատախազին տեղեկացրել է, որ նույն հանցագործների միջոցով վերջերս աշխատանքից ազատել են նաեւ իր կնոջը, ինչի համար «տեղական իշխանը իրականում վերակազմավորվող Գորիսի գրադարանը ձեւակերպեց իբրեւ լուծարում»: Վերջում թերթի գլխավոր խմբագիրը նկատում է. «Այս ամենը միանգամայն այլ ընթացք կստանար, եթե նախաքննական մարմինը չգրկախառնվեր տեղական ցեցերի ու մայրաքաղաքային մեկ-երկու հաստափորների հետ»: Նա նաեւ միաժամանակ հույս է հայտնում, որ «կամայականության այս հանդեսի կազմակերպիչներն ու ոգեշնչողները, ինչպիսի ծիրանի էլ այսօր լինեն, վաղ, թե ուշ, հայտնվելու են պատմության աղբանոցում», իսկ Սյունիքում իր ամբողջ ուժով գործելու է ՀՀ Սահմանադրությունը: