Անպետք բան

01/09/2006 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Ոչ ոք չի կարող ասել, թե որն է օրհներգը փոխելու պատճառն ու անհրաժեշտությունը։ Դոլարի կուրսի անկումից կամ, ինչպես իշխանություններն են սիրում ասել, դրամի արժեւորումից բացի մեր կյանքում էական ոչ մի փոփոխություն չի կատարվել, որի պատճառով ստիպված լինեինք փոխել Հանրապետության գլխավոր խորհրդանիշերից մեկը։ Հակառակը՝ դոլարի անկումից հետո կարիք կա վերականգնելու Նալբանդյանի բնագիրը։ Նկատի ունեմ հատկապես «թշվառ, անտեր» բառերը։

Եվ քանի որ չիք որեւէ էական պատճառ, շատերը մտածում են, թե մեր իշխանություններն այս դեպքում եւս փորձում են նմանակել Ռուսաստանի նախագահ Պուտինին, ով վերականգնեց ԽՍՀՄ հիմնի երաժշտությունը։

Ունե՞ր Պուտինը Ռուսաստանի հիմնը փոխելու պատճառ։ Այս հարցի մասին շատ է գրվել ու խոսվել Ռուսաստանում։ Սա՝ իրենց, ռուսների խնդիրն է։ Փոխելու պատճառ, չգիտեմ, ունե՞ր, թե՞ չուներ, բայց հին՝ սովետական, տարբերակը վերականգնելու իղձն ու ձգտումն ակներեւ էր նրա պաշտոնավարման հենց առաջին օրերից։

Պուտինը հավանաբար այսպես էր մտածում։ Ե՞րբ է Ռուսաստանը եղել ավելի ազդեցիկ գերտերություն՝ երկրագնդի 1/6-րդ տարածքով, Արեւելյան Եվրոպայից մինչեւ Ասիա, Ասիայից մինչեւ Աֆրիկա, Աֆրիկայից մինչեւ Կարիբյան ավազան ձգվող ազդեցությամբ։ Իհարկե, սովետական ժամանակաշրջանում եւ հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Իսկ ԽՍՀՄ հիմնը գրվել է համաշխարհային պատերազմի՝ Ռուսաստանի համար հաղթական, ավարտի նախօրեին։

Ուրեմն՝ Պուտինը, որքան էլ նրան քննադատեին ընդդիմախոսները, փորձում էր գոնե իր եւ երկրի քաղաքացիների ականջի համար վերարտադրել Ռուսաստանի երբեմնի փառքը, որը, հասկանալի է, ֆիզիկապես հնարավոր չէ վերականգնել, բայց մտքով ու հոգով զգալը չէր խանգարի։

Իսկ ի՞նչ ենք մենք վերականգնում։ Մենք վերականգնում ենք Պուտինի այլեւս չկատարվելիք երազանքի մի մասը։ Այսինքն՝ մենք Հայաստանը վերցնում, տանում ու դնում ենք Խորհրդային Միության կազմի մեջ։ Եթե Պուտինի իղձը հզոր կայսրությունն է, մերն՝ այդ կայսրության ծայր հարավային գավառը։ Այսինքն՝ մենք ուզում ենք լինել ուրիշի չիրականանալիք երազանքի մի հատվածը։

Շարքային ռուսը նախկին ԽՍՀՄ հիմնի երաժշտությունը լսելիս զգալու է Կրեմլից կառավարվող տասնհինգ հանրապետությունները՝ Եվրամիության անդամ Մերձբալթիկան էլ ներառյալ։ Մենք ի՞նչ ենք զգալու։ Զգալու ենք 29.8 քառակուսի կիլոմետրանոց մի գավառ, առանց Լեռնային Ղարաբաղի։ Համենայնդեպս, այն քառասուն տարիներին, երբ մեր Հայրենիքում ամեն օր հնչում էր Խաչատրյանի հիմնը, մենք չունեինք Ղարաբաղը։ Մեր երկրի գլխավոր դեմքերից երկուսն ամեն օր արթնանում ու քնում էին Սովետական Ադրբեջանի հիմնի հնչյունները լսելով։

Նրանք, իհարկե, շատ կուզեին ամեն օր լսել Արամ Խաչատրյանի հոգեպարար երաժշտությունը, բայց այն կայսրությունը, որի գոյություն չունեցող տարածքի մասն ենք ձգտում դառնալ, իրենց երկրամասը կամայականորեն պոկել էր Հայաստանից ու կցել Ադրբեջանին։ Հսկա կայսրության համար Ղարաբաղն ի՞նչ։ «Օդնա ստրանա, օդին նարոդ» տրամաբանության մեջ ոչ միայն Ղարաբաղն էր աննշմար դետալ, այլեւ Սովետական Հայաստանի հիմնն էր անիմաստ շքեղություն։

Սովետի փլուզումից հետո երկար ժամանակ եւ գուցե մինչեւ հիմա էլ, երբ օտարի հետ շփման առիթ էիր ունենում եւ ասում էիր` «Հայ, Հայաստան», տեղը չէին բերում։ Ինֆորմացիան խոշորացնելու համար ասում էիր՝ Soviet Union: Հա՜ա՜, Russian` վերջապես հասկանում էր օտարը, որովհետեւ հայը որպես ազգ եւ Հայաստանը որպես պետական առանձին միավոր չէր ընկալվում։

Երբ, ասենք, Տիգրան Պետրոսյանը դառնում էր աշխարհի չեմպիոն կամ, ասենք, Յուրիկ Վարդանյանը՝ ռեկորդակիր, ո՞ւմ դրոշն էր բարձրացվում եւ ո՞ւմ հիմնն էր հնչում։ Ո՞ւմ… Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության եւ ոչ Սովետական Հայաստանի։ Հիմա մենք՝ Արամ Խաչատրյանի անունը շահարկելով, փորձում ենք վերականգնել մի բան, որն իր օրերում, ըստ էության, անպետք է եղել։

Արամ Խաչատրյանը հարյուրավոր ստեղծագործություններ ունի։ Շարքային հայ ունկնդիրը գիտե այդ ժառանգության չնչին մասը միայն։ Կամ, ավելի ճիշտ, միայն «Սուսերով պարը» լսելիս կարող է անվրեպ տալ Խաչատրյանի անունը։ Թող մեծանուն կոմպոզիտորի այս գործն էլ մտնի նրա ժառանգության մեզ անծանոթ մասի մեջ, որպեսզի հանուն արվեստի չիրականանա մեր իշխանությունների ու ժողովրդի մի հատվածի անցյալը ներկա-ացնելու ցանկությունը։

Պետության օրհներգն ավելի լուրջ բան է, քան սոսկ երաժշտական ճաշակը, եւ չեմ կարծում, թե նախորդ իշխանությունները ճաշակ չունենալու պատճառով են կանգ առել «Մեր Հայրենիքի» վրա։ «Մեր Հայրենիքն» է ընտրվել, որպեսզի զգանք, որ մենք ոչ թե Սովետական կայսրության՝ մեր կամքից անկախ, փլուզման արդյունքում ենք դարձել պետություն, այլ մեկ անգամ եւս հնարավորություն ենք ունեցել իրականացնելու շարունակաբար փայփայած մի երազանք։