«ԱՐՄԵՆՏԵԼԸ» «գրագետ» մոնոպոլիստ է

05/09/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Օրերս Երեւանի մի բնակիչ զրկվել էր ֆիքսված հեռախոսակապից: Բայց նրա «մեղքը» ոչ թե հեռախոսավարձը ժամանակին չմուծելն է, այլ այն, որ նա վճարում է ուրիշի անունից: 6 տարի առաջ քաղաքացին գնել է իր հարեւանի բնակարանը, իսկ ֆիքսված հեռախոսակապը մնացել է նախկին սեփականատիրոջ անունով:

Տարիներ շարունակ բնակարանի նոր սեփականատերը պարտաճանաչ վճարումներ է կատարել, եւ հեռախոսի հետ կապված ոչ մի խնդիր չի ծագել: Այժմ «ԱրմենՏելը» որոշել է, որ այդ հեռախոսն անհապաղ պետք է անվանափոխվի, հակառակ դեպքում այն չի աշխատի: Միգուցե հեռախոսի անվանափոխության անհրաժեշտությունն իրո՞ք առաջացել է այս պահին, երբ, օրինակ, նոր սեփականատերը պահանջել է հեռախոսային խոսակցությունների վերծանում, որի համար պետք է փաստաթղթեր ներկայացնել:

Սակայն այդ «անվանափոխությունը», որի կարիքն ընկերությունն այս տարիների ընթացքում այդքան էլ չի ունեցել, անվճար չէ. այն արժե 3000 դրամ: Թեեւ վերջին շրջանում այդ «ծառայության» գինը զգալիորեն նվազել է, սակայն կարեւորն այստեղ ամենեւին էլ գումարի չափը չէ: Միայն այն երեւույթը, որ 1 թղթի փոփոխության համար գումար են պահանջում (ի դեպ, միայն հեռախոսի անվանափոխության համար է բնակչից գումար գանձվում), աննորմալ է: Նկատենք, որ Հայաստանի ֆիքսված հեռախոսներից շատ-շատերն այդ բնակարանների սեփականատերերի անունով չեն: Եվ եթե «ԱրմենՏելը» սկսել է կարեւորել դրանց անվանափոխության հարցն, ապա վերջինս ընկերության համար դառնում է կողմնակի եկամտի «աղբյուր»:

Ինչ վերաբերում է ՀՀ ֆիքսված հեռախոսակապի մոնոպոլիստի մյուս եկամուտներին, ապա ընկերությունը նախատեսում է հաջորդ տարվանից բարձրացնել ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետ ծառայության, նաեւ միջազգային եւ միջքաղաքային հեռախոսակապի սակագները: «ԱրմենՏելը» մտադիր է ֆիքսված հեռախոսակապի բաժանորդային ամսական վճարը 1100 դրամից բարձրացնել 3000 դրամի` ներառյալ ԱԱՀ-ն: Ընկերությունը, Հանրային ծառայությունների ոլորտը կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտի համաձայն, նախատեսում է ֆիքսված հեռախոսակապի անվճար խոսելաժամանակն ամսական 360 րոպեի փոխարեն սահմանել 280 րոպե: Իսկ րոպեավճարը, որ 280 րոպեից հետո պետք է կիրառվի, սահմանվում է 6 դրամ` 1 րոպեի համար (նախկին 5 դրամի փոխարեն): 1000 րոպեից հետո 6 դրամի փոխարեն մեկ րոպեն կարժենա 9 դրամ:

«ԱրմենՏելը» կրկնապատկելու է նաեւ նոր հեռախոսագիծ տրամադրելու վճարը` 12.000 դրամի փոխարեն սահմանելով 24.000 դրամ, իսկ իրավաբանական անձանց հեռախոսագիծ տրամադրելու համար ընկերությունը նախատեսում է ներկայիս 14,4 հազար դրամի փոխարեն սահմանել 28,8 հազար դրամ:

Այս առումով մոնոպոլիստի քայլը լիովին հասկանալի է: Մեծ թափով ընթանում է հեռախոսակայանների թվայնացման պրոցեսը (հիմնականում` ՀՀ մարզերում), որը մեծ ծախսեր է պահանջում: Սակագների բարձրացումը կարող է դրանք փոխհատուցել: Օրինակ, Գյումրիում տասնյակ հազարավոր ընտանիքներ տարիներ շարունակ զրկված են ֆիքսված հեռախոսակապից: Քաղաքացիների բազմաթիվ դիմումներ մնացել են անպատասխան, սակայն այժմ եկել է դրանք բավարարելու ժամանակը: Ուստի ընկերությունը հավելյալ շահույթներ կուտակելու առիթը բաց չի թողնում: Զարմանալի չի լինի, որ «ԱրմենՏելը» եւս մի քանի ամիս ձգձգի հեռախոսագծերի տրամադրման գործընթացը` 2007թ.-ից այն նոր սակագներով սկսելու համար:

«ԱրմենՏելի» նման քայլերի ետեւում, հնարավոր է, այլ բան է թաքնված: Միգուցե հունական «OTE»-ն փորձում է ընկերության վաճառքի գինը բարձրացնե՞լ, քանզի սակագների բարձրացումից ՀՀ ֆիքսված հեռախոսակապը դառնում է ավելի գրավիչ: Չի բացառվում նաեւ, որ «ԱրմենՏելի» պոտենցիալ գնորդը «OTE»-ից պահանջել է մինչեւ իր գալը որոշակի քայլեր ձեռնարկել: Հակառակ դեպքում, եթե «ԱրմենՏելի» նոր սեփականատե՛րը սկսեր անել այս ամենը, ապա այն լուրջ հարված կհասցներ նոր մոնոպոլիստի` դեռեւս չձեւավորված հեղինակությանը: