Սեպտեմբերի 2-ին կլրանա ԼՂՀ հռչակման 15-ամյակը, որը հանրապետության տարբեր բնակավայրերում մեծ շուքով կնշվի: Տոնակատարություններին մասնակցելու նպատակով Արցախ են ժամանել տարբեր երկրներից ժամանած պատվիրակներ: Սեպտեմբերի 1-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության պատվիրակության անդամներ, փոխարտգործնախարար Ալան Փլիեւին եւ պաշտպանության ու արտակարգ իրավիճակների փոխնախարար Իբրահիմ Գասսիեւին: Հյուրերը հանրապետության նախագահին են փոխանցել Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտեի` Արցախի իշխանություններին եւ ժողովրդին ուղղված շնորհավորանքներն ու մաղթանքները` ԼՂՀ hռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ զրույցի ընթացքում հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, չճանաչված հանրապետություններում պետականաշինության գործընթացներին եւ մի շարք այլ հարցերի: Նույն օրը նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է ԼՂՀ պետական պարգեւներով պարգեւատրելու, ինչպես նաեւ ԼՂՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին մի շարք հրամանագրեր, ըստ որոնց, ԼՂՀ-ին մատուցած բացառիկ ծառայությունների համար գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Զորի Բալայանին շնորհվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչում, եւ նա պարգեւատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: Ակտիվ պետական ու հասարակական-քաղաքական գործունեության համար «Ի՞նչ անել» հեղինակային թերթի խմբագիր, «Բարոյական վերածնունդ» կուսակցության եւ ԼՂՀ նախագահին կից քաղաքացիական ծառայության էթիկայի հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանը պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով: Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության եւ մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար տարբեր մեդալներով պարգեւատրվել է 640 հոգի, որոնցից 56-ը` հետմահու: