1.Զարմանալի է, բայց անգամ հնագույն ազգերը (հնդիկները, հայերը, հրեաները, իռլանդացիները եւն) միայն 20-րդ դարում անկախություն ձեռք բերեցին եւ ունեցան սեփական ժամանակակից պետություն: Ասել է թե՝ 20-րդ դարը ժողովուրդների կազմավորման համար շրջադարձային եղավ. այդպես է կազմավորվում համայն մարդկությունը: Մարդկությունը կազմավորվում է պետության միջոցով, համաշխարհային կազմակերպությունների (ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, Համաշխարհային բանկ, Կարմիր խաչ, Արժույթի միջազգային հիմնադրամ, ՅՈՒՆԻՍԵՖ եւն), Ինտերնետի միջոցով… Սա նոր որակ է ինչպես ժողովուրդների, այնպես էլ պետությունների եւ համայն մարդկության համար ընդհանրապես: Գլոբալիզացիան մարդկության կյանքում անխուսափելի գործընթաց է, քանզի այլեւս չի լինելու այն սահմանաբաժանումը, որ եղել է հազարամյակներ շարունակ: Մեծ ու փոքր ազգերն օգտվում են 20-րդ տեխնիկական առաջընթացի բարիքներից, մշակութային շատ ձեռքբերումներից` մեկը մյուսից սովորելով, ընդ որում` դա անում են մի տեսակ բնական եւ շատ արագ: Տարբեր սովորություններ են, տարբեր ավանդույթներ, եւ նրանք չեն ուզում դրանք կորցնել, ու այստեղ մի տեսակ ընդարմացում կամ արգելք է առաջանում: Այդպիսի ժամանակներում ազգերը դիմում են իրենց նախկին փորձին, կրոնին, ազգային սովորույթներին:
2.Իրոք, ամեն մի ժողովուրդ իր կենսագրության կամ պատմության խորքերից, իր մշակութային ժառանգությունից փորձում է մի տեսակ իմունիտետ ստեղծել, որը նրան կառանձնացնի ազգերի եւ երկրների հսկայական ցանկի մեջ: Մշակույթը` այս բառի լայն իմաստով, ավելի հաճախ, քան գիտությունն ու տեխնիկան, գերակա է թե՛ ազգային ինքնագիտակցության, թե՛ պետության տնտեսության համար: Սակայն հենց համագործակցությունը, հատկապես` գլոբալ համագործակցությունն, իր առանձնահատկություններն ունի, որոնք ժամանակակից կոմունիկացիաների աշխարհում ավելի են ուժեղանում: Սակայն երիտասարդ պետությունները (սա դեռ չի նշանակում, թե ժողովուրդներն են երիտասարդ, հենց սկզբում մենք նշեցինք նաեւ մի քանի հին ազգերի) այնքան էլ հարմարավետ չեն զգում իրենց այն իմաստով, որ նրանք, որպես կանոն, դժվարությամբ են ներգրավվում համաշխարհային տնտեսական համակարգի մեջ: Իհարկե, եթե նրանք կարեւոր բնական ռեսուրսներ ունեն, միջազգային կոնսորցիումները կհասնեն նրանց ընդերքը, նրանք կգտնեն հարստանալու եղանակներ: Այդպիսի տնտեսական համակարգերը նման պետությունների կողմից ընկալվում են որպես գլոբալիզացիայի կրողներ, այսինքն` նրանց գիշատիչներ են համարում, քանզի նրանք, որպես կանոն, անխղճաբար շահագործում են ինչպես բնական ռեսուրսները, այնպես էլ էժան աշխատուժը: Ավելի դժվար է, եթե նման ժողովուրդները պատմական հիմնախնդիրներ ունեն, հիմնականում` տարածքային:
3.Օդային, ծովային, երկաթուղային ճանապարհները, ավտոմայրուղիները գնալով ավելի ու ավելի շատ հնարավորություններ են բացում ինչպես պետությունների, այնպես էլ ժողովուրդների առջեւ: Այն ժողովուրդները, որոնք դեռ վերջերս հիմնարար գիտություն չունեին, վատ էին պատկերացնում ժամանակակից տեխնոլոգիաները (ճապոնացիները, կորեացիները, բրազիլացիները եւն), այժմ արարում են ամբողջ ցիկլը` սկսած գիտական մշակումներից մինչեւ վերջնական արդյունքը: Սա մեր ժամանակի առանձնահատկությունն է, որը համայն մարդկության զարմանալի զարգացում է ապրում կյանքի բոլոր ոլորտներում` սկսած կենցաղի, հագուստի, մտածողության ինտերնացիոնալիզացումից մինչեւ մասսայական ու էլիտար մշակույթը: Իզուր չէ, որ անգամ արվեստի մեջ հայտնվել են այնպիսի տեսակներ, ինչպես լուսանկաչությունն ու կինեմատոգրաֆը: Իսկ արվեստի ավանդական տեսակների ներսում ամբողջ ուղղություններ են ի հայտ եկել` պոպ եւ օպ-արթից մինչեւ վիդեոարթ, ճարտարապետությունից` իբրեւ շինարարությունից մինչեւ բողոքի քայլերթ կամ անվերջանալի կինո-երաժշտական ու թատերական զանազան փառատոններ ու գիտաժողովներ…: Ի՞նչ են նրանք տալիս: Եվ կա՞ արդյոք նրանց բովանդակության մեջ ավելին, քան շփման կարճատեւ փորձը կամ հաճելի ժամանակ անցկացնելը:
4.Իհարկե, դժվար է որոշել այդպիսի զանգվածային երեւույթների արժեքավորության ու բովանդակության աստիճանը: Սակայն եթե այդպիսի մշակույթի ներկայացուցչին հարցնես, նա կխոսի այն մասին, որ ավանդական ստեղծագործողները չեն հասկանում այն խնդիրները, որոնք իրենք լուծում են ինչ-որ նոր աշխարհընկալում ստեղծելու ճանապարհին, աշխարհընկալում, որ նրանք զգում են արվեստի ինչ-որ ուղղության մեջ, եւ որը կապրի ընդամենը մի քանի տարի, ու նույնիսկ տվյալ ստեղծագործողի կյանքում ընդամենը մի կարճատեւ հատված կլինի: Սակայն ի՞նչ անեն նորաստեղծ պետությունները՝ պահպանելու համար սեփական նշանակությունն ու դեմքը ժամանակակից ասիմիլյացիայի կամ գլոբալիզացիայի վտանգավոր պայմաններում, ինչպես կարծում են ցանկացած այդպիսի ազգի եւ պետության պահպանողականները:
5.Իհարկե, նախ եւ առաջ հարկավոր է ինքնագիտակցության ներքին էներգիա: Եվ իհարկե, պետք է չմոռանալ արմատները: Բայց միաժամանակ հարկավոր է ազգային ինքնագիտակցության ներսում ունենալ ապագայի հեռանկարներ, նորը բացահայտելու կամք եւ քաջություն, չվախենալ սինթեզից եւ պահպանել (եթե այն կա) սեփական դեմքը մշակույթի մեջ: Բայց մի՞թե միայն մշակույթն է ազգի դեմքը: Իհարկե ոչ: Եթե ժողովուրդը գիտության եւ տեխնիկայի հարցերում ճանաչողության բարձր մակարդակ ունի, այդ ամենը ինքնաճանաչման եւ ինքնապաշտպանության կարեւորագույն վեկտորներն են, թեեւ դրանք պետք է բաց լինեն աշխարհի առջեւ: Գիտությունը չի կարող ազգային լինել, քանի որ այն ժամանակի մեջ է: Կոնկրետ ժամանակը գիտական մտքի կյանքն է, այն դեպքում, երբ մշակույթի համար ժամանակը աբստրակցիա է, քանզի արվեստը ճանաչողության ու ընկալման տեսանկյունից չի ծերանում:
6.Ուրեմն ի՞նչն է վախեցնում ազգերին ու ժողովուրդներին գլոբալիզացիայի մեջ: Փողի պաշտամո՛ւնքը: Փողի կենտրոնացումը որոշակի շրջանակների կամ որոշակի ազգի ձեռքում սոսկալի աղետ է համայն մարդկության համար: Գլոբալիզացիան համաձայնության մեծ նշանի մասն է կազմում մարդկության համար: Սակայն ֆինանսական կախվածությունը մի քանի ֆինանսական հրեշներից սոսկալի է: Այսօր փողն է ֆետիշը: Սակայն ո՞վ եւ ինչո՞ւ է մարդկությանը հասցրել այս սարսափելի Գողգոթային: Եվ ո՞ւմ հեգնանքն է «Դա ձեր խնդիրն է» արտահայտությունը դարձրել բազմաթիվ անհատների խնդիրը: Ահա թե որտեղից է գալիս մենակության, անզավակ ու անիմաստ կյանքի գլոբալիզացիան, կյանք, որտեղ ապագայի ներողամտությունն է առանձնացված սուիցիդին: Մենք տեսնում ենք սա ու չենք խոստովանում, քանզի մեր երեխաների ապագան մենք տեսնում ենք նորացված աշխարհում, որտեղ արդարությունը ոչ թե կյանքի ձեւական կողմն է, իսկ բարությունը՝ մարդկային հարաբերությունների համար ընդամենը ֆոն, այլ վեկտորներ, որոնք ստեղծում են մեր կյանքի ենթակառուցվածքը:
7.Հայաստանը եւ նրա նման երկրները չպետք է վախենան գլոբալիզացիայից, քանզի երկիրը կարող է ապրել միայն արժեքների մեծ համակարգում: Դա հատկապես վերաբերում է մշակույթի, ավանդույթների տարբեր բաղադրիչներին: Օրինակ՝ միջնադարի մեծագույն բանաստեղծ Գրիգոր Նարեկացին կարող էր հայ մշակույթի մեջ հայտնվել միմիայն Բյուզանդական կայսրության հետ բաց մշակութային կապերի շնորհիվ: Կամ՝ միջնադարի հիանալի մանրանկարիչ Թորոս Ռոսլինը դարձավ այդպիսի մեծություն՝ շնորհիվ Կիլիկիայի հայկական պետության եւ իտալական քաղաք-պետությունների փոխազդեցության: Սա վերաբերում է եւ՛ Արամ Խաչատրյանին, եւ՛ Մարտիրոս Սարյանին, եւ՛ Եղիշե Չարենցին, եւ՛ Արշիլ Գորկուն… Որքան մեծ է փոխազդեցությունն ու բաց, այնքան խորությամբ է հայ ժողովուրդը ճանաչում բնությունն ու մշակույթը: Ուշադրություն դարձրեք այն բանին, որ խորհրդային ռազմաարդյունաբերական համակարգում հայերը առաջատար դեր են գրավում ինչպես միջուկային զենքի, այնպես էլ հրթիռային համալիրների, տիեզերական ապարատների եւն ստեղծման գործում: Դա է մեր ուղին…
8.Հայաստանի նման պետությունների համար գլոբալիզացիան ճանաչողության եւ սեփական ներուժը՝ ինչպես հոգեւոր, այնպես էլ գիտա-մշակութային, իմաստավորելու կարեւոր ուղի է: Բաց լինելը եւ հզոր ավանդույթները (հատկապես ուզում եմ նշել խորհրդային ժամանակաշրջանը, քանի որ հայ ժողովուրդը հիմնարար եւ կիրառական գիտության մեջ երբեք չի հասել այնպիսի բարձունքների, ինչպես իր պատմության այդ ժամանակահատվածում) երկրին թույլ կտա չընկնելու գավառական մտածողության գիրկը, ինչն անցանկալի հետեւանքների կհանգեցնի: Հայաստանը չի կարող ինքնաբավարար լինել, թեեւ նրա մտածելակերպի մեջ վերապրուկային ընկալում կա՝ ներփակվել եւ ապրել սեփական կյանքով: Իրականում դա նշանակում է այն հայ ժողովրդի մահը, որին մենք սիրում ենք, եւ «հայ ժողովուրդ» անվան տակ մի այլ էթնիկական կազմավորման ծնունդ: