Լեռնուհու ապաքինումը. «Իմ վերքերը ստեղ են բուժվել»

06/05/2005 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

«Ես արդեն քայլում եմ, ես արդեն հաշմանդամ չեմ»,- այս խոսքերն է ասում
Լեռնուհին, որ առաջին անգամ պրոտեզներ է դնում ոտքերի ու աջ ձեռքի տեղը ու
սկսում քայլել։
36-ամյա Լեռնուհի Իսոյանը Կովսականի դպրոցի գրադարանավարն է։ Նա
վերածնվում է Քաշաթաղում, որտեղ նրան պարգեւում են նոր ոտքեր եւ ձեռք ու
աշխատանք։ Պրոտեզները դնում են Ստեփանակերտում 2000 թվին։
Իսկ Լեռնուհին դարձավ հաշմանդամ 1995 թվին։ Մութ ու ցուրտ տարիներն էին,
Ալավերդու շրջանի Հագվի գյուղում։ Տանն ինքն էր, ամուսինը, որդիները՝
երկու եւ չորս տարեկան։ Տանը լույս չկար։ Լեռնուհին վառում է շամպայնի շշի
վրայի պատրույգը։ Պարզվում է, մեջը պայթուցիկ է։ Ամուսինը պատերազմի
մասնակից էր, ինքն էր բերել պայթուցիկը։ Նա հեռվից նկատում է, որ կինը
վառել է պայթուցիկը, ու գոռում, որ գցի. «Հեռվից գոռաց՝ պայթում ա, գցի,
ու չի մոտենում, ես շիշը ասի դուրս տանեմ,- պատմում է Լեռնուհին իր կյանքի
սարսափելի պահը, որ չի ուզում վերստին հիշել,- աջ ձեռքիս էր, տեսա՝ չեմ
հասցնում, իջացրի գետնին, որ երեխաներիս բան չլինի»։ Իրենով ծածկվում է
պայթյունը, որ երեխաները հանկարծ չվնասվեն։ Փոխարենը պայթյունի ալիքը
տանում է նրա երկու ոտքերն ու ձեռքը։
Հարեւանները լցվում են տուն ու տեսնում արյունաքամ ընկած Լեռնուհուն։
Սակայն նա զարմանալիորեն չէր ուշաթափվել, մնացած ձախ ձեռքով փեշն էր
քաշում, որ իր մերկությունը չերեւա, ու գոռում, որ կտրված ձեռքը վերցնեն
կպցնելու համար։ Սակայն Լոռիի հիվանդանոցներում հնարավորություն չի եղել
կպցնել անդամները, եթե Երեւանում լիներ, գոնե ձեռքը կփրկվեր։
Անդամահատության ցավերին գումարվում են նաեւ հետվիրահատական տանջանքները։
Հիվանդանոցում երեք ամիս աջ ձեռքի մնացած հատվածը չի առողջանում, անընդհատ
տաշում ու կտրտում են։
Ամուսինը՝ Սամվելը, լքում է նրան։ Նույնիսկ չի ցանկանում երեխաներին
պահել.«Հիվանդանոցում պառկած՝ խնդրեցի՝ գոնե երեխաներին տեր կանգնի,
մինչեւ ապաքինվեմ, ասեց՝ ես քո համար նյանկա չեմ»։
Լեռնուհին տեղափոխվում է Երեւան մոր՝ Ռոզայի մոտ:
Էրեբունի թաղամասի միանման անհրապույր շենքերից մեկի իններորդ հարկում
անցնում են հուսահատական ու մղձավանջային երեք տարիներ.«Հայելու առաջ
նայում էի ինձ, որ աչքերս սովորեն, կին եմ ու էդպես վիճակում։ Օտար մարդու
ներկայությունից ընկճվում էի։ Երեխաները իմ խնամքի կարիքն ունեին, գիտեի՝
մարդ եմ, պիտի էս վիճակից դուրս գամ, բայց ինչպե՞ս։ Երեք տարի մարդու էրես
չեմ տեսել, բալկոն դուրս չէի գալիս, որ ինձ էդպես չտեսնեն։ Հաշմանդամներին
միշտ խղճացել եմ ու չէի ուզում, որ հիմա էլ ինձ խղճան։ Նույնիսկ
կալանավորները հույս ունեն, որ մի օր դուրս կգան բանտից, իսկ ես անհույս
գամված էի»։
Չորս հոգիանոց ընտանիքը միայն Լեռնուհու հաշմանդամության 2500 դրամ (5
դոլար) թոշակի հույսին էր, որ նույնիսկ չէր հերիքում էլեկտրականության
վարձին։ Ի՞նչ աներ, երեխաները խնամքի կարիք ունեն, իսկ ինքը՝ սայլակի մեջ
անօգնական։ Երեխաներին կամ փողոց պիտի գցի, որ փող մուրան, կամ տա
մանկատուն, որ գոնե սոված չմնան։ Լեռնուհին հասկանում է այն ծնողներին,
որոնք անելանելի վիճակից երեխաներին փող մուրալու են ուղարկում։ Սակայն
ինքն այդ սահմանը այդպես էլ չհատեց։
Իրեն ստիպելով՝ տան գործերն է անում, սայլակով ավլում տունը, մի ձեռքով ճաշ եփում. «Եթե մեջս աշխատասիրություն չլիներ, չէի դիմանա»։
Օգնության համար դիմում է շատերին, սակայն՝ ապարդյուն։ Քայլելու վերջին
հույսերը սպանում են նրա մեջ Երեւանի բժիշկները, ասում են՝ անիմաստ է նման
վիճակում պրոտեզավորել. «Բժիշկն ասում էր՝ դու չես կարող քայլել, 9-րդ
հարկում քո ինչի՞ն է պետք պրոտեզ, սայլակը հերիք ա, որ դնենք էլ, չես կարա
կապես պրոտեզները»։ Հետո խոսում են ինչ-որ մաղարիչներից, որ վճարելու
հնարավորություն չուներ։
Լեռնուհին իրեն վերագտնում է Քաշաթաղի շրջանում։ Քույրը տեղափոխվել էր
Բերձոր, ու նրա խորհրդով 1998 թվին Լեռնուհին նույնպես տեղափոխվում է։
Վերաբնակիչներին տրվող արտոնությունները ձգում են նրան, որպեսզի փրկի
ընտանիքը. «Հեքիաթ էինք կարդում, «Հենզելն ու Գրետելն» էր կարծեմ,
հերոսներն ասում էին՝ գնանք, մեռնելուց լավ կլինի։ Բայց շատ ավելի լավ
եղավ, մենք փրկվեցինք»։
Նոր բնակավայրում իր տեսքից էլ չի ամաչում։ Կամաց-կամաց հաղթահարվում է
տեսքի բարդույթը, անծանոթ միջավայր է, որտեղ մարդիկ Լեռնուհու հետ
ծանոթանում են այնպիսին, ինչպիսին եղավ դեպքից հետո՝ հաշմանդամ. «Դուրս էի
գալիս բալկոն, լվացք փռում, թող մտածեն, թե ազատամարտիկ եմ»։ Արդեն
որդիները առավոտ առանց հաց ուտելու չեն մնում։
Շրջանի բուժմիավորման տնօրեն Արցախ Բունիաթյանը վստահեցնում է, որ նա
կքայլի, Ստեփանակերտի համապատասխան կենտրոնում պրոտեզներ կդնեն: «Որ
տանում էին Ստեփանակերտ, կարծում էի, որ անհնար է պրոտեզ դնեն, կասեն՝
անհույս ա, ինչպես ասեցին Երեւանում։ Բայց ոչ, նայեցին ու ասեցին՝
անպայման կքայլես»։
Դեպքից հինգ տարի անց Լեռնուհին կանգնում է ոտքերի վրա ու առաջին քայլն
անում. «Հասկացա, որ կյանքս շարունակվում է, չէի պատկերացնում, որ ոտքի
վրա կանգնածը ես եմ, ուրեմն էն, ինչ որ ունեցել եմ, վերջնական կորած չի։
Փոքրիկ շնիկը շուրջս պտտվում էր։ Էս ուրախությունը մենակ չէի կարողանում
տանել, զանգում էի հարազատներիս, գալիս էին ու կիսում ուրախությունս»։
Որդիներն ավելի շատ էին հավատում մոր առողջանալուն, միշտ նրանց տատն էր
որեւէ տեղ տանում, սակայն որդիները պահանջում էին, որ մայրը տանի, ու
սպասում էին, թե երբ պիտի նա առողջանա. «Ասում էին՝ մաման պիտի լավանա,
պիտի լավանա, ու տեսան, որ լավացա»։
Բժիշկներն ասել էին, որ կքայլի երկու ձեռնափայտերով, սակայն Լեռնուհին իրեն ստիպում է ու սկսում քայլել մեկով։
Սայլակը նետում է խորդանոց, որ էլ աչքին չերեւա. «Սայլակի անուն չեմ
ուզում լսել, առաջարկեցին նորը, չէ՛, ի՞նչ սայլակ, հազիվ եմ ազատվել»։
Վակունիսում (գյուղ Քաշաթաղի հարավում, ուր տեղափոխվում է ընտանիքը)
կատարվում է նրա երկրորդ երազանքը. աշխատանք է ստանում գյուղի դպրոցի
գրադարանում։ Գրադարան բացելու համար անհրաժեշտ 500 գրքերը հավաքում են
քաշաթաղցիները:
Արդեն ընտանիքն ապահովված է, Լեռնուհին աշխատավարձ է ստանում 13 հազար
դրամ (26 դոլար), գումարած՝ հաշմանդամության թոշակը ու բարեգործական եւս
մի թոշակ՝ 7 հազար դրամ (14 դոլար)։
Բայց պարզապես գոյատեւելը բավական չէր նրան ու սովորում է ձեռագործ անել.
«Ձեռագործ սովորեցնողն ասում էր՝ չես կարող մի ձեռքով, բայց ես չլսեցի,
որոշել էի սովորել ու սովորեցի»։ Հիմա Բերձորի, Վակունիսի ու Կովսականի
նրա ընկերների տներում Լեռնուհու ձեռագործ աշխատանքներն են՝ սփռոցներ,
գուլպաներ, սվիտերներ, ժիլետներ. «Ուրիշները մի գործվածքը մի շաբաթում են
գործում, ես երկուսում կգործեմ»։ Նա աջ բազուկով սեղմում է կծիկը, ձախով
գործում։ Լեռնուհին աջլիկ էր, հետզհետե աջի ուժը փոխանցվում է ձախին, ձախ
ձեռքով սկսում է գրել, սկզբում՝ շատ անվարժ, երեխաներին բացատրում է, թե
դրանք գաղտնագրեր են, որ չծիծաղեն։
Երազում է նաեւ գորգ գործել, միայն թե դազգահ չունի: Վարպետները եթե մի
տարում են գործում, ասում է, որ ինքը երեքում կգործի։ Մոր հետ հավասար
անում է տան գործերը, ճաշ պատրաստում, մուրաբա եփում ու իր ձեռքով փակում։
Քաշաթաղի իշխանություններն այս տարվա գարնանը տեղափոխեցին նրան նոր
բնակավայր՝ Քաշաթաղի հարավային քաղաքը՝ Կովսական, որտեղ հիվանդանոց կա, ու
հիմա միշտ բժիշկների հսկողության տակ է, շաքարը երբեմն բարձրանում է:
Տեղափոխվեց նաեւ աշխատանքը՝ գրքերով հանդերձ, ու Լեռնուհին դարձավ դպրոցի
գրադարանավարը, իսկ մայրը աշխատանքի անցավ հիվանդանոցում՝ որպես աման
լվացող։
Մի սենյակում գրադարանն է, մահճակալները, խոհանոցը. «Եթե դպրոցը մոտ
լիներ՝ կգնայի, գրադարանը էնտեղ կլիներ, բայց հեռու է»։ Արդեն մոտ հիսուն
ընթերցող ունի։ Բժիշկ Վլադիմիր Լալայանը գրքերի մեկ երրորդը կարդացել է,
գրքերի ազդեցության տակ բանաստեղծություններ է սկսել գրել: «Կովսականում
մի երկու ընտանիք գիրք ուներ, բոլորը կարդացել էի,- ասում է նա,- էլ
կարդալու բան չունեի։ Լավ էր, Լեռնուհու գրադարանը հասավ։ Շատ լավ կլինի,
որ ավելանան գրքերը»։ Հիմա Լեռնուհին անընդհատ գրադարանից է խոսում,
մտածում է, թե ինչպես գրքերը շատացնի, եթե մեկը հարցնի՝ ինչի՞ կարիք
ունես, կասի՝ միայն գրքերի։
Լեռնուհին չի ուզում հիշել անցյալը, ամուսնուն. «Վախենում եմ՝ հանկարծ
Սամվելը հայտնվի։ Հիմա երեխաները մեծացել են, նրանց դժվար ժամանակը անցել
ա, մեկ էլ ուզի հերություն անի»։ Չի ուզում հիշել Երեւանի բժիշկներին, որ
իրեն անհուսության մեջ գցեցին, ու նաեւ Երեւանը. «Էնքան եմ սիրել Երեւանը,
բայց որ հաշմանդամ տեղափոխվեցի, էլ չէի սիրում։ Դուրս էի նայում՝ ծառերը
կտրված, ինչպես ես էի կտրտված։ Հիմա ասում են՝ Երեւանը փոխվել է, բայց
ցանկություն չունեմ տեսնելու, սարսափում եմ Երեւանից, հիշողություններիս
մեջ շրջանցում եմ, որ չհիշեմ»։ Չի ուզում հիշել նաեւ ծննդավայրը՝ Լոռին,
ուր հաշմանդամ դարձավ։
Քաշաթաղը, որ ինքն էլ է ապաքինվում պատերազմի վերքերից, հարազատ ու սիրելի
տուն դարձավ Լեռնուհու ընտանիքի համար։ «Ինձ ստեղ առողջ մարդու տեղ են
դրել։ Երեւանում բարեկամները կարող են չիմանալ իրար, իսկ ստեղ անծանոթ
մարդիկ ուզում են միմյանց օգնել։ Երեւի մարդիկ ստեղ միմյանց կարիք ունեն։
Շատերն ուզում են ինձ այցելել, գրադարանն են մահանա բռնում: Իմ վերքերը
ստեղ են բուժվել, երեխաներիս ստեղից պիտի բանակ ուղարկեմ ու ստեղ էլ
մեռնեմ»։
Լեռնուհին մեծ պահանջներ չունի. պրոտեզները նրա միակ գանձն են, խնայելով է
օգտագործում, որ չմաշվեն. «Քշած ավտոյի նման, ինչքան շատ քշեմ, էնքան շուտ
կմաշվի»։ Տանը հեռուստացույց ու ռադիո չկա, աշխարհի անցուդարձից կտրված
են, սակայն նա չի էլ ձգտում, թեեւ որդիները թաքուն ցանկություն ունեն
հեռուստացույցի. «Մենք անլույս գյուղից ենք եկել (Վակունիսում
էլեկտրականություն չկա) եւ մեծ պահանջներ չունենք՝ հեռուստացույց, ուրիշ
էլեկտրական սարքեր»,- ասում է Լեռնուհին։ Նրա երկու երազանքը կատարվել
է.«Առաջին նպատակս քայլելն էր, կատարվեց, քայլող մարդը ո՞նց կարա
միանգամից հրաժարվի՝ ասի՝ էլ ես չեմ կարա քայլեմ։ Երկրորդը՝ աշխատանքը,
դրան էլ հասանք, երրորդ չեմ ուզում։ Արդեն չափից ավել կլինի»։