Մեր քաղաքացիների մի մասը բնակարան չունի եւ ցանկանում է ձեռք բերել, մյուս մասն էլ ուզում է վաճառել: Բացի այդ, քաղաքացիներ էլ կան, ովքեր հնարավորություն ունեն ձեռք բերել երկրորդ, երրորդ բնակարանը, մանավանդ, որ փոխարժեքի այսօրվա տատանումների պայմաններում հայտնի չէ, թե ունեցածդ գումարը վաղն ինչ է դառնալու: Նրանք, ովքեր փող ունեն, բայց չեն ուզում կամ չեն կարողանում բիզնեսի մեջ ներդնել, գերադասում են բնակարան ձեռք բերել եւ վարձով տալ: Մանավանդ, որ բանկերին ավանդներ պահ տալու ավանդույթը դեռ չի վերականգնվել: Ինչեւէ, մեզանից շատերը բնակարանային խնդիրներ ունեն եւ ուշադիր հետեւում են անշարժ գույքի շուկայի գների թռիչքներին: Իսկ դրանք բոլորովին էլ հուսադրող չեն, ավելի շուտ` հուսահատեցնող են: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կիսամյակային հաշվետվությունը ցույց է տալիս, որ Երեւանում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները 2005թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 32,9%-ով: Այս պայմաններում նույնիսկ այդ բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվն ավելացել է՝ 6,3 %: 2006թ. 1-ին կիսամյակում միայն Երեւան քաղաքում կատարվել է բնակարանի 7980 առքուվաճառք: Արդեն պարզ է, որ ամենաթանկ բնակարանները վաճառվել են Կենտրոն համայնքում, որտեղ 1քմ գինը տատանվում է 400-1300 դոլարի սահմաններում: «Ամենաէժան» համայնքը շարունակում է մնալ Նուբարաշենը, որտեղ բազմաբնակարան շենքի 1քմ-ն արժե 130-300 դոլար: Կենտրոնից հետո ամենաթանկ համայնքը Արաբկիրն է՝ 1 քմ-ն` 250-950 դոլար: Մնացած բոլոր համայնքների բնակարանների գները գրեթե նույն արժեքն ունեն՝ 1քմ-ի համար` մոտավորապես 200-500 դոլար: Երեւանի ամենաթանկ առանձնատներն էլ Կենտրոնում են վաճառվել՝ 1 քմ-ի համար 300-ից մինչեւ 2000 դոլար արժեքով: Մնացած համայնքներն էլ` նույն համամասնությամբ:
Անշարժ գույքի առքուվաճառքի մասնագետների հավաստմամբ, Երեւանի բնակարանային շուկայում ընդամենը 70-80 բնակարանի միաժամանակյա պահանջը կարող է հանգեցնել գների կտրուկ բարձրացմանը: Իսկ Երեւանի անշարժ գույքի շուկան վերջին տարիներին նման վիճակների մեջ շատ հաճախ է ընկնում, որովհետեւ սփյուռքահայերը հիմա մեծ ցանկություն ունեն մի բնակարան էլ պատմական հայրենիքում ունենալ: Բացի այդ, օտարերկրացի մեր հայրենակիցների նման մղումները հատկապես սուր դրսեւորումներ են ունենում աշխարհաքաղաքական գործընթացների պատճառով: Օրինակ, երբ միջազգային հանրության, հատկապես Ամերիկայի հարաբերություններն այդ երկրի հետ վատացան (Իրանն ուրան է հարստացնում, իսկ Ամերիկան դեմ է դրան) Երեւանի տները սկսեցին թանկանալ: Պարսկահայերը սկսեցին մեծ թափով տներ գնել: Նրանք նույնիսկ խմբովին ձեռնամուխ եղան Երեւանում էլիտար շենքեր կառուցելուն: Իրանահայերից բացի, Երեւանում տներ են ձեռք բերում հենց պարսիկներն ու իրանցի ազերիները: Այս տարի, մասնագետների հավաստմամբ, Երեւանի անշարժ գույքի շուկան թանկացրեց Իսրայելալիբանանյան պատերազմը: Այնտեղի հայերն էլ սկսեցին այստեղ տներ ձեռք բերել: Թերեւս Երեւանում բնակարան ձեռք բերողների ամենամեծ խումբը ՌԴ մեկնած մեր հայրենակիցներն են: Ճիշտ է` նրանցից ոմանք գնալուց իրենց բնակարանները վաճառում են, սակայն հնարավորության դեպքում նորից են գնում: Բայց ցավալին այն է, որ մեր երկրում անշարժ գույքի գներն ինչքան էլ բարձրանան, դա պահանջարկից կամ ժողովրդի գնողունակությունից չի բխում: Կարծիք կա, որ այս շուկայի թանկացումն արհեստականորեն է եղել, եւ շատերը հիմնականում դա կապում են Երեւանի կենտրոնի կառուցապատողների քմահաճույքին: 2006թ. առաջին կիսամյակին Երեւանում գործարկվել է 165.417 քմ բնակելի տարածք: Սակայն դա տեղի բնակիչների բնակելի խնդիրները բոլորովին էլ չի բավարարել: Ինքներդ փորձեք ձեր շրջապատում տեսնել, թե այս տարի տուն չունեցող քանի՞ ընտանիք է տնավորվել:
Երեւանից հետո Հայաստանի «ամենաթանկ» քաղաքն Աբովյանն է, հետո` Էջմիածինը եւ Նոր Հաճընը: Աբովյանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ-ն արժե 130-250 դոլար, Էջմիածնում՝ 110-250 դոլար, իսկ Նոր Հաճընում՝ 90-170 դոլար: Մինչդեռ հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքներ Գյումրիում եւ Վանաձորում այդ թվերը տատանվում են 60-200 դոլարի սահմաններում: Թվում է` հակառակը պետք է լիներ: Սա հավանաբար պայմանավորված է նրանով, որ այս 2 քաղաքներն, ի տարբերություն, ասենք, Նոր Հաճընի, արտադրական հնարավորություններ շատ քիչ ունեն: Հիշեցնենք, որ Նոր Հաճընում կան ադամանդի վերամշակման մոտ 10 մեծ ու փոքր գործարաններ: Ամենաէժան քաղաքը Լոռու մարզից Շամլուղն է, որտեղ բնակարանի 1քմ-ն արժե ընդամենը 2300-8300 դրամ կամ 6-19 դոլար:
2006թ. առաջին կիսամյակին 2005թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել են նաեւ հողերի առքուվաճառքի գործարքները՝ 24,4 %: Ի դեպ, հողերի առքուվաճառքի շուկան ավելի հետաքրքիր ու մութ է, քան բնակարանների, շենք-շինությունների շուկան: Այստեղ այնքան հետաքրքիր չէ, թե քանի գործարք է տեղի ունեցել, որքան հետաքրքիր է, թե ինչ գներով են վաճառվել: Բոլոր դեպքերում, ասենք, որ այս տարվա առաջին կիսամյակում վաճառվել է 8221 միավոր հողակտոր, որից 1049-ը կամ 426 հեկտարը՝ Երեւանում: Հողերի առքուվաճառքի առավել մեծ ծավալներ արձանագրվել են Արմավիրի մարզում՝ 9121 հա, որի 90 տոկոսը գյուղատնտեսական նշանակության է: Գաղտնիք չէ, որ մեր իշխանությունների որոշ ներկայացուցիչներ, նաեւ գործարարներ, սկսել են գյուղատնտեսությամբ զբաղվել, իսկ Արմավիրի մարզն այդ նպատակի համար ամենահարմարն է: Կադաստրի կոմիտեն հողերի առքուվաճառքի շուկան բաժանել է երկու մասի՝ պետական նշանակության եւ մասնավոր սեփականություն հանդիսացող հողերի առքուվաճառք: Այ, հենց այս մասն է, որ շատ հետաքրքիր է: Օրինակ, Արագածոտնի մարզում վաճառվել է պետական՝ գյուղատնտեսական նշանակության մոտ 1200 հա հող, որի 1 հա միջին արժեքն ընդամենը 512 դրամ է: Նույն ժամանակ նույն մարզում վաճառվել են մոտ 240 հա գյուղատնտեսական նշանակության մասնավոր հողեր` 1 հա համար միջինը 2148 դրամ: Այսինքն` պետական հողերը մասնավորի համեմատ 4-5 անգամ ավելի էժան են եղել: Գրեթե նույն պատկերն է նաեւ մյուս մարզերում: Սա, իհարկե, չի նշանակում, թե մասնավորներն ավելի բերրի են, քան պետականները: Այս հանգամանքը կասկածի տեղիք է տալիս, որ մեր պետական մարմինները հողերը վաճառել են շուկայական արժեքով, սակայն պետբյուջե սիմվոլիկ գումար են վճարել: Նույն վիճակն է ամբողջ հանրապետությունում: Բացի այդ, հողերի մեծ մասը վաճառվել է ուղղակի վաճառքով: Մինչդեռ մեր բարձրագույն իշխանությունները հաճախ են սիրում կրկնել, թե առաջնայնությունը պետք է աճուրդին տալ: Միայն Երեւանում առաջին 6 ամիսներին վաճառվել է 559 միավոր կամ 460 հա հող, որից աճուրդին բաժին է հասել ընդամենը 7 հեկտարը: Նույն վիճակում են նաեւ կառուցապատման համար ձեռք բերված հողերի գները: Ուղղակի անհասկանալի է, թե կադաստրը մարզերի հետ միասին ինչո՞ւ Երեւանում վաճառված հողերի գների պատկերը չի տվել: Միգուցե՞ նրա համար, որ վիճակն ավելի խայտառակ էր: Եվ ափսոս, որ այդ հիմնարկը չի տալիս նաեւ պետական նշանակության շինությունների վաճառքի գները, որ մենք իմանայինք, թե մեր պետական այրերն ինչպես են «քուռուփուչ» անում նաեւ այդ միջոցները: