Օրերս լրատվամիջոցներով հայտարարված ամերիկացի մեծահարուստ Ջոն Հանթսմանի կողմից ՀՀ-ում ուռուցքաբանության ժամանակակից կենտրոն հիմնելու լուրը հասարակության տարբեր շերտերում հակասական մեկնաբանությունների տեղիք տվեց: Աճեց հետաքրքրությունն ինչպես օտարազգի բարերարի, այնպես էլ` այն կրոնական կազմակերպության նկատմամբ, որին նա հարում է:
Ջ. Հանթսմանը Հայաստանում բարեգործական ծրագրեր է իրականացրել դեռեւս 1988թ.-ից: Ըստ մամուլի հրապարակումների, երկրաշարժին հետեւած տարիների ընթացքում Հանթսմանների ընտանիքն աղետից տուժածներին ընդհանուր առմամբ հատկացրել է 18 մլն դոլարի մարդասիրական օգնություն: Հայաստանում ծավալած հումանիտար գործունեության համար Հանթսմանը ժամանակին (2-3 տարի առաջ) արժանացել է նաեւ Մեսրոպ Մաշտոցի անվան պետական շքանշանի, ինչը ժամանակին մեծ աղմուկ է առաջացրել: Ի դեպ, Հանթսմանը նաեւ Գյումրիի պատվավոր քաղաքացի է: 2006թ. օգոստոսի 23-24-ը լինելով Հայաստանում (այստեղ նա եղել է երկու տասնյակ եւ ավելի անգամ), Ջ. Հանթսմանը հանդիպել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ առողջապահական կենտրոն բացելու առաջարկ է արել, եւ դրական պատասխանի է արժանացել: Դեռեւս 1990 թվականից Երեւանում գործում է «Հանթսման բիլդինգ փրոդաքթս» ՍՊԸ-ն, որը զբաղվում է կղմինդրի եւ ծածկի սալիկների արտադրությամբ: Հանթսման կորպորացիայից տեղեկացրին, որ ուռուցքաբանության կենտրոն բացելու ժամանակացույցը դեռեւս հստակեցված չէ, որոշված չէ նաեւ, թե Երեւանի որ հատվածում այն կկառուցվի: «Առայժմ դրանք պլաններ են, եւ դեռ պարզ չէ, թե ամերիկացի բժիշկների համագործակցությունը հայ մասնագետների հետ ինչպես կընթանա»,- նշեց կորպորացիայի աշխատակցուհին: ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանի կարծիքով, Հանթսմանի ակցիան Հայաստանում պետք չէ դիտարկել կրոնական կազմակերպության համատեքստում, որին անդամակցում է վերջինս: Իսկ Հանթսմանը հարում է «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի» կամ մորմոնների ուսմունքին: Ինչ վերաբերում է մորմոններին, ապա Հ. Խառատյանի խոսքերով, այս կրոնական կազմակերպությունը շատ օրինապահ է, ինքն իր ներսում` ամուր եւ կառուցողական է: Մորմոնները, որպես կրոնական կազմակերպություն, ՀՀ-ում գրանցվել են 1992թ.-ից, ունեն 8 կենտրոն, որից 5-ը` Երեւանում է, հրատարակում են «Լիահոնա» ամսագիրը: Նրանց տրամադրած տվյալների համաձայն, հանրապետության տարածքում այս ուսմունքի հետեւորդների թիվը հասնում է մոտ 2000-ի, սակայն, ըստ մեր աղբյուրների` իրականում նրանք մեզ մոտ ավելի շատ են: Նույն աղբյուրի հավաստմամբ, մորմոնները վերջին շրջանում սկսել են գործել շատ ակտիվ` «միսիոներական զույգերով» քարոզ իրականացնելով փողոցներում: Ոչ վաղ անցյալում միանման համազգեստներով օտարերկրացի պատանիները նույնիսկ պատարագի ժամանակ ներխուժել են Արարատյան թեմի առաջնորդանիստ «Սուրբ Սարգիս» եկեղեցի եւ տեղում քարոզ իրականացրել, մասնավորապես` ներկա հավատացյալներին հորդորել մոմ չվառել, եւ թռուցիկներ են բաժանել: Փաստորեն, նրանց «օրինապահությունը» նաեւ այսպես է դրսեւորվում: Բնականաբար, հոգեւորականները մորմոններին արգելել են իրենց «միսիան» ավարտին հասցնել, դեպքին միջամտել են նաեւ եկեղեցու տարածքում գտնվող ոստիկանները: Միջադեպի առնչությամբ մորմոն-քարոզիչները դիմել են ՀՀ կառավարություն: Դեպքի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել, ավելին, քարոզիչներին հրահանգվել է իրենց գործողություններում լինել շրջահայաց: Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի կարծիքով, մորմոնների աղանդը Հայաստանում ամենաչսիրվածներից է, եւ նրանք իրականացնում են ճղճիմ քարոզչություն, որի նպատակը «ամերիկանիզացումն» է: Ի դեպ, մորմոններն արգելում են ոչ մորմոնների մուտքն իրենց տաճարներ: Աշխարհում գոյություն ունեն 50 մորմոնական տաճարներ: Մեր աղբյուրի հավաստմամբ, մեկ տաճար էլ արդեն ավարտին է հասցվում Հելսինկիում: Մեր զրուցակիցը մտավախություն հայտնեց, թե մորմոնների հեռահար նպատակներից մեկը կարող է լինել նաեւ այն, որ Հայաստանում տարածաշրջանային տաճար կկառուցեն:
Մորմոն «եկեղեցին» համաշխարհային տարածում ունեցող կուռ կազմակերպություն է, որի տարածմանը նպաստում է ակտիվ հոգեորսությունը: «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու» համաշխարհային կենտրոնը գտնվում է ԱՄՆ-ում` Յուտա նահանգի մայրաքաղաք Սոլթ Լեյք Սիթիում, որի բնակչության 75 տոկոսը մորմոն է: Ներկայումս աշխարհի 130 երկրներում մորմոնների թիվը հասնում է 10 մլն-ի: Մորմոնները Հայաստան են ներխուժել 1988թ. հետո, մեր աղբյուրի ասելով, զանազան բարեգործությունների անվան տակ, ի թիվս այլ ուղղվածությունների, հաստատվել են այնտեղ, քանի որ երկրաշարժից հետո Հայաստանում ստեղծված են եղել հոգիներ որսալու եւ ազդեցության գոտիներ ստեղծելու իդեալական պայմաններ: «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին» ներկայանում է որպես հզոր ֆինանսական կայսրություն. նրանց կապիտալն անցնում է 30 միլիարդ դոլարից, որի հիմնական աղբյուրը հետեւորդների կողմից պարտադիր ամսական վճարվող տասանորդներն են: Հսկայական եկամուտ է ապահովում նաեւ մորմոնների ծավալած առեւտրային գործունեությունը: Նրանց են պատկանում ավելի քան 100 առեւտրային ընկերություններ` «Մարիոթ» հյուրանոցային ցանցը, ապահովագրական «Beneficial Life Tnsurance Company»-ին եւ այլն: Մորմոնները մեծ ուշադրություն են դարձնում նաեւ ԶԼՄ-ների վրա. նրանք տիրապետում են որոշ թերթերի, մասնավորապես «Լոս-Անջելես Թայմսին», 11 ռադիոկայանների, 2 հեռուստակայանների: Ըստ հետազոտությունների, գաղափարական ազդեցության հետ մեկտեղ` մեդիաբիզնեսը նրանց բերում է տարեկան 300 մլն դոլարի եկամուտ: Ի տարբերություն հայերի, ՌԴ-ում (Պետդումայի Տեղեկագրի զետեղումների համաձայն) «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին» դասվում է տոտալիտար (քայքայիչ) աղանդների շարքը: ՌԴ նախագահի վարչությանն առընթեր Կրոնական կազմակերպությունների հետ համագործակցության խորհրդին աղանդի ներկայացրած փաստաթղթերի համաձայն, 1990-ական թթ. մորմոնները 14 մլն դոլարի մարդասիրական օգնություն են ներկրել Ռուսաստան եւ տարածել: Մեկ ուշագրավ փաստ եւս. մորմոնների հատուկ ջոկատները թափանցում են պետական արխիվներ: ՀՀ-ում այդ աշխատանքը կենտրոնացնում է «Հայկական ծագումնաբանական միություն» կազմակերպությունը: Ըստ ուսումնասիրողների, նրանք վաղուց ի վեր թափանցել են հայկական սփյուռքի գրեթե բոլոր երկրների համապատասխան արխիվներ, ինչպես նաեւ` Հայ Առաքելական եկեղեցու մահվան գրանցման եկեղեցական մատյաններ` միկրոֆիլմերի տեսքով պատճենելով եկեղեցական, ծննդյան, ամուսնության ու մահվան, կենսագրությունների, գերեզմանատների մակագրությունների, ներգաղթի, թերթերի եւ պետական նշանակության այլ փաստաթղթերի տվյալներ, որոնց պատճենները պահվում են ԱՄՆ Յուտայի նահանգում տեղակայված Ծագումնաբանական միության «Գրանիտե սարի» պահոցներում: Ինչ վերաբերում է ՀՀ-ում ուռուցքաբանության կենտրոն բացելու գաղափարին, ապա, ըստ որոշ պնդումների, դա խիստ անհրաժեշտ բուժհաստատություն կարող է լինել քաղցկեղով հիվանդ, մահամերձ վիճակում գտնվող հիվանդների համար, որոնց մեծ մասն իրենց կյանքի այդ դաժան, դատապարտված հատվածն անց են կացնում տնային պայմաններում` բժիշկների ամենօրյա հոգածությունից հեռու: