«Ուշացած» խոսքեր` հիմնի համար

01/09/2006

Մեր տեղեկություններով, ՀՀ օրհներգի տեքստի եւ երաժշտության ընտրության մրցութային հանձնաժողովը ստացել է Արամ Խաչատրյանի երաժշտության համար գրված նոր խոսքեր, որոնց հեղինակն է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Թեեւ, մեր աղբյուրների համաձայն, այս բանաստեղծությունն ինչ-որ չափով հաջողված է, եւ բառերի շեշտադրումները համապատասխանում են կոմպոզիտորի ստեղծագործությանն, այնուամենայնիվ, օրհներգի այս տարբերակի քննարկումն «ուշացել է»: Հանձնաժողովն արդեն որոշում է կայացրել հանրությանը ներկայացնել ՀՀ հիմնի 5 տարբերակներից մեկը: Միայն այն դեպքում, երբ դրանցից ոչ մեկը հավանության չարժանանա, բացառության կարգով կքննարկվի Ռ. Դավոյանի բանաստեղծության հարցը: Ի դեպ, Ռ. Դավոյանը վերոնշյալ հանձնաժողովի անդամ է, ու եթե դրվի նրա բանաստեղծությունը քննարկելու հարցը, ապա նա պետք է դուրս գա հանձնաժողովի կազմից: Ի դեպ, այսօր ժամը 19.00-ին Հանրային հեռուստատեսությամբ սիմֆոնիկ նվագախմբի եւ ակադեմիական երգչախմբի կատարմամբ` հանրային ունկնդրումների նպատակով կհնչեն ՀՀ օրհներգի մրցույթի 2-րդ փուլ անցած 5 տարբերակները: Նույն օրը, ժամը 20.00-ին ցանկացողները կարող են դրանք ունկնդրել Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում` համերգային կատարմամբ: