Իրանի միջուկային խռովությունը

10/09/2006 Ալեքսանդր ԱՂԱՄԱԼՅԱՆ

Իրանը մինչեւ օգոստոսի 31-ը չդադարեցրեց ուրանի հարստացման ծրագիրը։ Նաթանայի միջուկային կենտրոնում ապրիլից աշխատում են 164 ցենտրիֆուգ, որոնք հարստացնում են ուրանը։ Եթե «Վեցնյակը» կարողանար Թեհրանին համոզել հրաժարվել ուրանի հարստացումից, ենթադրվում էր Իրանին օգնություն ցույց տալ իր միջուկային ծրագրի հարցում, տրամադրել մի շարք առեւտրային ազատություններ եւ անվտանգության երաշխիքներ։ Համաձայնեցված էին նաեւ այնպիսի «խրախուսական» միջոցներ, ինչպես Իրանին թեթեւ ջրի հիմքի վրա ռեակտորների տրամադրումը եւ օգնություն իրանական ավիացիոն եւ ավտոմոբիլային արդյունաբերության հարցում։

Հուլիսի 31-ին կայացավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր նիստը, որի արդյունքում, երկար բանավեճերից հետո, ընդունվեց 1696 բանաձեւը։ Նրա հիմնական իմաստն այն է, որ սեպտեմբերի 1-ին պետք է հավաքվել մի նոր նիստի եւ քննարկել Իրանի դեմ խիստ պարժամիջոցների կիրառումը, եթե Թեհրանը մինչեւ օգոստոսի 31-ը չդադարեցնի աշխատանքներն ուրանի հարստացման վերաբերյալ։ Ըստ որում, եթե չլիներ Ռուսաստանի եւ Չինաստանի դիրքորոշումը, ԱՄՆ-ի ծրագրի համաձայն, պատժամիջոցները պետք է գործի դրվեին սեպտեմբերի 1-ից ավտոմատիկորեն, առանց նոր նիստի եւ քննարկման։ Իրանի բարձրագույն ղեկավարությունը բազմիցս շեշտել է, որ չի վախենում պատժամիջոցներից եւ թույլ չի տա, որ իր հետ խոսեն վերջնագրի լեզվով։

Դեռ հունիսին ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը կարողացավ Մոսկվայից կորզել խոստում` սատարել Թեհրանի դեմ ոչ էական պատժամիջոցներին (արգելք ներկրելու այդպիսի ապրանքներ, որոնք կապված են միջուկային արդյունաբերության հետ), եթե Իրանը հրաժարվի դադարեցնել ուրանի հարստացումը։ Սակայն, ինչպես նշում են փորձագետները, հիմա դա ակնհայտորեն քիչ է Թեհրանին ստիպելու համար համագործակցել միջազգային հանրության հետ։

Լիբանանի զանգվածային ռմբակոծությունը պետք է հանդիսանար հզոր նախազգուշացում Իրանի համար։ Սակայն Իրանը, ինչպես պնդում է «The New York Times»-ը, լիբանանյան ճգնաժամի արդյունքներով` ընդհակառակը` ամրապնդեց սեփական դիրքերը, ցույց տալով ամբողջ աշխարհին` ինչ մասշտաբի ճգնաժամ ինքը կարող է հրահրել Մերձավոր Արեւելքում իր հսկողության տակ գտնվող «Հըզբոլլահի» միջոցով։ Իսրայելի պաշտպանության բանակը, լինելով ամենահզոր ուժը ռեգիոնում, ամսվա ընթացքում այդպես էլ չկարողացավ հասնել դրված նպատակներին։

Թվում է, որ ռմբային հարվածն Իրանին, որը երեւի արդեն մշակված է Պենտագոնում, կլինի ոչ ավելի էֆեկտիվ եւ չի տա հարյուր տոկոսանոց համոզմունք, որ Թեհրանը չի կարողանա շարունակել իր միջուկային ծրագիրը։ Կասկածից վեր է, որ եթե ԱՄՆ-ը սկսի պատերազմական գործողություններ Իրանի դեմ, իրանցիները կհամախմբվեն Ահմադինեջադի եւ նրա հոգեւոր հայրերի շուրջ` Իրանի պրեզիդենտի վարկանիշը երկրում արդեն հիմա զգալիորեն բարձր է Ջորջ Բուշի վարկանիշից ԱՄՆ-ում։

Կլինե՞ն պատժամիջոցներ

ԱՄՆ-ը արդեն նախապատրաստել է սանկցիաների ցուցակ, որի ընդունումը նրանք կպահանջեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից։ Առաջին հերթին, դա կապված է միջուկային սարքավորումների եւ նյութերի ներկրման սահմանափակման հետ։ Դրանից բացի, ԱՄՆ-ը փորձում է դժվարացնել Իրանի մուտքը միջազգային ֆինանսական շուկաներ եւ կպահանջի սառեցնել Իրանի արտասահմանյան ակտիվները։ Եթե Վաշինգտոնին չհաջողվի ձեռք բերել իրենց եվրոպական գործընկերների, ինչպես նաեւ` Ռուսաստանի եւ Չինաստանի համաձայնությունը, ապա նրա ճիգերը ջուրը կընկնեն։ ԱՄՆ-ից բացի, Անվտանգության խորհրդի բոլոր անդամներն ունեն զգալի տնտեսական հետաքրքրություններ Իրանում եւ չեն ուզենա օգնել ամերիկացիներին իրենց իսկ հաշվին։ Վետոյի իրավունք ունեցող Ռուսաստանը եւ Չինաստանը չեն սատարի կոշտ միջոցներին, ուղղված Թեհրանի դեմ։ Դրանից բացի, ՄԱԿ-ի բանաձեւերն արդեն վաղուց աշխարհում չեն դիտարկվում ինչպես հարկադիր մի բան, ինչը երեւաց Իսրայելի եւ «Հըզբոլլահի» կոնֆլիկտի օրինակի վրա։

Դրան ավելացրած` կարելի է ասել, որ Իրանի դիրքորոշումը զուրկ չէ ներքին տրամաբանությունից։ ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին իր միջուկային ծրագրի օգնությամբ ատոմային ռումբ ստեղծելու մեջ։ Սակայն ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության տեսուչները հետազոտել են Իրանի բոլոր միջուկային օբյեկտները եւ բարձր հարստացված ուրանի հետքեր չեն հայտնաբերել։ ԱՄՆ-ը նույնպես ի վիճակի չէ ներկայացնել որեւէ ապացույց, որ Իրանը խախտել է միջուկային զենքի չտարածման պայմանագիրը։ Կան միայն կասկածներ, եւ այդ դեպքում ի՞նչ պատժամիջոցների մասին է գնում խոսքը։

Մյուս կողմից` կուտակված միջուկային զենքը բավարար է, որպեսզի մի քանի անգամ ոչնչացվի կյանքը մեր մոլորակի վրա։ Այդ պատճառով պարզ է, որ «միջուկային ակումբի» ընդլայնումը շատ վատ է ընդունվում նրա անդամների կողմից, որոնց համար միջուկային զենքը հանդիսանում է զսպող ֆակտոր, որն օգնում է պահպանել «ստատուս-քվոն»։

Բայց Իրանը դժգոհ է հենց ուժերի տեղաբաշխումից։ Ունենալով 70 միլիոն բնակչություն եւ հարուստ վառելիքային պաշարներ` Իրանը հավակնում է լիդերի դերին ողջ մերձարեւելյան ռեգիոնում։

Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով Գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան, որը վերադարձել է Ֆինլանդիայից, որտեղ անցավ խորհրդակցություն 25 երկրների արտգործնախարարների մասնակցությամբ, հայտարարեց, որ քննարկվել է հիմնականում «իրանյան միջուկային դոսյեն»։ Սոլանան ասաց, որ Եվրամիությունը շարունակելու է բանակցությունները Թեհրանի հետ, իսկ ինքն անձամբ կհանդիպի Իրանի Գերագույն անվտանգության խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիի հետ։ Խավիեր Սոլանան շատ լավատեսորեն է տրամադրված Թեհրանի հետ բանակցությունների հնարավոր արդյունքի նկատմամբ։ Համենայն դեպս, Ֆինլանդիայում երկրների ներկայացուցիչների ելույթներից դատելով, Եվրամիության երկրները հակված չեն միանալու պատժամիջոցներին եւ էմբարգոյին Իրանի դեմ, ինչի վրա պնդում է Վաշինգտոնը։ Ֆինլանդիայի արտգործնախարարը, որը հիմա նախագահում է Եվրամիությունում, ասաց, որ Իրանի հանդեպ պատժամիջոցների հարցը թվում է «ժամանակավրեպ»։ «Եվրոպական միությունը հանդես է գալիս հարցի դիվանագիտական լուծման օգտին»,- նշեց նա։ Ֆինլանդիայում հանդիպման մասնակիցները գնահատում են որպես դրական քայլ, որ Թեհրանը համաձայնել է, որ ուրանի հարստացման աշխատանքները տեղի ունենան Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հսկողության տակ։

Միացյալ Եվրոպայի դիրքորոշումը տվյալ հարցում համընկնում է Մոսկվայի դիրքորոշման հետ։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ տվյալ խնդրի լուծումը պետք է կայանա երկխոսության ուղիով, այլ ոչ թե Իրանի մեկուսացման կամ պատժամիջոցների միջոցով։