Հայաստանը՝ CNN-ի եթերում

05/09/2006

ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանը «Սի Էն Էն» հեռուստաալիքով ներկայացնելու եւ գովազդելու հետ կապված «Սի Էն Էն» հեռուստաընկերության առաջարկած պայմաններին, իսկ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանին հանձնարարվել է ստորագրել համաձայնության նամակը, որը հնարավորություն կտա «Սի Էն Էն» հեռուստաալիքի հետ կնքելու Հայաստանը գովազդող հոլովակի հեռարձակման պայմանագիր։ Ինչպես նշված է ՀՀ Կառավարության մամուլի հաղորդագրության մեջ, մեր երկիրը պետք է ներկայացվի որպես կայուն, ապահով, ձեռնարկատիրության, ներդրումների համար բարենպաստ, ինչպես նաեւ բարենպաստ զբոսաշրջային երկիր։ Գովազդման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Ծաղկաձորը միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջային կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագրով նախատեսված միջոցների հաշվին: CNN-ի պայմանների մանրամասները եւ պայմանագրի արժեքը դեռեւս հայտնի չեն, սակայն նշենք, որ 2006թ. բյուջեով Ծաղկաձորին առնչվող վերը նշված ծրագրին հատկացվել է 215 մլն դրամ։