Հաշվի նստեք կուսակցության շահի հետ

03/09/2006

«Կուսակցությունը ոհմակ չէ եւ բոլորովին պարտավոր չէ ցանկացած հարցում պաշտպանել իր կուսակցականին: Ցանկացած կուսակցական պիտի հասկանա, որ գտնվում է կազմակերպությունում. կան կազմակերպության շահեր, կա կանոնադրություն, կա կարգապահություն: Միայն անձնական որոշ հարցերից ելնելով որոշում կայացնելու պարագայում ինքը պետք է լինի պատասխանատուն, եւ ինքը պետք է լինի իր գլխի տերը: Եթե ինքն է որոշում կայացնում առանց կուսակցության, եւ կուսակցության գոյության հետ հաշվի չի նստում, ինչո՞ւ պետք է կուսակցության օժանդակությունը ստանա»,- սա ՀՀԿ խորհրդի նորընտիր նախագահ, Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի պատասխանն է ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ Աջափնյակի տարածքային կառույցի ղեկավար Արման Սահակյանին, ով հոկտեմբերի 29-ին Աջափնյակ համայնքի թաղապետի ընտրություններին մասնակցելու համար դուրս էր եկել փոխքաղաքապետի պաշտոնից: Չնայած ՀՀԿ խորհրդի կայացրած որոշմանը, որ եթե Ա. Սահակյանը չենթարկվի ՀՀԿ խորհրդի որոշմանն ու չհայտարարի, որ չի դնելու իր թեկնածությունը, ապա կենթարկվի կարգապահական պատասխանատվության, Արման Սահակյանը երեկ դարձյալ վերահաստատել է, որ` անկախ ՀՀԿ որոշումից, ինքն իր թեկնածությունը դնելու է: Իսկ այս պարագայում, ըստ ՀՀԿ-ականների, Ա. Սահակյանը կհեռացվի կուսակցությունից` անկախ այն բանից, որ նա Գալուստ Սահակյանի որդին է: ՀՀԿ-ականների փոխանցմամբ, սրանով ՀՀԿ ղեկավարությունն ուզում է իր շարքերին հասկացնել, որ «անձնական շահերով» առաջնորդվող ցանկացած մեկը կարող է արժանանալ նույն ճակատագրին` անկախ նրանից, թե ով է: