Բոլորն ուզում են օբյեկտ աշխատեցնել

05/09/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի նախկին արդյունաբերական տնտեսությունը ներկայումս որակվում է ագրարային բնույթի, քանի որ տնտեսության մեջ զբաղվածների 40 տոկոսը հիմնականում գյուղատնտեսության մեջ են: Փոխարենը, արդյունաբերության մեջ զբաղվածները կազմում են ընդհանուրի 15-17 տոկոսը:

Ըստ տնտեսագիտության դոկտոր, Պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, միջազգային տարբեր ծրագրերի խորհրդական Անահիտ Մելքումյանի, ամեն տարի մեզ մոտ ստեղծվում են ավելի քան 10 հազար աշխատատեղեր, այսինքն, 10 անգամ ավելի, քան պաշտոնական թվերն են: Պաշտոնապես հայտարարվածների թիվը չի անցնում 5 հազարը: Ըստ փորձագետի, դա բացատրվում է նրանով, որ կան բազմաթիվ աշխատատեղեր, որ չեն գրանցվում, քանի որ գործատուները ձգտում են փոքր ցույց տալ իրենց աշխատավարձային ֆոնդը: Օրինակ, ծառայությունների ոլորտում (սրճարաններ եւ այլն) աշխատողները, հիմնականում, բանավոր պայմանավորվածությամբ են աշխատում: Հայաստանում զբաղվածների իրական թվերը թաքցվում են, եւ այս ոլորտը, փորձագետի կարծիքով, օրենսդրորեն կարգավորման կարիք ունի: Նրա ասելով, մեզ մոտ հիմնական աշխատատեղերը ստեղծվում են մասնավոր սեկտորում, որտեղ աշխատողները չեն հաշվառվում, քանի որ այդ հատվածը հաշվետվություններ չի ներկայացնում, այն ժամանակ առ ժամանակ ուսումնասիրվում է ընտրանքային հետազոտությունների միջոցով: Վիճակագրական ծառայությանը հաշվետու են միայն 9000 կազմակերպություններ, որոնք կազմում են տնտեսության 35 տոկոսը: «Բայց դա մեր տնտեսության մի չնչին հատվածն է: Զբաղվածության ծառայությունը չի կարողանում գրանցել բոլոր թափուր աշխատատեղերը, որովհետեւ ոչ բոլոր գործատուներն են վստահում («Բնակչության զբաղվածության մասին» օրենքով` գործատուն պետք է տրամադրի տեղեկություններ թափուր աշխատատեղերի վերաբերյալ) գործազուրկներին, նրանց որակավորմանը: Ստեղծվող նոր աշխատատեղերի նկատմամբ գործատուները մեծ պահանջարկ են ներկայացնում, եւ դրանք նախատեսված են հիմնականում որակյալ մասնագետների` բանվորների, բժիշկների համար: Այսօրվա դրությամբ, հանրապետության մարզերում միայն 200 բժշկի թափուր տեղեր կան: Պաշտոնական տվյալներով, ընդամենը 1000 թափուր աշխատատեղ ունենք, մինչդեռ աշխատանք փնտրողները 100 հազարից ավելին են»,- նկատում է Ա. Մելքումյանը: Մասնագետի դիտարկումների համաձայն` գյուղատնտեսության մեջ զբաղվածների 40 տոկոս ցուցանիշն էլ չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ այստեղ զբաղված են համարվում նրանք, ովքեր հողամաս ունեն: Պետք է նկատել, սակայն, որ ոչ բոլոր դեպքերում են հող ունեցողները զբաղվում հողագործությամբ: Հիմա գնում է գյուղացիական տնտեսությունների խոշորացում, ինչը, նրա կարծիքով` կբերի աշխատուժի ճիշտ վերաբաշխման` գյուղատնտեսությունից դեպի ծառայություններ եւ այլ ոլորտներ: Նա կարծում է, որ այս գործընթացը պետք է արագացնել` զարգացնելով ենթակառուցվածքները, ինչն իր հերթին ենթադրում է գյուղերում արդյունաբերական, գյուղատնտեսական ապրանքների վերամշակման կետերի ստեղծում, որը կմեղմի գյուղատնտեսության սեզոնայնությունը, որովհետեւ գաղտնիք չէ, որ ձմռան ամիսներին գյուղացիներն աշխատանք չեն ունենում: Այս առումով, Չինաստանում տվյալ հարցի լուծումը գտել են. ստեղծել են «վիլիջ-թաուն», այսինքն՝ «գյուղ-քաղաք» ձեռնարկություններ` միաժամանակ ամբողջ աշխարհը ողողելով չինական ապրանքատեսակներով: Ա. Մելքումյանը կարծում է, որ ժամանակն է` մեր մարզերում էլ, հատկապես սահմանամերձ եւ ազատագրված տարածքներն ամրապնդելու համար, տեղակայել գյուղմթերքների վերամշակման փոքր օբյեկտներ: «Դրա համար կարելի է օգտագործել վարկավորման մեխանիզմները, ոչ թե գրավի դիմաց, այլ, ասենք, ինչպես Չինաստանում եւ շատ երկրներում է ընդունված՝ կիրառել վստահության գործոնը: Վարկերի վերադարձելիությունը երաշխավորելու համար, այդ պարտավորությունը իր վրա կարող է վերցնել որեւէ ասոցիացիա»,- նշում է փորձագետը:

Ա. Մելքումյանի գնահատումների համաձայն, Հայաստանում ներկայումս ամենաբարձր վարձատրվող ոլորտը բանկային համակարգն է, որտեղ միջին աշխատավարձը հասնում է մինչեւ 200 հազարի, ինչը միջին անվանական աշխատավարձից 4 անգամ բարձր է: Երկրորդ տեղում ինֆորմացիոն տեխնոլոգիաներն են, այնուհետեւ` արդյունաբերության որոշ ենթաճյուղերը, օրինակ, ադամանդի վերամշակման արտադրությունը: Ի դեպ, բարձր են վարձատրվում նաեւ Զանգեզուրի Պղնձամոլիբդենային գործարանի աշխատակիցները:

Ա. Մելքումյանի դիտարկմամբ, Հայաստանի աշխատաշուկայի վիճակն այդքան էլ վատ չէ, չնայած այն հանգամանքին, որ եւ պաշտոնական, եւ ոչ պաշտոնական տվյալներով առաջարկը գերազանցում է պահանջարկին: Միեւնույն ժամանակ ունենք մասնագիտություններ, որոնց գծով պահանջարկն է գերազանցում առաջարկին, օրինակ` համակարգչային մասնագիտությունները, որոնց պահանջարկն ամբողջ աշխարհում է զգացվում: Փորձագետը կարեւորում է նաեւ այն փաստը, որ Հայաստանը հայտ է ներկայացրել մտնել առաջատար երկրների շարքը` խթանելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը: Վերջին տվյալներով, սերտիֆիկացված համակարգչային մասնագետների գծով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 20-րդ տեղը, ինչը, մասնագետի կարծիքով, շատ բարձր ցուցանիշ է: Ներկայումս մեզ մոտ շուրջ 960 միջազգային սերտիֆիկացիա ստացած տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ կան: Իսկ բնակչության 1000 շնչի հաշվով, Հայաստանը, այս առումով, աշխարհում գրավում է առաջին տեղը: Ըստ Մաքենզիի եւ մասնավոր հատվածի հզորացում ծրագրի գնահատումների` մոտակա 10 տարիների ընթացքում, այս ոլորտում տարեկան կզգացվի 1000 մասնագետի լրացուցիչ պահանջարկ: Այժմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղվածների թիվը շուրջ 5 հազար է, իսկ այդ կանխատեսումների համաձայն` կհասնի 15 հազարի: Փորձագետի դիտարկումներով՝ 2010թ. հետո ակնկալվում է, որ աշխատաշուկայի առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցությունը կթուլանա, այսինքն՝ աշխատունակ տարիքի քիչ երիտասարդներ կունենանք, քանի որ 1990-ական թվականներին ունեցել ենք ծնելիության անկում: Այսպես, եթե 1987թ. բնական աճը կազմել է 18,3, ապա ներկայումս կազմում է 2-3 պրոմիլ, այսինքն, բնական աճը նվազել է մոտ 9 անգամ: Ա. Մելքումյանի ասելով, դեմոգրաֆիկ գործոնն անմիջականորեն ազդում է աշխատաշուկայի վրա, որի պահանջներին համապատասխան պետք է իրականացնել դեմոգրաֆիկ ճիշտ քաղաքականություն: «Ինչո՞ւ չէ, կարելի է հետեւել հարեւան Ռուսաստանի օրինակին, որը 2010 թվականից առաջարկում է հիփոթեքային վարկերի տրամադրում եւ վարում` կախված ընտանիքում երեխաների թվաքանակից: Չնայած վատթարացող դեմոգրաֆիկ վիճակին, Հայաստանը ԱՊՀ տարածքում միակ քրիստոնյա երկիրն է, որն ունի դրական աճ: Օրինակ, նույն Ռուսաստանում բնակչության կազմում տարեկան 100 հազար մարդ կրճատվում է, չնայած Պուտինի վարած խրախուսվող միգրացիոն քաղաքականությանը»,- նշում է աշխատաշուկայի մասնագետը: Ա. Մելքումյանը Հայաստանի թիվ մեկ խնդիրն այսօր համարում է որակյալ մասնագետների պակասը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Լոռու եւ Տավուշի մարզերում զգացվում է հատկապես բարձրորակ բանվորների կարիք, ինչը միջին մասնագիտական կրթական համակարգի բացթողումներից է: Փորձագետն ընդգծում է նաեւ մի կարեւոր հանգամանք, որը խիստ հատուկ է հայկական մենթալիտետին, դա բավական բարձր աշխատավարձով, ասենք՝ 40 հազար դրամով (մարզի բնակչի համար այն բարձր աշխատավարձ է համարվում) որոշ աշխատանքներից հրաժարվելը, օրինակ՝ բարձման-բեռնաթափման աշխատանքից եւ այլն: «Նրանք գերադասում են ունենալ մի փոքրիկ օբյեկտ եւ նստած առեւտուր անել, այսինքն` հայերի մենթալիտետի մեջ այսօր գերիշխում է այն մտածելակերպը, որ չչարչարվելով կարելի է փող վաստակել»,- եզրակացնում է Ա. Մելքումյանը: