Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին որոշել է ավարտել ելույթները հավաքականում: Բերեզովսկին պաշտոնական նամակով դիմել է ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: «Ընտանեկան բնույթի պրոբլեմների առաջացման եւ մարզական միկրովնասվածքների հետ կապված, ինչպես նաեւ` հաշվի առնելով իմ տարիքը, հանգամանորեն քննարկելով բոլոր «կողմերն» ու «դեմերը», ընդունել եմ ինձ համար ոչ հեշտ որոշում` ավարտել իմ կարիերան ՀՀ ազգային հավաքականում: Հաշվի առնելով իմ բազմամյա ելույթներն ազգային թիմում` ինչպես պաշտոնական, այնպես էլ ընկերական հանդիպումներում, հուսով եմ, որ ըմբռնումով կընդունեք իմ որոշումը»,- ասվում է նամակում: Ըստ «Ազատության», մինչեւ այս նամակը, Բերեզովսկու ակումբի՝ «Խիմկի»-ի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ռ. Հայրապետյանի հետ՝ խնդրելով թույլատրել դարպասապահի բացակայությունը սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Բելգիա հանդիպմանը, ինչին ֆեդերացիայի նախագահը չի համաձայնել: Հետո նման խնդրանքով ֆեդերացիայի նախագահին է դիմել նաեւ Բերեզովսկու եղբայրը՝ պատճառաբանելով, որ ակումբում Բերեզովսկին խոշոր գումար վաստակելու հնարավորություն ունի: ՀՀՖ մամլո քարտուղար Արայիկ Մանուկյանն «Ազատությանը» հայտնել է, որ Բերեզովսկու եղբոր խնդրանքին չընդառաջելուց հետո միայն, ամենայն հավանականությամբ, ակումբի ղեկավարների պահանջով, ֆուտբոլիստը դիմել է Ռ. Հայրապետյանին: