Գաղտնիք չէ, թե հուղարկավորության արարողակարգի հետ կապված կազմակերպչական հարցերը որքան ծախսեր են պահանջում: Մեր օրերում բազմաթիվ ընկերություններ կան, որոնք հուղարկավորության արարողակարգի կազմակերպման հետ կապված ծառայություններ են մատուցում: Բազմաթիվ անհատ ձեռնարկատերեր եւ կազմակերպություններ են զբաղվում սգո պարագաների վաճառքով:
Այդ բիզնեսը միշտ էլ բավական շահութաբեր է համարվել:
Պարզվում է, որ այդ ընկերություններից եւ անհատ ձեռնարկատերերից շատերն ապօրինի են գործում: Հունվարի 1-ից գործում է ՀՀ Հուղարկավորության մասին օրենքը, որով խստիվ արգելվում է փողոցներում սգո պարագաների ցուցադրություն-վաճառքը, ինչպես նաեւ` պատահական վայրերում դիատար մեքենաների կայանումը:
Երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Կարեն Գեւորգյանը բավական ուշագրավ հայտարարություն արեց. «Օրենքում պարզ նշված է, որ թույլատրվում է դիատար մեքենաները կայանել գերեզմանատների հարակից տարածքներում եւ մեր բնակչության հատուկ սպասարկման պետական փակ բաժնետիրական ընկերության դիատար մեքենաների համար ստեղծված հատուկ տարածքում: Մեր կատարած ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ դիատար ավտոմեքենաների համարյա 80%-ն իրենց տեխնիկական անձնագրերով իրավունք չունեն ընդհանրապես դի տեղափոխելու»: Վերջինիս հավաստմամբ՝ դիակ տեղափոխող մեքենաները պարտադիր պետք է ունենան նաեւ Առողջապահության նախարարության թույլտվությունը: Այդ գործունեությամբ զբաղվողները դիակ տեղափոխելու նպատակով մեքենայի մեջ սայլակ պատրաստելու համար պետք է ունենան նաեւ Պետավտոտեսչության թույլտվությունը:
Ռեստորանատերերը կգերադասեն օրենքը խախտել
Հասարակական վայրերում բարձր երաժշտության աղմուկի համար քաղաքապետարանը բնակչության կողմից բազմաթիվ բողոքներ է ստանում: 2006թ. հունիս ամսից Առեւտրի եւ սպասարկման վարչությունը քաղաքային ոստիկանության հետ համատեղ շաբաթը 2 օր տրամադրում է այդ հարցի կարգավորմանը, քանի որ ամռանն այդ խնդիրն ավելի հրատապ է դառնում: «Հինգշաբթի օրը 2 բողոք ունեինք` Հրազդանի կիրճում գործող «Փարվանա» եւ «Գեղամա» ռեստորանների հետ կապված: Մեր հանձնաժողովը ուրբաթ օրն այնտեղ եղավ եւ արձանագրեց, որ նորմայից բարձր երաժշտություն էր եղել, արձանագրությունը հանձնվեց վարչական իրավախախտումների հանձնաժողովին` նրանց տույժի ենթարկելու համար»,- ասաց Կ. Գեւորգյանը՝ հավելելով, որ հունիս ամսից մինչ օրս ուսումնասիրման են ենթարկվել մոտ 46 նման օբյեկտներ, որոնցից
12-ում արձանագրություններ են կազմվել եւ տույժ ու տուգանքներ են նշանակվել: Ի դեպ, նրա հավաստմամբ՝ եղել են սրճարաններ, որոնք կրկնակի՝ 3-րդ, 4-րդ անգամ են տույժերի ենթարկվել: Վարչական իրավախախտումների մասին օրենքի համաձայն` օրինախախտն առաջին անգամ տուգանվում է 20.000 դրամ, իսկ հետագայում` օրենքը կրկին խախտելու դեպքում այդ գումարը հասնում է մինչեւ 30.000 դրամի: Պրն Գեւորգյանը նշեց, որ կրկնակի կամ եռակի անգամ օրենքը խախտողների համար 30.000 դրամից ավելի տուգանք սահմանելու իրավասություն իրենք չունեն: Ի՞նչ մի մեծ գումար է, օրինակ, «Փարվանա» ռեստորանի սեփականատեր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, կամ ասենք՝ «Գեղամա» ռեստորանի սեփականատիրոջ համար 20-30.000 դրամը (եւ սա վերաբերում է բոլոր ռեստորան-սրճարաններին): Իհարկե, նրանք կգերադասեն օրենքը անընդհատ խախտել, քան երաժտության ձայնը ցածրացնել: Նույնիսկ այն դեպքում, երբ երաժտության ձայնի ցածրացնելն իրենց իսկ բիզնեսի շահերից է բխում, որվհետեւ այդպիսով նրանք նաեւ հաճախորդ են կորցնում:
Հաց արտադրողները կկանգնեն դատարանի առջեւ
Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Կարեն Գեւորգյանն անդրադարձավ նաեւ քաղաքի հացաթխման արտադրամասերի գործունեությանը: Բնակելի շենքերի 1-ին հարկերում, կիսանկուղներում, նկուղներում գործող արտադրամասերից շատերն իրավունք չունեն ընդհանրապես նման տարածքներում նման գործունեություն ծավալել: «Այդ հսկողությունը վերացել էր, աչքաթող էր եղել այն առումով, որ չկար օրենքի այնպիսի մի լծակ, որով գործունեությունը սկսելուց անպայման իրազեկեն թե՛ տեղական ինքնակառավարման մարմիններին, թե՛ քաղաքապետարանին»,- նշեց Կ. Գեւորգյանը: Առեւտրի եւ սպասարկման վարչության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նման պայմաններում չի կարելի հացաթխում կազմակերպել, ավելին՝ ամբողջ քաղաքի հացաթխման արտադրությունները հաշվառվում են, որպեսզի «Մենք կառավարություն մտնենք, օրենքի փոփոխություն կատարվի կամ ինչ-որ մի լծակ ձեռք բերենք, որպեսզի նման գործունեությամբ զբաղվողները հաշվի առնեն շինարարական նորմերի օրենքը, իսկ, եթե կամավոր կերպով չհամաձայնեն օրենքին ենթարկվել` մենք երեւի կդիմենք դատարան, որպեսզի դատարանի որոշմամբ դադարեցնենք իրենց գործունեությունը՝ պարտադրելով օրենքին ենթարկվել»,- վստահեցրեց Կ. Գեւորգյանը:
Կկառուցվեն հասարակական զուգարաններ
Բազմիցս չարչրկված՝ փողոցային առեւտրի թեման նույնպես երեկ քննարկվեց: Կ. Գեւորգյանը նշեց, որ այս տարի Երեւանի խորհուրդն այդ հարցի հետ կապված ծրագիր է հաստատել: «Դա այն ծրագիրն է, որ մենք փողոց առ փողոց հաշվառում ենք առեւտրի եւ սպասարկման բոլոր տեսակի օբյեկտները, ի հայտ ենք բերում նրանց իրավական դաշտում լինելը, նրանց ճիշտ տեղակայված լինելը: Պետք է ասեմ, որ այս տարի արդեն բավականին գլխավոր պողոտաներ քաղաքապետի որոշմամբ կանոնակարգել ենք: Դա Կոմիտասի պողոտան է, որտեղ դեռ նաեւ Լինսի ծրագրով անելիքներ կան, եւ Տիգրան Մեծ պողոտան է: Օգտվելով այն հանգամանքից, որ Լինսի ծրագրով պետք է կանոնակարգվի՝ այնտեղ մենք զուգահեռ անցկացնում ենք առեւտրի եւ սպասարկման ոլորտների կանոնակարգման աշխատանքները»,- հավաստիացրեց Կ. Գեւորգյանը՝ նշելով, որ Կոմիտաս պողոտայում շուրջ 48 կրպակ-տաղավարներ ապամոնտաժվել են, քանի որ գտնվում էին անթույլատրելի վայրերում: Շուրջ 73 կրպակներ եւ սպասարկման ոլորտի կետեր ենթարկվելու են արդիականացման: Ի դեպ, Կ. Գեւորգյանի խոսքերով՝ Կոմիտաս եւ Տիգրան Մեծ պողոտաներում նախատեսվում է կառուցել հասարակական զուգարաններ: Քոչինյան եւ Աճառյան փողոցներում նույնպես կկատարվեն կանոնակարգման աշխատանքներ, ընդ որում, Աճառյան փողոցում մայթեզրերի վրա գտնվող 12 տաղավարներ արդեն ապամոնտաժվել են: