Մեր պետության գլխավոր երգի հավակնորդներն արդեն ներկայացվեցին հասարակության դատին։ Երկար ժամանակ ու մեծ ջանքեր գործադրեց ՀՀ Մշակույթի նախարարությունը՝ օրհներգի մրցույթ հայտարարեց, հայտեր ընդունեց, հանձնաժողով կազմեց, բոլոր տարբերակները քննարկեց (որոնց մեջ, ի դեպ, շատ էին սիրողական եւ քննարկման ոչ արժանիները), հեղինակների՝ միմյանց ուղղված մեղադրանքների ու ամբիցիաների բախմանը դիմացավ։
Նախարարության ծանր եւ ներկա պահին առաջնային համարվող աշխատանքը դեռ չի ավարտվել: Ընտրված հինգ տարբերակներից դեռ պետք է միակ ամենաազդեցիկն ու տպավորիչն ընտրվի։ Երկու օր առաջ կազմակերպված օրհներգի տարբերակների հանրային լսումների արդյունքում քաղաքացիների մեծամասնության կարծիքը կարելի է այսպես ձեւակերպել. «Լավ գործեր կային, բայց չենք պատկերացնում, որ դրանցից որեւէ մեկը պիտի հիմն դառնա»։ Արդյոք այդքան հրատապ եւ կարեւո՞ր է ներկայիս օրհներգը նորով փոխարինելու խնդիրը: Մեր համաքաղաքացիներից շատերը չեն հասկանում, թե ինչո՞ւ է այդ հարցն այդքան հրատապ խնդիր դարձել: Բայցեւ ընդունում են, որ նոր օրհներգի հեղինակ դառնալը շատերի համար բաղձալի պատիվ է, եւ այդ պատճառով է մրցույթ կազմակերպված։ Մեր հարցումների արդյունքում պարզվեց, որ անվերապահորեն նախապատվությունը չի տրվում եւ ոչ մի տարբերակի՝ մեկին բառերը դուր չեն եկել, մյուսը բառերը պարզապես չի հասկացել, երրորդը՝ բառերի եւ երաժշտության համադրմանն է դեմ։ Տարբերակները հիմնականում (բացի, թերեւս, Երվանդ Երզնկյանի եւ Արարատ Բ-ի տարբերակի) բավականին դժվարամարս էին, դժվար է պատկերացնել, որ դրանցից որեւէ մեկի հնչյունները մարդկանց սրտերի մեջ կթափանցեն, կհորդորեն ոտքի կանգնել եւ երգչախմբի հետ միասին երգել։ Թեեւ Արարատ Բ կեղծանվան տակ հանդես եկող հեղինակը (ասում են, որ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն է) պարզության է ձգտել, սակայն երգն այդպես էլ մեծ թվով երկրպագուներ չունեցավ. որոշ մարդկանց կարծիքով` պատճառը պարզունակ «առաջ»-«քաջ» եւ «հզոր»-«այսօր» հանգավորումներն էին։ Լավ ընդունվեց Տիգրան Մանսուրյանի՝ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ի հիման վրա գրված տարբերակը, քանի որ այդ բանաստեղծությունը բոլորին ծանոթ է դեռ դպրոցական տարիքից եւ իր տեղն է զբաղեցրել մարդկանց ուղեղներում։ Կոմպոզիտորը կարողացել է բանաստեղծության երկար տողերը հնչեցնել, սակայն օրհներգի հավակնող այդ գեղեցիկ ստեղծագործությունը չարժանացավ ունկնդիրների խանդավառությանը, բացի՝ «Ես իմ Մասիս սարն եմ սիրում» կրկներգից, այն դժվար էր հիշվում։ Լսարանը ցանկանում էր առաջին իսկ նոտաներից հիշվող տարբերակ լսել։ «Օրհներգը պետք է այնպիսին լինի, որ յուրաքանչյուր առաջին դասարանցի կամ զինվոր այն երգել կարողանա»,- ասում էին շատերը։ Ի դեպ՝ օրհներգի տարբերակների դահլիճային առաջին լսումների ընթացքում հանդիսատեսի ոգեւորությունից կարելի էր նկատել, որ դահլիճում ակնհայտորեն գործում են մրցույթին մասնակից հեղինակների «աջակցության խմբերը», որոնք տվյալ պահին կազմակերպված բուռն ռեակցիաներ էին տալիս։ Ռոբերտ Ամիրխանյանի կողմնակիցները բուռն ծափահարություններով եւ հոտնկայս լսում էին Ռ. Ամիրխանյանի եւ Լյուդվիգ Դուրյանի տարբերակը եւ դեմոնստրատիվ չէին ծափահարում Տիգրան Մանսուրյանի տարբերակի ավարտից հետո։ Իսկ Արամ Խաչատրյանի երաժշտության համար տեքստ գրած Արսեն Սողոմոնյանի կողմնակիցներն իրենց հարեւաններին համոզում էին, որ այս տարբերակն ամենալավն է, քանի որ հանճարեղ հնչյուններին համարժեք տեքստ են ստացել։ Երաժշտական աշխարհի ներկայացուցիչները, որոնք անձնական կամ ընկերական շահագրգռվածություն չէին ցուցադրում, աշխատում էին ոչ մի տարբերակ չառանձնացնել եւ «վատամարդ» դուրս չգալ։ Հակառակ այդ մոտեցմանը՝ շարքային քաղաքացիները պատրաստ էին ժամերով քննարկել լսածն ու կարծիք հայտնել։
Ի՞նչ նոր բան է խորհրդանշելու հիմնը
Որպես կանոն, բոլոր պետությունների հիմներում նույն բանի մասին է երգվում՝ Հայրենիքի հանդեպ տածած մեծ սիրո, հանուն Հայրենիքի կատարված զոհաբերությունների, ազատության, արդարության եւ եղբայրության մասին։ Հիմնը սովորաբար անցյալի հուշն ու ապագայի սպասումն է խորհրդանշում։ Հայկական տարբերակներում հուշը՝ «մահը», «ավերը», «մութ հողմերն» ու «սրահար եղած որդիք» են, իսկ ապագան՝ միանշանակ «պայծառ» եւ «սրբազան» է։ Բայց այդպիսի մոտեցում կար նաեւ հին հիմնում։ Ի՞նչն է փոխվել այսօր, որ պետք է իր նոր կերտումը ստանա։ Պետական խորհրդանիշերը՝ պետության անվանումը, դրոշը, զինանշանն ու հիմնը, միշտ փոխվում են այն իրավիճակներում, երբ երկրում որոշակի եւ զգալի որեւէ փոփոխություն է տեղի ունենում։ Աշխարհի ամենանշանակալից, կենսունակ եւ երկարակյաց հիմներն ինքնաբուխ են ծնվել՝ պատմական բեկումնային փուլերում եւ ժողովրդի ուժերի առավելագույն լարման ժամանակ՝ ազգային-ազատագրական կամ հեղափոխական շարժումների ընթացքում։ Նման բեկումնային եւ բախտորոշ պայմաններում են ստեղծվել Ֆրանսիայի եւ Իտալիայի հիմները, որոնք ստեղծվել են պատերազմի եւ հեղափոխության թոհուբոհում, եւ այժմ նրանց բառերն ու հնչյունները ծանոթ են գրեթե ողջ աշխարհին։ Նման՝ Անգլո-ամերիկյան պատերազմի պայմաններում է ծնվել նաեւ ԱՄՆ-ի հիմնը, որի խոսքերի հեղինակը շարքային զինվոր էր, ով որոշել էր ձոն նվիրել ամերիկյան դրոշին՝ առանց պետպատվերի եւ մրցույթի։ Այդ երգը սիրվելուց եւ ամեն քայլափոխի կատարվելուց հետո է միայն օրհներգ դարձել եւ շարունակում է օրհներգ մնալ արդեն մոտ երկու դար։ Իսկ Չինաստանի օրհներգը ծնվել է չինացիների եւ ճապոնացիների պատերազմի ժամանակ։ 1980-ականների վերջին Հայաստանում հասունացել էր նոր օրհներգ ունենալու պահը, սակայն օրհներգ չծնվեց։ Մոբիլիզացնելու, միավորելու եւ վեհացնելու կոչը նոր հնչյունային եւ տեքստային տեսք չստացավ, եւ հայերին միավորող պատմության էջն առանց նոր հիմնի թերթվեց։ Իսկ այժմ փորձ է արվում հարմարեցնել եւ արագացնել պատմությունը, ցուցադրել, որ մեր ժողովուրդն այնքան է փոխվել, որ նոր օրհներգի կարիք ունի։ Դժվար է հավատալ, թե ժողովուրդը հասել է ներքին միախմբվածության ամենաբարձր աստիճանի եւ ազգային պոռթկումը ծլարձակում է բոլորի սրտերում։ Իսկապես, դժվար է դրան հավատալ։ Ինչպես դժվար է հավատալ, որ արհեստածին օրհներգը սիրելի ու պիտանի կլինի՝ վեհացնելով հայի ոգին։ Որակյալ երաժշտական ստեղծագործություն լինելը եւ իմաստալից բառեր պարունակելը լավ օրհներգի գլխավոր նպատակը չէ, այն պետք է նոր Հայաստանի խորհրդանիշը դառնա։ Եվ այդ սիմվոլը պետք է համապատասխան լինի նոր Հայաստանի նոր երազանքներին։ Այն, ինչ երազում ենք, դա էլ պիտի երգենք։ Այն, ինչ սպասում ենք, դա էլ պիտի խնդրենք։ Իսկ հիմա, կարծես, ոչ ոք ոչ մի վեհ բանի մասին չի երազում եւ օրհներգի ընտրությունը հանձնում է հանձնաժողովին։
«Հիմն» բառը հունարենից թարգմանաբար աղոթք է նշանակում։ Դա այն երգ-աղոթքն է, որը հույներն ուղղում էին իրենց աստվածներին, եւ աղոթքը միշտ խնդրանքով էր ավարտվում։ Հիմա հիմնը կարելի է որպես քաղաքացիական խնդրանք-աղոթք դիտարկել, որը պետք է բոլորի սրտի լարերից բխի։ Իտալիայի հիմնում այսպիսի կոչ կա. «Մենք պատրաստ են մահվան։ Մեզ Հայրենիքն է կանչում»։ Գուցեեւ այն պահին, երբ մենք պատրաստ կլինենք այդպիսի տրամադրությամբ ուս ուսի տալ, լավ օրհներգ կունենանք։ Իսկ հիմա նոր օրհներգ դարձած՝ ընդամենը լավ կամ վատ երգ ենք ունենալու։ Ընդ որում, եթե տարբերակներից եւ ոչ մեկը չընդունվի, պետությունը կոնկրետ որեւէ մեկ կամ երկու ստեղծագործողի կարող է օրհներգ պատվիրել։ Պարզվում է՝ նման պահուստային տարբերակ էլ կա։