Պետական մեկ մանկապարտեզը քիչ է Ղարաբաղի համար

10/09/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Առայսօր հանրապետությունում գործում է միայն մեկ պետական մանկապարտեզ, մյուս բոլոր մանկապարտեզները գործում են տարբեր բարերարների հովանավորությամբ: Մանկապարտեզների մեծ ծրագիր են իրականացնում Հայ օգնության միությունը եւ Հայ ավետարանչական ընկերակցությունը:

ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Ղարաբաղում նախադպրոցական կրթությունն իրականացվում է 21 մանկապարտեզներում` 1 պետական, 2՝ ոչ պետական, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության՝ 7, եւ ՀՕՄ-ի՝ 10 մանկապարտեզներում: Մեկ մանկապարտեզ է գործում նաեւ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում, որը հովանավորվում է բոստոնաբնակ բարերար Քերոլայն Նաջարյանի կողմից:

Նախադպրոցական հիմնարկների թիվը 1991թ. համեմատությամբ նվազել է 80 %-ով: Հայտնի է, որ պատերազմի արդյունքում լրիվությամբ այրվել կամ ավերվել են 29 նախադպրոցական հիմնարկներ:

Հանրապետության միակ պետական մանկապարտեզը գործում է 2001 թվականի դեկտեմբերից: Այն տեղակայված է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի նախկին առանձնատանը, որը դատավճռի համաձայն առգրավվել էր պետության կողմից: Այժմ այդ մանկապարտեզ են հաճախում 150-ից ավելի երեխաներ: Մանկապարտեզի վարիչ Լիդա Սիմոնյանի խոսքերով, սկզբից 3 խումբ էր գործում, իսկ հիմա՝ 5, որտեղ ընդգրկված են 3-6 տարեկան երեխաներ: Սաների մոտ 50 տոկոսն անվճար հիմունքներով են, իսկ մյուս մասը՝ ամսական 4 հազարական դրամ է վճարում: «Անվճար հիմունքներով մանկապարտեզ են հաճախում միայնակ մայրերի, հաշմանդամ ազատամարտիկների եւ բազմազավակ ընտանիքների երեխաները, իսկ վճարովի հիմունքներով՝ 1 եւ 2 երեխա ունեցող ընտանիքների երեխաները: Պետությունը լրիվությամբ հովանավորում է 50 երեխայի, իսկ 50-ին էլ՝ 50 տոկոսի չափով»,- մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ նշել է մանկապարտեզի վարիչը:

150-ից ավելի սան ունեցող նախադպրոցական այս հիմնարկում տարվա ընթացքում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում՝ հիմնականում տոն կամ նշանակալից օրերի կապակցությամբ: Վարիչի հավաստմամբ, մանկապարտեզն ամբողջությամբ ապահովված է համապատասխան մասնագետներով, սաների առօրյան նորմալ է կազմակերպվում, սակայն երեխաների քանակի առումով որոշ ծանրաբեռնվածություն կա: Լիդա Սիմոնյանը մեր զրույցի ժամանակ կարեւորեց նախադպրոցական համակարգի վերականգնման անհրաժեշտությունը, նշելով, որ, եթե տարիներ առաջ պահանջարկն այդքան էլ շատ չէր, այժմ դրա պահանջարկը կա: Նա, որպես ապացույց, նշեց այն փաստը, որ անցյալ տարվա համեմատ 3 տարեկան երեխաների թիվը շատացել է, ինչը խոսում է նոր մանկապարտեզների բացման անհրաժեշտության մասին: Խնդիրներից մեկն էլ երեխաների քնի կազմակերպումն է, ինչը, վարիչի հավաստմամբ, կապված է նրա հետ, որ շենքը տիպային չէ, այլ՝ հարմարեցված է, որի արդյունքում խնդիրներ են առաջանում: Տիկին Սիմոնյանը մեծ հպարտությամբ է խոսում մանկապարտեզի շրջանավարտների մասին, որոնք իրենց լավ են դրսեւորում նաեւ մայրաքաղաքի տարբեր դպրոցներում: Այս տարի մանկապարտեզը 70 շրջանավարտ է ունեցել:

Մեր այցի ժամանակ երեխաները ամեն օրվա պես նախաճաշում էին՝ ուրախ ու աշխույժ, քանի որ նրանց այդ մեծ խնդիրները չեն մտահոգում. այստեղ իրենց լավ են վերաբերվում, օրը հետաքրքիր է անցնում…

Մեր տվյալներով, նախադպրոցական համակարգի վերականգնման հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է: ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Կամո Աթայանի խոսքերով, մայրաքաղաքի երկու՝ թիվ 6 եւ 11 դպրոցները, որոնք ներկայումս մանկապարտեզների շենքում են տեղակայված, կունենան նոր շենք, եւ այդ շենքերը նպատակային կօգտագործվեն: