Շուշիի զարգացմանը վերջին շրջանում ավելի մեծ ուշադրություն է դարձվում: Քաղաքի վերականգնման համար հիմնադրամներ են ստեղծվել: Արդեն երկրորդ տարին է՝ խոսվում է Շուշիում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին, ինչպես նաեւ մտադրություն կա պետական հիմնարկներից մի քանիսը Շուշի տեղափոխել:
Թե այս մտադրությունները երբ իրականություն կդառնան, հայտնի չէ, սակայն մի բան պարզ է, որ հինավուրց ու պատմական այս քաղաքում, այնուամենայնիվ, որոշ ծրագրեր իրականացվել են: Այստեղ Հայ ավետարանչական ընկերակցության հովանավորությամբ մանկապարտեզ, ճամբար ու թանգարան է բացվել: Բարերարների հովանավորությամբ տարբեր մշակութային օջախներ են ստեղծվել: Դրանցից մեկն էլ կբացվի օգոստոսի 31-ին: Խոսքը Նարեկացի Արվեստի միության Շուշիի համալիրի պաշտոնական բացման մասին է: Նույն օրը երեկոյան Շուշիում տեղի կունենա նաեւ տոնական համերգ: Համալիրը կառուցվում է ամերիկահայ բարերար Հարությունյանների ընտանիքի, մասնավորապես՝ Նարեկ Հարությունյանի հովանավորությամբ: Ի դեպ, այս ընտանիքի հովանավորությամբ Քարվաճառի շրջանում հիմնվել է Քնարավան գյուղը: Այստեղ բարերարների միջոցներով կառուցվել են ոչ միայն տներ, դպրոց, այլեւ անասուններ են բաժանվել Քնարավանի բնակիչներին: Մեր տվյալներով, բարերարները Ղարաբաղի հետ կապված տարբեր ծրագրեր ունեն դեռ իրականացնելու: Նրանք նախատեսում են նաեւ գյուղում գյուղմթերքի վերամշակման ձեռնարկություն բացել:
Իսկ Շուշիում աշխատանքները շարունակվում են: Այժմ այնտեղ գործում է մեկ հյուրանոց, իսկ երկրորդի շինարարությունն արդեն սկսված է: Այն 9 հարկանի շենք է եւ շահագործման կհանձնվի 2007թ. մայիսին: Այդ մասին հայտնել են ամերիկահայ ձեռներեցներ եւ բարերարներ, Շուշի քաղաքի նախկին կենտրոնական հյուրանոցի համասեփականատերեր Փափայանցների ընտանիքի անդամները եւ Ապո Պողիկյանը (ԱՄՆ)՝ ԼՂՀ նախագահի հետ վերջերս ունեցած հանդիպման ժամանակ: Բարերարները կբարեկարգեն նաեւ Շուշի քաղաքի կենտրոնական հրապարակին հարող պուրակը: