Արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ գործարանի մերձակայքում գտնվող թաղամասի բնակիչները ստիպված են շնչել «Ասֆալտագործի» արտադրությունից առաջացած ծանր փոշին: «Օրվա տարբեր ժամերին քարից առաջացած փոշին մշուշի պես ծածկում է մեր տեսադաշտը: Չեք պատկերացնի՝ տանը նստած խեղդվում ենք, ստիպված այս ամռան շոգին դուռ ու լուսամուտը ծածկում ենք, բայց էլի ճար չկա, մեր շնչած օդը լրիվ փոշի ա»,- ասում են տարածքի բնակիչները: Ասածը հիմնավորելու համար նրանք մեզ ցույց տվեցին դրսում փռած իրենց լվացքը, որն իրոք ամբողջովին փոշեպատ էր: «Լվացքն անում ու կեղտոտված հավաքում ենք: Բոլոր խաղերը խաղացին՝ հիմա էլ օդից են զրկում: Մենք, ի՞նչ է, արդեն օդ շնչելու իրավո՞ւնք էլ չունենք: Օլիգարխներն ուզում են փող աշխատել` ոտնահարելով հասարակ քաղաքացու մաքուր օդ շնչելու իրավունքը: Իրենց բիզնեսի համար հարյուրավոր մարդկանց առողջությունն են վտանգում: Թող իրենք էս փոշու մեջ ապրեն՝ տեսնենք կդիմանա՞ն»,- դժգոհում են թաղամասի բնակիչները: Նրանք նաեւ ասում են, որ դեռեւս սովետական տարիներից այս գործարանն ասֆալտ է արտադրել, սակայն նախկինում հավանաբար ինչ-որ ձեւով կանխվել է փոշու արտանետումը: Այն, որ բնակիչների դժգոհությունը միանգամայն արդարացի է՝ կասկած չկա, քանի որ ինքներս ականատես եղանք, թե էկոլոգիապես ինչ աղտոտված միջավայրում են նրանք ապրում: Սակայն կա նաեւ հարցի մյուս կողմը, որի մասին նրանք լռում են: Բանն այն է, որ «Ասֆալտագործ» գործարանը հիմնադրվել է դեռեւս 1960-ական թվականներին, երբ Շիրակի 45 հասցեում բնակելի տներ չեն եղել: Ընդհանրապես Շիրակի փողոցի այդ հատվածում բազմաթիվ գործարաններ կան, եւ նախկինում բնակելի տներ չեն եղել: Մինչդեռ 1970-1980թթ. սկսած հանրապետության տարբեր շրջաններից եկած մարդիկ տեղավորվելով Շիրակի 45 հասցեի տարածքում՝ սեփական տներ են կառուցել: Այդպիսով, կամավոր կերպով հանգրվանելով անմիջապես գործարանների հարեւանությամբ՝ հայտնվել են փոշու գոտում: Այդ տարածքում են գտնվում ասֆալտ արտադրող 2 մեծ գործարաններ, Փայտամշակման գործարանը, Ալրաղացը եւ շատ այլ արտադրություններ, որոնք հատուկ կառուցվել են քաղաքի ծայրամասում՝ բնակիչների առողջությանը չվնասելու համար: Այդ թաղամասը համարվում է օժանդակ տնտեսություն: «Այո՛, մենք այստեղ եկել ենք գործարանի կառուցումից հետո, բայց սա պետություն է, չէ՞, էստեղ Հայաստանի քաղաքացիներ են ապրում, ովքեր սուղ միջոցների պատճառով եկել-տնավորվել են: Մենք ուրիշ հնարավորություն չունենք: Մեր ուժերով ենք այս տները կառուցել, որովհետեւ անտուն մարդիկ ենք եղել: Շատ գործարաններ կան, որոնց հարեւանությամբ բնակելի շենքեր կան, եւ այդ գործարաններն էկոլոգիայի նորմերը պահպանում են: Չկարծեք, թե մենակ մենք ենք տուժում, էս փոշոտ օդն ամբողջ քաղաքն ա շնչում, ուղղակի շերտերով փոշին անձրեւի պես մեր գլխին ա թափվում, որովհետեւ ամենամոտը մենք ենք»,- ասում են բնակիչները, ովքեր, ի դեպ, վկայում են, որ երկար տարիներ գործարանի հարեւանությամբ ապրելով` երբեւէ նման խնդիր չեն ունեցել, բայց այս 2-3 շաբաթվա ընթացքում պարզապես խեղդվում են ասֆալտի փոշուց: Բնակիչների կարծիքով՝ «Ասֆալտագործի» ղեկավարությունը փոշու արտանետումներից պաշտպանող սարքեր չի տեղադրում հաստոցների վրա, այդպիսով տնտեսումներ է անում՝ վնասելով բնակչության առողջությունը:
ՀՀ կառավարության ինտերնետային կայքից մեջբերում ենք ՀՀ Ազգային վիճակագրության պետական խորհրդի անդամ Յուրի Պողոսյանի մեկնաբանությունը. «Առանց մաքրման հոսքաջրերի ջրնետի, աղտոտիչ նյութերի արտանետումների, ինչպես նաեւ չկազմակերպված աղբույսներում տեղադրված թափոնների (առավել եւս վտանգավորության բարձր դասի) զգալի ծավալները լուրջ վնաս են պատճառում շրջակա միջավայրին` աղտոտելով մթնոլորտային օդը, մակերեւութային եւ ստորգետնյա ջրային պաշարները, գյուղատնտեսական հողատեսքերը: Այդ ամենը նպաստում են մի շարք տարափոխիկ հիվանդությունների (ստամոքսաաղիքային, ալերգիկ, շնչուղիների եւ այլն) տարածմանը: Վտանգավորության առավել մեծ ռիսկի գոտում, որպես կանոն, առավել հաճախ հայտնվում են երեխաները եւ կանայք»: Փաստորեն, «Ասֆալտագործ» գործարանը տասնյակ տարիներ ասֆալտի արտադրություն կազմակերպելով` երբեւէ բնակիչների համար էկոլոգիական խնդիրներ չի առաջացրել: Ինչո՞ւ հանկարծ գործարանի աշխատանքը սկսեց վնաս պատճառել մարդկանց: Արդյո՞ք «Ասֆալտագործի» արտադրական տեմպերը կապված չեն Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին հյուրընկալելու հետ, թե՞, այնուամենայնիվ, արտանետումներից պաշտպանող սարքերի բացակայությունն է պատճառը, որը բնապահպանական համապատասխան տեսչությունները չեն նկատում: Այստեղ էլ է մեղավոր Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Բնակիչների հավաստմամբ` «Ասֆալտագործի» արտադրության ծավալներն անսպասելիորեն մեծացել են, քանի որ քաղաքում ասֆալտապատման աշխատանքների համար մեծ քանակությամբ ասֆալտ է անհրաժեշտ: «Ասֆալտագործի» գործադիր տնօրեն Կամո Իսահակյանը որքան էլ փորձեց շրջանցել Ֆրանսիայի նախագահի այցի թեման, այդուհանդերձ, մեր հարցազրույցի վերջում խոստովանեց, որ ավազի փոշու արտանետումները արտադրական տեմպերի հետ են կապված: Իսկ արտադրական տեմպերը, բնականաբար, պայմանավորված են Ֆրանսիայի նախագահի այցով, քանի որ ճանապարհներ են ասֆալտապատում: Պարզվում է՝ «Ասֆալտագործը» Կապի եւ տրանսպորտի նախարարության հայտարարած մրցույթը շահող ընկերությունն է, որը «Զվարթնոց» օդանավակայանից մինչեւ Էջմիածին տանող ճանապարհը պետք է ասֆալտապատի: Թեեւ մրցույթը շահող կազմակերպությունն ասֆալտապատելու համար բավարար ժամանակ ուներ, այդուհանդերձ, Ժ. Շիրակի այցի հետ կապված հանձնարարվել է արագացնել եւ ավարտին հասցնել ասֆալտապատման աշխատանքները: «Շիրակի հետ կապված է, որ փորձում ենք մի փոքր ի վնաս մեր բնակիչների այդ ճանապարհն ասֆալտապատել: Ես չէի ցանկանում ասել, բայց ծրագրված է, որ նա կգնա Էջմիածին, Մուսալեռ, պետք է հասցնենք ավարտին: Անկախ մեր կամքից ստիպված ենք լինում հավելյալ մի քանի մեքենա ասֆալտ բաց թողնել, որպեսզի եռագիծ ճանապարհի ասֆալտապատված հատվածը չփչանա: Այդ փոշու դեմն առնող կոնկրետ տեխնիկա, սարքավորում գոյություն չունի: Ամբողջ սիստեմը հետեւյալն է՝ մի մեծ ջրի տարածք է, որը փոշին մղում է, դուրս է գալիս բակի մեջ եւ, եթե այդ բակը չհասնենք մաքրել՝ ջուրը կփոշոտվի: Արդյունքում առաջանում է բնակիչների բարձրացրած խնդիրը»,- ասաց Կ. Իսահակյանը՝ ավելացնելով, որ դա «մեծ» բան չէ, ընդամենը քարի փոշի է: Կ. Իսահակյանը հասկանում է, որ փոշու մեջ ապրելը տհաճ է, բայց նաեւ նշում է, որ տարբեր հանքերից բերված ապրանքներ են, որոնց էկոլոգիական չափանիշները հաշվի առնելու դեպքում ընդհանրապես պետք է արտադրություն չիրականացնեն: Օրինակ՝ Արաքս գետից հանված ավազի վրա դարերով, տարիներով հավաքված տիղմ է լինում, որը չորացնող սարքի մեջ մտնելով փոշիանում է, եւ չորացած փոշին արտազատվում է, իսկ լրիվ լվացած ավազ բերելու դեպքում կստացվի անորակ ավազ: Փոշու առկայությունն ավազի որակն է ապահովում, բայց ըստ Կ. Իսահակյանի` դա անընդհատ պրոցես չէ, որ լուրջ քննարկման տեղիք տա: «Դուք այսօր հարցրեք բնակիչներին, կտեսնեք, որ մեր արած գործի որակը լավացել է, եւ փոշի չկա: Հումքն ենք լավացրել, բայց բոլոր դեպքերում լրացուցիչ լծակներ չունենք, որ գործարանն ընդհանրապես փոշի չթողնի: Հարակից տարածքում փոշին բացառել հնարավոր չէ, որովհետեւ, կրկնում եմ, նման սարքավորումներ գոյություն չունեն: Բացի այդ, մազութով աշխատող գործարանների պես չենք աշխատում, որ սեւ արտանետում թողնենք, ինչը նույնիսկ բուսականությունն է չորացնում: Մենք գազով ենք աշխատում, հասկանում ենք՝ անդուր բան է փոշու մեջ ապրելը, բայց մենք մաքսիմալ կերպով փորձում ենք քիչ վնաս պատճառել,- վստահեցնում է գործարանի տնօրենը՝ հորդորելով, որ,- մենք շատ չենք աշխատելու, ընդամենը ձեր թերթի անվան («168 Ժամ», այսինքն՝ մեկ շաբաթ: Լ.Ս.) ժամանակահատվածի չափ»: Այնպես որ, նա գործարանի փոշին վերացնելու վերաբերյալ որեւէ խոստում չտվեց: Կ. Իսահակյանը հավաստիացրեց, որ կաշխատեն եւս 168 ժամ, որից հետո կդադարեցնեն արտադրությունը՝ մինչեւ մյուս տարվա ամռան սեզոն: Այսինքն՝ ասֆալտ արտադրողի հարակից տարածքում էկոլոգիական աղտոտվածություն առաջացնելը բնապահպանական նորմերի տեսանկյունից խախտում չէ՞: «Եթե նորմերը չպահպանվեն, դուք էլ գիտեք, թե Բնապահպանության նախարարությունը մեզ ինչ կանի: Սիստեմատիկ հետեւում են, ստուգում են»,- վստահեցնում է պրն Իսահակյանը: Այդուհանդերձ, Կ. Իսահակյանը` որպես ՀՀ քաղաքացի, կարծում է, որ Հայաստան է գալիս մի՛ մարդ, որն ամեն օր չի գալիս, հետեւաբար նա պետք է քաղաքակիրթ ճանապարհով անցնի: Իսկ որքանո՞վ է արդարացի ֆրանսիացի հյուրին միայն արտաքուստ քաղաքակիրթ երեւալու համար մեր քաղաքացիների առողջությունը վտանգելը. «Դե հո մենք Ժակ Շիրակի համա՞ր չենք անում, նա 1 ժամով գալու-գնալու է այդ ճանապարհով, ի վերջո, մենք մեր բնակչության համար ենք անում: Եթե, օրինակ, ձեր տունը հյուր է գալիս, այդ օրը մի քիչ ավելի մաքրություն չե՞ք անում-տանջվում… Հայի հոգեբանություն է, էլի, մենք միշտ էլ դրսինին ավելի շատ ենք սիրել, քան ինքներս մեզ»,- ասում է «Ասֆալտագործի» գործադիր տնօրենը: