2007թ. ԼՂՀ նախագահական ընտրությունների եւ մասնավորապես հաջորդ նախագահի մասին խոսակցություններն ու հասարակության տարբեր շրջանակներում քննարկումները գնալով ավելի են աշխուժանում: Չնայած ընտրություններին դեռ մի ամբողջ տարի կա, սակայն որոշ մարդիկ հանրապետության տարբեր բնակավայրերում այդ ուղղությամբ արդեն համապատասխան աշխատանքներ են տանում:
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության անդամ Գագիկ Պետրոսյանի եւ ՀՅԴ Արցախի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանի կարծիքով, Ղարաբաղում ոչ պաշտոնական նախընտրական քարոզարշավը վաղուց է սկսվել: Իսկ ԱԺ պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը գտնում է, որ այս պահին ավելի հրատապ է Սահմանադրության ընդունումը. «Դրանից հետո պետք է մտածել ընտրությունների մասին»:
Դեռեւս հայտնի չէ՝ Ղարաբաղի քաղաքական ուժերը նախագահի թեկնածու կառաջադրե՞ն, թե` ոչ: Քաղաքական որոշ ուժեր առաջադրվող թեկնածուի մասին կհայտարարեն նախընտրական քարոզարշավի նախօրյակին: Մի բան պարզ է. արդեն իսկ հասարակության տարբեր շրջանակներում ԼՂՀ նախագահի մի քանի թեկնածուների անուններ են հնչում, նաեւ խոսակցություններ կան, թե հնարավոր է` գործող նախագահ Արկադի Ղուկասյանը նույնպես առաջադրի իր թեկնածությունը: Նշենք, սակայն, որ Ա. Ղուկասյանը մինչեւ օրս այդ առնչությամբ որեւէ հստակ բան չի ասել: Եթե Ա. Ղուկասյանը նախկինում իր՝ երրորդ անգամ առաջադրվելու մասին լրագրողների հարցերին պատասխանում էր, որ օրենքին հակառակ չի գնա, ապա օրերս «Ազատ Արցախ» թերթի կայք-էջում օնլայն հարցազրույցի ժամանակ նշել է, որ մինչ այժմ ոչ մի տեղ եւ երբեք չի հայտարարել երրորդ ժամկետի համար առաջադրվելու իր ցանկության մասին։ «Սխալ եմ համարում, երբ ոմանք պետության Հիմնական օրենքի ընդունումը դիտում են բացառապես երրորդ ժամկետի հարթությունում։ Չէ՞ որ Սահմանադրությունը ոչ թե Ղուկասյանին է պետք, այլ այն կենսականորեն անհրաժեշտ է ԼՂՀ-ին եւ նրա ժողովրդին, այդ թվում եւ` միջազգային ճանաչման տեսանկյունից։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ Սահմանադրությունը, նրա ընդունման դեպքում, այդպիսի հնարավորություն կընձեռի ինձ, ապա մի ամբողջ շարք հարցեր կծագեն, մասնավորապես. ես ինքս արդյոք կգնա՞մ դրան, եւ, ամենագլխավորը, դա պե՞տք է արդյոք ժողովրդին։ Ամեն ինչից անկախ, մինչեւ իմ նախագահության վերջին օրը, ես ինձնից կախված ամեն ինչ անելու եմ մեր երկրի առջեւ կանգնած բազմաթիվ հիմնահարցեր լուծելու համար։ Իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր իմ ամեն մի նախաձեռնություն կմեկնաբանեն որպես պոպուլիզմ, ժողովրդին դուր գալու փորձ։ Բայց նրանց պատճառով մինչեւ ժամկետի վերջը ձեռքերը ծալած նստելն անթույլատրելի կլիներ։ Առավել եւս, որ օրակարգում մասշտաբային ծրագրեր են, որոնց իրականացմամբ մենք զբաղվում ենք երկար տարիներ»,- նշել է ԼՂՀ նախագահը։
2007թ. ԼՂՀ նախագահական ընտրությունների հետ կապված իրադարձությունների զարգացման վերաբերյալ ԱԺ պատգամավոր Գագիկ Պետրոսյանը նշում է, որ «դժվար է հիմա կանխատեսումներ անել, չնայած աստիճանաբար նախանշվում են որոշակի ուրվագծեր»: «Ընտրությունները որոշակի չափով կախված կլինեն՝Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, չէ՞ որ ԼՂՀ-ն եւ ՀՀ-ն փոխսնուցող անոթներ են»,- այս կարծիքին է Գ.Պետրոսյանը: Իսկ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանի կարծիքով` ԼՂՀ նախագահի ընտրությունները կախված չեն Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից. «Դա ցույց են տվել վերջին տարիների մեր ընտրական արշավները, մանավանդ, որ Հայաստանի քաղաքական ուժերը Ղարաբաղում իրենց ազդեցությունը չունեն»:
ՀՅԴ Արցախի ղեկավար Արթուր Մոսիյանը չի ցանկանում գուշակությամբ զբաղել: «Համենայնդեպս, թե իշխանությունները, թե քաղաքական ուժերը չպիտի թույլ տան այնպիսի քայլեր, որոնք կարող են վնասել կամ վտանգի տակ դնել մեր նվաճումները: Դա պարզապես աններելի է: Ինչ վերաբերում է ՀՀ խորհրդարանական եւ մեր նախագահական ընտրությունների կապին, ասեմ, որ որոշակի կապ կա, բայց ոչ ուղղակի: Իմ կարծիքով, մեզ համար կարեւոր պիտի լինի այն, որ Հայաստանի ներքաղաքական պայքարը չտանեն այնպիսի սրացումների, որոնք կարող են հետագա ազդեցություն ունենալ Ղարաբաղի ճակատագրի վրա: Եվ ԼՂՀ իշխանությունները, պաշտոնական Ստեփանակերտը պետք է ամեն ինչ անեն այդ հարցում՝ հաշվի առնելով, որ կա Ղարաբաղի հարց, որը ոչ միայն ղարաբաղցիներինն է, այլեւ` ողջ ազգինը»,- ասաց Ա.Մոսիյանը: