Մեր պետական կյանքում ամենաքիչ օգտագործվողը հավանաբար «հարկատու» հասկացությունն է: ՀՀ քաղաքացիներս համարյա երբեք չենք օգտվում հարկատուի մեր դիրքից ու իրավունքներից: Պետությունն էլ ի դեմս չինովնիկների առանձնահատուկ հարգանք չունի հարկատու քաղաքացիների հանդեպ: ՀՀ հարկային մարմինները պարբերաբար հրապարակում են խոշոր հարկատու կազմակերպությունների ցանկը: Հայաստանում երբեք չի հրապարակվել խոշոր հարկ մուծող քաղաքացիների անունները: Պատճառը, թվում է, թե պարզ է: Պետությունն ապրում է ոչ թե մեր` քաղաքացիներիս մուծած հարկերով, այլ` խոշոր կազմակերպությունների: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը բյուջեի այս տարվա ընթացիկ կատարողականը հրապարակելիս նշում է, որ բյուջետային մուտքերում հարկերի բաժինը 82,5 տոկոս է: Երկրիս պաշտոնական ֆինանսիստներն ու էկոնոմիստներն առանձնահատուկ ընդգծում են, թե որ հարկատեսակի գծով որքան մուտքեր են եղել: Բյուջեի հավաքած փողի 82,4 տոկոսն ապահովել է ավելացած արժեքի հարկը: Մուտքերի 11 տոկոսն ապահովվել է ակցիզային հարկով: Շահութահարկի մասին նշված է, որ այն ապահովել է մեր պետբյուջեի 19,4 տոկոսը: Տնտեսավարող կազմակերպություններից, այսինքն` ոչ ֆիզիկական անձերից գանձվող այս հարկատեսակներն ապահովում են պետական ֆինանսների երեք քառորդը: Այն հատվածում, ուր խոսք է գնում քաղաքացիներից գանձվող հարկատեսակի` եկամտահարկի մասին, հաշվետվության հեղինակները փոխել են մեթոդաբանությունը: Այս հատվածում պարզապես նշված է` եկամտահարկն ապահովել է 18,4 մլրդ դրամ մուտք: Երեւի անհարմար է կամ ամոթ` արձանագրել, որ ՀՀ քաղաքացիները երկնիշ աճ ունեցող տնտեսության պայմաններում իրենց եկամուտներից հատկացվող եկամտահարկով ապահովում են պետբյուջեի մուտքերի ընդամենը 7 տոկոսը: Իսկապես տխուր պատկեր է: Աշխատանք ունեցող ՀՀ քաղաքացին որպես հարկատու 7 տոկոսով է ֆինանսավորում պետական` բանակի, առողջապահության, կրթության, հանրային հեռուստատեսության եւ այլ ծախսերը: Այս դեպքում հասկանալի է, թե ինչու են մեր պետական ապարատը, առողջապահության ու կրթության համակարգերը, հանրային հեռուստատեսությունը եւ այլն հասարակությունից անկախ գործում: «Վճարողն է պատվիրում երաժշտությունը» սկզբունքն առայժմ ոչ ոք չի հերքել:
Եկամտահարկի մասին գործող օրենքն այսօր այսպիսի պահանջներ ունի` մինչեւ 20 հազար դրամ ստացողն ազատված է վճարումներից, մինչեւ 100 հազար դրամ ստացողը վճարում է 10 տոկոսի չափով, 100 հազար դրամից ավելի ստացողները վճարում են 8 հազար եւ գումարած 20 տոկոս` 100 հազարը գերազանցող գումարից: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` մեր երկրում միջին աշխատավարձը բյուջետային համակարգում կազմել է մոտ 42 հազար դրամ, իսկ ոչ բյուջետային համակարգում` մոտ 73 հազար: Համարեք, որ այս թշվառ թվերը պետությանն ու չինովնիկներին կարծես իրավունք են վերապահում ՀՀ քաղաքացիների մասին մտածել բյուջեում ունեցած մասնակցության` յոթ տոկոսի չափով: Սակայն նրանք մեր մասին այսպես մտածելու իրավունք կունենային, եթե երկրի ֆինանսական կյանքում մեր մասնակցությունն իսկապես յոթ տոկոսի չափով լիներ: Հայաստանում խոշոր հարկատուները պաշտոնապես տնտեսավարող կազմակերպություններն են: Խոշոր հարկատուների ցանկի վերլուծության փորձից պարզ կդառնա, որ այդ կազմակերպությունները որպես հարկատու պետության առջեւ «լավամարդ» են դառնում հենց մեր` հարկատուներիս հաշվին: Խոշոր հարկատուների հրապարակված վերջին ցուցակում առաջին 35 կազմակերպություններից միայն մեկն է, որ իր մուծած հարկերը բնակչությունից չի հավաքագրում: Խոսքն Ագարակի Պղնձամոլիբդենայինի մասին է: Մյուս բոլոր ընկերությունները` «ԱրմենՏելը», Ղ-տելեկոմը, «ՀայՌուսգազարդը», Էլեկտրացանցերը, Ջրմուղը, ապրանքներ ու ծառայություններ առաջարկող մյուս հարկատուներն իրենց բյուջետային հատկացումները կատարում են նաեւ մեր հաշվին: Պետությունն ի դեմս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` պարբերաբար սակագներ է որոշում: Էլեկտրաէներգիայի, ջրի, գազի սակագները հաշվարկելիս դրա մեջ ներառվում է Ավելացված արժեքի հարկը: Հայաստանում այն, ինչպես հայտնի է, իր ծավալով արտառոց է` 20 տոկոս: Այս ոլորտի մենաշնորհային ընկերություններն, ի տարբերություն մյուս տնտեսավարողների, ԱԱՀ-ի չափից երբեք չեն բողոքում: Պատճառն այն է, որ դրա վճարողն իրենք չեն, այլ սպառողը: Մյուս խոշոր ընկերությունները ԱԱՀ-ից զատ նաեւ ակցիզային հարկ մուծողներն են: Բենզին, ծխախոտ, ալկոհոլ արտադրող կամ ներմուծող ընկերությունները եւս իրենց ապրանքի գինը որոշելիս ինքնարժեքում հաշվարկում են թե՛ ԱԱՀ-ն, թե՛ ակցիզային հարկը: Այդ դեպքում էլ հարկերն ի վերջո մուծում ենք մենք` սպառողներս: Խոշոր հարկատուները պարզապես գնորդներից հավաքում են այդ գումարները եւ որպես հարկ փոխանցում պետությանը: Ընդ որում, որքան ապաշնորհ են տնտեսվարում մենաշնորհային դիրք ունեցող ընկերություններն, այնքան լավ է պետության համար: Եթե վատ մենեջմենտի պատճառով բարձր է էլեկտրաէներգիայի, գազի եւ այլնի ինքնարժեքը` ավելի բարձր կլինի ԱԱՀ-ի չափը: Եվ այս ամենի արդյունքում հասարակական կյանքում եւ պետության աչքում աճում է ոչ թե սեփական բնակչության, այլ «խոշոր» ընկերությունների վարկանիշը: Սա մեր տնտեսական կյանքի, գուցե հիմնական, բայց միակ առեղծվածը չէ: Պաշտոնական վիճակագրության տվյալներով` մենք` ՀՀ քաղաքացիներս 90-ականներից ի վեր միշտ էլ մեր հաշվառվող եկամուտներից ավելի շատ ենք ծախսում: Պետությունը պարզապես վստահ է, որ մենք կարող ենք ապրել ու աշխատել գործող հարկային բեռի տակ: Անգամ պարբերաբար թաքուն ու խորամանկորեն ծանրացնում է բեռը: Իսկ մեզ, չգիտես ինչու, թվում է, թե խոշոր հարկատուն մենք չենք: