Պահանջում է 4,5 տարվա ազատազրկում

05/09/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Հիշեցնենք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունում Ա. Բաբաջանյանի դեմ ՀՀ Քր.օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար քրեական գործ էր հարուցվել եւ հունիսի 26-ից նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը: Հետագայում նախաքննության ընթացքում Բաբաջանյանի դեմ առաջադրված մեղադրանքն ընդլայնվել էր: Եվ փաստաթղթեր հափշտակելու փաստով ՀՀ Քրօր-ի 324 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նրան լրացուցիչ մեղադրանքներ էին առաջադրել:

Բանն այն է, որ ըստ մեղադրական եզրակացության` զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար, 2002թ. աշնանը Բաբաջանյանը հափշտակել է ԱՄՆ-ում բնակվող ընկերոջ` Վահե Աբովյանի ամուսնության ու երեխայի ծննդյան վկայականները եւ, դրանք օգտագործելով իր անունով, կազմել կեղծ ամուսնության վկայական եւ երկու ծննդյան վկայականներ: Ու քանի որ երկու երեխաներ ունենալու դեպքում ՀՀ քաղաքացին ազատվում է զինվորական ծառայությունից, Բաբաջանյանն այդ փաստաթղթերը մոր` Էլմիրա Բաբաջանյանի միջոցով ներկայացրել էր իր բնակության վայրի` Շենգավիթի զինկոմիսարիատ:

Սակայն երեկ դատախազ Ժաննա Կոտիկյանի մեղադրական ճառը եւս մեկ անգամ հիմնավորեց այն տեսակետը, որ Ա. Բաբաջանյանի դեմ հարուցված քրեական գործն իրականում քաղաքական ենթատեքստ ունի: Մեղադրողը նախ սկսեց Ա. Բաբաջանյանին խիստ տոնով հանդիմանել զինծառայությունից խուսափելու համար: Եվ հետո սկսեց հիմնավորել նրա դեմ առաջադրված մեղադրանքները: Սակայն սկզբում նախաքննական մարմնի, իսկ դատարանում Ժաննա Կոտիկյանի տված իրավաբանական ոչ ճիշտ ձեւակերպումները զարմանք ու զվարճություն պատճառեցին ինչպես դատարանում ներկաներին, այնպես էլ նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

Բանն այն է, որ Ա. Բաբաջանյանի դեմ առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 2-րդ մասով, այն է` շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ կամ կնիքներ հափշտակելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը: Ու քանի որ 324 հոդվածի 2-րդ մասն ավելի խիստ պատիժ է նախատեսում` ազատազրկում առավելագույնը 2 տարի ժամկետով, ապա տիկին Կոտիկյանն ամեն կերպ դատարանին փորձում էր համոզել, որ ամուսնության ու ծննդյան վկայականները պաշտոնական փաստաթղթեր են: Այստեղ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, եւ փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը չդիմացան ու սկսեցին դատախազին բացատրել, որ պաշտոնական փաստաթուղթը բոլորովին այլ բան է: Եվ, որ նույն հոդվածի առաջին մասը պատիժ է սահմանում քաղաքացու անձնագիրը կամ կարեւոր այլ փաստաթուղթ հափշտակելու համար: Իսկ ամուսնության ու ծննդյան վկայականներն անձնագրի նման չեն կարող պաշտոնական փաստաթուղթ համարվել: Բացի այդ, ինչպես նկատեց փաստաբան Ռ. Գրիգորյանը, քրեական գործով ապացուցված չէ Բաբաջանյանի կողմից փաստաթղթեր հափշտակելու հանգամանքը: Բանն այն է, որ Ա. Բաբաջանյանի հետ Վահե Աբովյանի եւ Արմինե Առաքելյանի հարաբերությունները խզվել են դեռ 2002թ.: Եվ ենթադրաբար, նրանց փաստաթղթերը պետք է հափշտակված լինեին 2002 թվականից ոչ ուշ: Մինչդեռ, ինչպես նշեց փաստաբանը, 2005-ին Վ. Աբովյանն ու Ա. Առաքելյանը երեխաներից մեկին դպրոց ընդունելու ժամանակ պահանջվող փաստաթղթերի շարքում ներկայացրել էին նաեւ երեխայի ծննդյան վկայականը: Իսկ դրանց անհետանալու փաստը հայտնի է դարձել 2006թ. միայն: Եվ բացի այդ, մինչեւ հիմա տուժողները որեւէ հայտարարություն չեն արել ու կասկած չեն հայտնել իրենց տնից փաստաթղթերի կորստյան կամ գողության մասին: Ուստի, քրեական գործում Բաբաջանյանի կողմից փաստաթղթեր հափշտակելու փաստը հիմնավորող բավարար ապացույցներ չկան: Եվ հետո, կեղծվել են ոչ թե փաստաթղթերի բնօրինակները, այլ դրանց լուսապատճենները: Ըստ փաստաբան Ռոբերտ Գրիգորյանի` ամբաստանյալի դեմ առաջադրված մեղադրանքները հիմնված են ենթադրությունների վրա: Իսկ չփարատված կասկածները ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի պահանջով մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի: Այս ամենից հետո մեղադրող Կոտիկյանը հայտարարեց, թե ԱՄՆ-ից նամակ են ստացել Արմանի մասին. «Ես դրա բովանդակությունը իրավունք չունեմ հրապարակելու, քանի որ մեղադրանքի ծավալից դուրս է: Սակայն, ի զարմանս ինձ, բողոքի ձայն են բարձրացնում, որ Արման Բաբաջանյանն ինչ-որ այլ գործեր էլ է արել այնտեղ: Ես չեմ բացի փակագծերը, ուղղակի ուզում եմ ասել, որ նա իր հոգու խորքում գիտակցում է` ինչպես է ապրել, ինչպիսի լուսավոր ու մութ էջեր ունեցել»,- բարոյական քարոզ սկսեց կարդալ մեղադրողը: Եվ այդքանից հետո նա միջնորդեց Ա. Բաբաջանյանին մեղավոր ճանաչել առաջադրված երկու հոդվածներով էլ` նրան դատապարտելով 4,5 տարվա ազատազրկման: Ի պատասխան նրա միջնորդության, դահլիճից սկսեցին բղավել՝ «ամոթ, ամոթ»: Իսկ դատավարությանը ներկաներից մի քանիսն էլ, ի նշան բողոքի, ցուցադրաբար լքեցին դահլիճը: «Կամայականորեն խիստ պատիժ նշանակող օրենքի անհիմն կիրառումն իրավաբանական սխալ չէ: Դա չարության անզուսպ պոռթկում է, որը ոչ մի կապ չունի արդարադատության հետ: Անհարիր է այդ միջնորդությունը»,- հայտարարեց փաստաբանը: Վերջինս երեկ միջնորդեց կարճել ամբաստանյալի դեմ փաստաթղթեր հափշտակելու համար 324 հոդվածով հարուցված քրեական գործի վարույթը ու հանցադեպի բացակայության հիմունքներով նրան ճանաչել անպարտ: Ինչ վերաբերում է Բաբաջանյանի կողմից զինծառայությունից խուսափելու փաստին, ապա փաստաբանը նկատեց, որ իր պաշտպանյալը զղջում է արարքի համար: «Եվ հետո ես ինձ անպաշտպան չեմ զգացել այն ժամանակահատվածում, երբ Բաբաջանյանը խուսափել է բանակում ծառայելուց: Եվ հետո նրան կես տարի կամ հինգ տարի պատիժ տալով չեմ կարծում, որ իմ պաշտպանվածությունը կամրապնդվի»,- ասաց փաստաբանը` այդ արարքի համար միջնորդելով նշանակել «ազատազրկման հետ չկապված պատիժ»:

Արման Բաբաջանյանը երեկ դատարանից ժամանակ խնդրեց` իր վերջին խոսքին՝ ճառին նախապատրաստվելու համար: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին: