Գյուղնախարարությունը սկսում է «տաքանալ»

06/05/2005 Մ. ՀԱՍՐԱԹՅԱՆ

Ամեն անգամ ՀՀ կառավարությունը Գյուղնախարարության ներկայացրած տարեկան
հաշվետվությունը գնահատում է բավարար, ասել է թե՝ սույն գերատեսչությունը
լուծել է իր առջեւ դրված խնդիրները: Իսկ իրականությունը հեռու է բավարար
լինելուց: Ինչո՞ւ: Անդրադառնանք հայ գյուղացու համար մտահոգիչ բազմաթիվ
հարցերից միայն մեկին՝ պարարտանյութերի ներկրման եւ իրացման խնդրին: Շուրջ
5 տարի է, ինչ Գյուղնախարարությունը պարարտանյութերի գնումը եւ ներկրումը
իրականացնում է Ճապոնիայի կառավարության կողմից հատկացված դրամաշնորհով:
Պարարտանյութի իրացումից ստացված միջոցներն էլ պարտավորվել է ծախսել այլ
կարիքներ հոգալու համար: Նշենք, որ դեռ 2000թ. Գյուղնախարարությունը
ներկրված պարարտանյութը վաճառեց աճուրդով, իսկ մեկ պարկի գինը սահմանվել
էր 1800 դրամ: Հիշեցնենք նաեւ, որ 2000թ. դոլար-դրամ հարաբերակցությունը
տատանվում էր 480-500-ի սահմաններում, այսինքն՝ մեկ պարկ ազոտական
պարարտանյութը վաճառվում էր միջինը 3,5 ԱՄՆ դոլարով: Հիշեցնենք, որ 2000թ.
պարարտանյութ ներկրող ընկերությունները մի քանիսն էին, այդ թվում՝
«Բերրիություն» ԲԲԸ-ն, «Դվին» կոնցեռնը եւ այլն: Անցյալ տարի
պարարտանյութի ներկրման մենաշնորհը տրվել է «Դվին» կոնցեռնին:
Հունվարի 11-ին գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը
հայտարարեց, որ Հայաստանում ազոտական պարարտանյութի տարեկան պահանջարկը,
որն ըստ նրա՝ կազմում է 13.000 տոննա, արդեն ներկրվել է եւ վաճառվում է
գյուղական համայնքներին: Փոխնախարարը չզլացավ գովեստի խոսքեր շռայլել
գնված պարարտանյութը համայնքի բյուջեի միջոցների հաշվին տեղափոխող
համայնքապետերի հասցեին եւ ձեռքի հետ էլ կշտամբեց տեղափոխման համար
գյուղացիներից գումար հավաքող գյուղապետերին, շեշտելով, որ այս դեպքում
տեղափոխման գումարը չնչին է: Իհարկե, եթե տեղափոխման ծախսերը համեմատելու
լինենք պարարտանյութի գնի հետ, իսկապես չնչին է: Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ
է Գյուղնախարարությունը համակերպվել մեկ պարկը 3700 դրամով վաճառելու մտքի
հետ, որի մասին փոխնախարարը հայտարարում է որպես ձեռքբերում, հնարավոր չէ՞
արդյոք փնտրել եւ գտնել ավելի էժան տարբերակ եւ բազում հոգսերի տակ կքած
հայ գյուղացուն չստիպել մեկ անգամ եւս հավելյալ գումար հայթայթել
նախկինում՝ այնքան էժան, իսկ հիմա՝ կրկնակի անգամ թանկ վաճառվող
«սելիտրան» ձեռք բերելու համար: Նշենք, որ վերջին տարիներին պարբերաբար
կրկնվող երաշտների եւ ցրտահարությունների պատճառով գյուղացիական
տնտեսությունների մեծ մասը կրած վնասների արդյունքում առաջացած շրջանառու
միջոցների պակասը լրացրել է վարկային փոխառություններով, որոնց
տոկոսադրույքները միջազգային չափանիշներից՝ որպես գյուղատնտեսական վարկի
տոկոսադրույքներ, բարձր են առնվազն 2-3 անգամ: Այստեղ, կարծում ենք, կա
երկու պատճառ. նախ Գյուղնախարարությունը ձգտում է հատկացված
դրամաշնորհային միջոցները «հետ բերել» որքան կարելի է շատ, որովհետեւ այն
ծախսելու մասին երբեւիցե որեւէ հաշվետվություն չի ներկայացրել եւ երկրորդ
հավանական պատճառը «Դվին» կոնցեռնի հետ «ես քեզ՝ դու ինձ» փոխշահավետ
տարբերակն է: Ի դեպ, կայացվող աճուրդներից անմիջապես հետո Երեւանի
ծայրամասերում՝ մասնավորապես Նորագավիթի եւ Փարաքարի ճանապարհին,
հայտնվում են ազոտական պարարտանյութի պարկերը՝ աճուրդի գնից մոտ 1000
դրամով թանկ պիտակներով: Իսկ ինչպե՞ս է գյուղական համայնքներին աճուրդով
վաճառվող պարարտանյութը հայտնվում մերձքաղաքային ճանապարհներին: Պարզվում
է, որ համայնքապետերը ստանում են ներկայացված հայտի 80-85%-ը, սակայն
ստորագրում են ամբողջ 100-ի դիմաց:
Ասվածին հավելենք, որ Գյուղնախարարության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող
անձանց ինքնագոհ տեսքը կապույտ էկրանին դեռ բավարար չէ եկող գարնանը
նախապատրաստվելու համար: Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, հիշեցնենք
2001թ. գարնանը պետության սուղ միջոցներով Գյուղնախարարության կազմակերպած
գարնանացանի աշխատանքները՝ որպես օգնություն երաշտից տուժած գյուղացիական
տնտեսություններին: Ծրագիրը հիմնավորապես տապալվեց, հատկացված միջոցները
փոշիացվեցին, որովհետեւ կոնկրետ Սյունիքի մարզում գարնանացան գարին որպես
կանոն ցանում են մարտ ամսին, իսկ մինչ Գյուղնախարարությունը որոշում էր,
թե ով պիտի զբաղվի այդ ոչ պակաս շահութաբեր գործով, մինչ Սյունիք հասցվեց
սերմացուն եւ դիզելային վառելանյութը, մարտն էլ անցավ եւ ապրիլի 20-ից
միայն սկսեցին ցանքը: Արդյունքում՝ ցանված գարին ուղղակի չհնձվեց՝
հերթական անգամ խաթարելով գյուղացու հավատը սեփական պետության հանդեպ:
Այսքանը՝ բավարար աշխատող Գյուղնախարարության մասին: Իսկ քանի որ ընդամենը
մեկուկես ամսից գարուն է, հաջորդիվ կփորձենք ներկայացնել գյուղացուն
հուզող մնացյալ խնդիրները՝ Գյուղնախարարությունից համապատասխան
ուշադրության ակնկալիքով: