Վիրտուալ դաշնակ է՞լ է լինում

05/09/2006

Երեկ մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում նաեւ «168 Ժամը», orer@ list.ru էլեկտրոնային հասցեից` ոմն Աշոտ Պետրոսյանի ստորագրությամբ, հայտարարություն են ստացել այն մասին, թե ՀՅԴ ԳՄ-ն ներքաղաքական որոշ հարցերի շուրջ դժգոհություններ ունի, ուստի դրանց լուծում տալու համար դիմում է Ռոբերտ Քոչարյանին։ Երեկ ուշ երեկոյան եւս մեկ հայտարարություն ստացվեց ՀՅԴ-ից. պարզվեց, որ նախորդը կեղծ էր: ԳՄ լրատվական ծառայությունից արդեն իսկական հայտարարությամբ զգուշացնում էին, որ ՀՅԴ անունից արված առաջին հայտարարությունը բացարձակապես կապ չունի իրականության, այսինքն` ՀՅԴ հետ: «Սա քաղաքական սադրանք է եւ ոմանց հիվանդագին մոլուցքի հերթական դրսեւորումը` հանդես գալու ԳՄ-ին մոտ կանգնած երեւակայական «աղբյուրների» եւ ԳՄ անունից։ Նմանօրինակ հիվանդագին «խանդավառության» հետագա դրսեւորումները կանխելու համար ԳՄ-ն կձեռնարկի բոլոր միջոցները` բացահայտելու դրանց հեղինակներին»,- ասված է ՀՅԴ ԳՄ երկրորդ, իսկական հայտարարության մեջ:

Իսկ ինչ վերաբերում է առաջին հայտարարությանը, ապա այնտեղ մասնավորապես նշված էր. «Հետեւելով վերջին ժամանակներս ՀՀԿ ներսում տեղի ունեցող զարգացումներին եւ ամենեւին խորամուխ չլինելով «Հանրապետական» ներկուսակցական խմորումներին, այնուհանդերձ արձանագրվեցին փաստեր, որոնք ուղղակի արգելք են հանդիսանում քաղաքական դաշտի ձեւավորման եւ զարգացման համար»: Այս հայտարարությունում նաեւ նշվում է, որ ՀՀԿ-ի ղեկավար այրերից` Սերժ Սարգսյանի մեկնաբանությունները քաղաքական խորհրդի կայացրած որոշման ընդունման մասին լույս սփռեցին այն իրողությանը, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն, այնուամենայնիվ, զբաղվում է քաղաքականությամբ` վարում բանակցություններ եւ ձեռք բերում պայմանավորվածություններ ՀՀ-ում ընթացող ընտրությունների առնչությամբ եւ այդ գործին մասնակից դարձնում իր կողմից ղեկավարվող «Նիգ-Ապարան» հայրենակցական միությանը: «Հաշվի առնելով վերոգրյալը, գտնում ենք, որ ո՛չ ՀՀ գլխավոր դատախազը, ո՛չ «Նիգ-Ապարանն» իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ, քանի որ ՀՀ օրենքները թույլ չեն տալիս նմանատիպ գործունեություն»,- ասված էր հայտարարության մեջ, որում, դիմելով նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կատարված փաստի առթիվ առաջարկվում են լուծումների հետեւյալ տարբերակները. ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժարվում է իր զբաղեցրած պաշտոնից, դուրս գալիս դատախազական համակարգից եւ ազատ զբաղվում քաղաքականությամբ: «Սա կլինի ճիշտ պատասխան ավանակի համառությամբ այն պնդողներին, թե վերջինս վաղուց է զբաղվում քաղաքականությամբ»: Այսպես կոչված, «խակերը» նաեւ առաջարկում էր, որպեսզի Արդարադատության նախարարությունը դադարեցնի «Նիգ-Ապարանի» գործունեությունը` կանոնադրությունը խախտելու համար եւ հաջորդ քայլով գրանցի «Նիգ-Ապարան» կուսակցություն: