Ավանգարդ նկարիչ Աշոտ-Աշոտը երկար ընդմիջումից հետո Ֆրանսիայից կրկին Հայաստան է այցելել եւ պատրաստվում է ներկայանալ մի շարք նոր ցուցահանդեսներով եւ պերֆորմանսներով։ Փարիզում ապրող նկարիչը չի ստեղծում պատմողական գործեր։ Նրա եւ լուսանկարները, եւ գեղանկարները, եւ ինստալյացիաները յուրահատուկ ուղերձներ են։
«Ավանգարդ արվեստն այն է, որը շատ արագ ըմբռնում է՝ ի՞նչ կա մթնոլորտի ամենաբարձր շերտերում։ Առեւտրի շուկայի շերտերն այստեղ գործ չունեն։ Ավանգարդիստը պայծառատես է, հասկանում է՝ ի՞նչ է պետք լինելու վաղը, ինչի՞ ծարավ է սկսվելու։ Ավանգարդը չեն հնարում՝ մտածելով, որ պետք է նկարել այնպես, ինչպես մինչ այդ ոչ ոք չի նկարել»,- ասում է նա։ Ինքն իրեն ամբիցիոզ մարդ է համարում. մեծ ամբիցիա ունի՝ ցանկանում է երջանիկ լինել. «Տիեզերքի հետ ներդաշնակ վիճակում գտնվելով է մարդը երջանիկ դառնում։ Երջանիկ լինելու համար պետք է առաջին հերթին փոխել մեր գիտակցությունը։ Որքան ուզում ես՝ փոխիր մեքենադ ու տունդ, երջանիկ չես դառնա, եթե գիտակցությունդ չփոխես»,- ասում է Աշոտ-Աշոտը եւ ինքն իրեն ձուլում աշխարհի մեջ ճիշտ այնպես, ինչպես շաքարն է ձուլվում ջրի մեջ։
Փարիզում Աշոտ-Աշոտը տուն է սարքել, փոքր հողակտոր է գնել, ինքնուրույն քարը քարի վրա դրել, խողովակներ եւ էլեկտրականություն անցկացրել։ «Կարծես իսկական տնաշեն լինեմ»,- կատակում է նա։ Նաեւ սովորեցրել է իր հարեւաններին՝ մտերիմ «հարեւանություն» անել։ Ամեն ինչի մեջ գեղեցիկը տեսնող նկարչի համար ամենակարեւորը հանդիսատեսի հայացքը կրթելու խնդիրն է, քանի որ «գեղեցկությունը հենց նայողի աչքերի մեջ է»։
– Իմ գործերում սիմվոլներ չկան, միայն նշաններ են։ Այնպիսի նշաններ, որոնց ես ինքս եմ նշանակություն տվել: Ավելի շատ սիրում եմ աշխատել արժեզրկված առարկաների հետ, որոնց մասին շատ է խոսվել եւ շարունակում է խոսվել: Ես առարկան անջատում եմ իր առօրյա ֆունկցիայից: Այդ փաստը հանդիսատեսին հաճախ շփոթության մեջ է գցում, քանի որ նրանք հին հասկացողությունները փորձում են իմ աշխատանքների վրա տեղափոխել եւ տեսնում են, որ դրանք իրար չեն կպչում:
– Նույն կերպ եւ աշխատել եք սովետական տարիներին` սմբուկի պահածոների գորշ պիտակներից ինստալյացիաներ անելով:
– Այդ առարկաները մեր կյանքում շատ-շատ են: Նույնը կարելի է ասել ալյուրի, շաքարի մասին, որոնք իմ աշխատանքներում դադարեցնում են իրենց կենցաղային ֆունկցիան եւ ձեռք են բերում էսթետիկ եւ փիլիսոփայական նոր ֆունկցիա: Շաքարը կարելի է ընկալել որպես ամուր, բայց միեւնույն ժամանակ նաեւ փխրուն շինանյութ, որը շատ արագ հալվում է ջրի մեջ:
– Հայաստանում նորություն պիտի լինեն ձեր լուսանկարչական աշխատանքները։
– Լուսանկարն ինքնին շատ հետաքրքիր երեւույթ է: Առօրյա կյանքում արված լուսանկարները ես ատում եմ: Բայց եթե լուսանկարը որպես զուտ տեխնիկա է օգտագործվում, որի միջոցով արվեստի գործ է ստեղծվում, ապա այն բոլորովին այլ բան է դառնում: Ես լուսանկարիչ չեմ, պարզապես լուսանկարչական տեխնիկայով նկարներ եմ անում: Ընդհանրապես շատ երկար եմ աշխատում, քանի որ շատ բծախնդիր եմ, նախօրոք մի շարք էսքիզներ եմ անում, փորձում եմ ամեն մի մանրուք հաշվի առնել եւ հետո նոր միայն մոդել եմ հրավիրում:
– Կոնյունկտուրան, շուկան չի՞ հակասում ազատ արվեստի սկզբունքներին։
– Շուկան, անկասկած, ազդում է արվեստի վրա։ Կան մարդիկ, որոնք անկախ իրենց ուզել-չուզելուց են հայտնվում շուկայում, եւ կան մարդիկ, որոնք իրենց ստեղծագործելու իմաստը հենց սկզբից շուկայի մեջ են տեսնում եւ շուկայական ապրանք են ստեղծում։ Նրանց արածը երբեք մեծ արվեստ չի դառնա եւ կահույքի պես առարկա կմնա։ Ես շատ հեռու եմ քաղաքականությունից եւ տնտեսական բարգավաճ վիճակի որոնումից: Ես հեռացա Հայաստանից, քանի որ ինձ մտահոգում էր տիրող բարոյականությունը, որը խանգարում էր ստեղծագործել: Հենց որ մի բան էինք անում, բոլորը շտապում էին իրենց կլիշեները քո վրա դնել: Հայաստանում «մարմնի կուլտուրա» հասկացողությունը գոյություն չունի: Մարմնին բացի սեռական ֆունկցիայից ուրիշ ֆունկցիա չի տրվում: Բոլորովին մոռացվել է մարմնի էսթետիկան։ Մարմինը միայն սեռական օբյեկտ չի։ Մարմինը նաեւ նայելու, խնամելու եւ ցուցադրելու կարիք ունի։ Օրինակ, վերջերս Սեւանում տեսա, որ մարդիկ հագուստով են լողանում։
– Պատճառն ամո՞թն է…
– Այո, մարդը չպիտի ինքն իր մարմնից ամաչի։ Ինչո՞ւ է ամաչում։ Հո գողություն կամ սրիկայություն չի՞ արել։ Զարմանալի է, որ խաբելուց, մարդկանց «քցելուց» կամ որեւէ վատ արարքից ոչ ոք չի ամաչում, բայց սեփական մարմինը ցուցադրելուց կամ տեսնելուց ամաչում է։ Հայաստանում այդ մոտեցումը չի փոխվել, նույնիսկ կարող եմ ասել, որ ավելի է կարծրացել։
– Զգացե՞լ եք, որ Հայաստանում նաեւ ուտելու կուլտ կա, բարգավաճ կյանքը շատ ուտելու մեջ է։
– Հայաստանում շատ են ուտում եւ սխալ են ուտում, խառնում են միրգը, բանջարեղենը, սուրճը, միսը։ Մարմնին ընդամենը պետք է տալ այնքան, որքան նրան պետք է, որովհետեւ ուտելը կարող է որկրամոլության վերածվել։ Երբ նայում եմ Հայաստանի երիտասարդներին, տեսնում եմ, որ շատերն արդեն 25 տարեկանում կլորիկ փորեր ունեն։ Մինչդեռ մարդը պիտի հասկանա, որ մարմինը մի ստեղծագործություն է, որն ինքը պետք է մինչեւ կյանքի վերջ խնամի եւ չվախենա ցուցադրել։ Խոսքս ընդունված ստանդարտներին ամեն գնով համապատասխանելու մեջ չէ։ Ոտքերը կարող են ծուռ լինել, քիթը՝ մեծ, դա նշանակություն չունի։ Խոսքը տեսանկյունի, վերաբերմունքի մեջ է։ Մարդն, օրինակ, այսօր բնության գիրկն է գնում, հետը խորոված-քյաբաբ եւ այլ ընդունված անտուրաժ է տանում, նստում է ջրի բերանին եւ սկսում է ուտել։ Այսինքն, մարդը սպառում է բնությունը եւ հեռանում։ Նա չի կարողանում իր մարմնին՝ որպես բնության հետ ներդաշնակություն կազմող բնության մի էլեմենտ դիտել։
– Կարելի՞ է ասել, որ Եվրոպայում մարդիկ ավելի ներդաշնակ են ապրում։
– Որոշ չափով ավելի ներդաշնակ են, քան հայերը։ Մանավանդ` գերմանացիները։ Ֆրանսիայում, Բորդո քաղաքի մոտակայքում նույնիսկ հատուկ փակ տարածքներ կան, որտեղ մարդիկ գնում են՝ բնության կապը զգալու եւ վերականգնելու համար։ Շատերը հասկանում են, որ բնությունից կտրվելը վտանգավոր է։ Գետի ափին նստելը բնավ էլ բնության հետ կապի մեջ մտնել չի նշանակում։
– Արվեստի մարդու համար կարեւո՞ր է արվեստով լեցուն վայրում ապրելը։
– Փարիզը հոյակապ քաղաք է, որը ստեղծագործելու համար շշմելու հող է հանդիսանում։ Փարիզում ապրելը շատ հանգիստ է, քանի որ մարդը կարող է գտնել իր տեսակն ու լինել այնպիսին, ինչպիսին ուզում է։ Արվեստի յուրաքանչյուր ճյուղ այնտեղ կանաչում եւ ծաղկում է։ Արվեստի նման խտությունը նաեւ մեծ դժվարություններ է ստեղծում, քանի որ Փարիզում այնքան շատ արտիստներ, ցուցահանդեսներ եւ հրավերներ կան, որ այդ ամենի մեջ ինչ-որ արժեքավոր բան գտնելն ու հասցնել տեսնելը շատ բարդ է։ Իսկ Ամերիկայում ամեն ինչ շատ նոսր է, թեեւ՝ ավելի բազմազան ու մեծ, քան Եվրոպայում։ Մեծ է նաեւ մարդկանց ախորժակը։ Նոր երկիր այցելելով, միշտ ինչ-որ նոր բան ես հայտնագործում քեզ համար։ Օրինակ, անցյալ տարի Կոլումբիայում ես նոր տիպի կրոն հայտնագործեցի։ Պարզեցի, որ կոլումբիացիները համոզված են, որ Աստված չկա, բայց բոլորը գնում են եկեղեցի եւ խնդրում են Քրիստոսին օգնել իրենց։ Մարդասպանը, օրինակ, կարող է եկեղեցի գնալ եւ խնդրել, որ վաղը, երբ նա պետք է իր աշխատանքը կատարի, հանկարծ ձեռքը չդողա եւ չվրիպի։
– Կոլումբիայից հետո ինչպիսի՞ն գտաք Երեւանը։ 13 տարի չեք եղել այստեղ…
– Այնպիսի տպավորություն է, որ այստեղ համատարած, համազգային սուգ է։ Մի անվերջ սգո օր է… Երբ տեսնում եմ, որ մարդիկ մարմարատաշ, պլպլացրած շինությունների կողքին սգավոր դեմքերով կանգնում են, թվում է, որ գերեզմանոցում ենք ապրում։ Դա սարսափելի է։ Մայրիկիս հարցրեցի՝ ինչո՞ւ է այդպես, պատասխանեց՝ բա ի՞նչ անեն, տղա ջան, վիճակները վիճակ չէ։ Ասացի՝ բա այն մարդիկ, որոնք ամեն ինչ ունեն, ինչո՞ւ են տխուր դեմքերով ապրում։ Ազնվությամբ եմ ասում, փողոցով քայլելիս ոչ մի ժպտացող դեմք չեմ տեսել։ Մարդիկ չեն զգում, որ ներքուստ ամեն ինչ լավ է։ Գուցե պատճառներից մեկն էլ այն է, որ պակասել է ինտելիգենցիայի տոկոսը, որը 70-ականներին շատ ավելի մեծ էր։ Ամեն մեկը հեռանալու իր պատճառներն ուներ, իսկ նոր ինտելիգենցիա չձեւավորվեց։ Ինտելիգենցիա շըփ-թըփ չեն սարքում, այն տարիների, նույնիսկ՝ դարերի ընթացքում է պատրաստվում։ Կարծում եմ, որ 80-ականների վերջին ինչ-որ սխալ բան տեղի ունեցավ։ Դանդաղ, բնական էվոլյուցիա չկատարվեց։ Երբ ուզում ես, որ բույսն արագ աճի, անհամբերությունից սկսում ես ցողունից քաշել եւ արդյունքում բույսը քոքահան ես անում։ Մեզ մոտ նման բան տեղի ունեցավ, մեր հոգատարությունը եւ համբերությունը չհերիքեց։ Բնության մեջ կան նապաստակներ, գայլեր, չղջիկներ կան, եւ ամեն էակ իր տեղն ունի։ Իսկ մեզ մոտ պարզվեց, որ մնացել են միայն գայլերն ու գառները։
– Խորհրդային տարիներին, չնայած հզոր ցենզուրա կար, ընդհատակի՝ «անդերգրաունդի» արվեստը ծաղկում էր։ Հիմա ազատություն է, բայց ավելի քիչ ազատ ստեղծագործողներ կան։ Ինչո՞ւ է այդպես։
– Սովետի ժամանակ ճնշում եւ արգելքներ կային, մենք հաճախ չէինք կարողանում ցուցադրվել, բայց մենք ոգու ազատություն ունեինք։ Կարող էինք անել այն, ինչ ուզում էինք, եւ մեր արածից հաճույք ստանալ։ Կարող էինք լավ գրականություն «ճարել» եւ կարդալ, իսկ հիմա ամեն ինչ կարելի է կարդալ, բայց ոչ ոք չի կարդում։ Այն ժամանակ մենք զգում էինք, որ մեր արածն ինչ-որ մեկին պետք է, իսկ այսօր ոչ մեկին ոչինչ պետք չէ։ Երեւանում այսօր կաֆեների կուլտն է իշխում։ Ապրելը կաֆեներում նստել է նշանակում։ Դա է լավ ապրելու գրավականը դարձել։ Երբեք չես լսի, որ մի մարդ մյուսին ասի՝ արի թանգարան գնանք, այնտեղ հիմա հետաքրքիր նկարչի գործեր են ցուցադրվում… Միայն կաֆե կամ ռեստորան են հրավիրում։ Մինչդեռ միակ բանը, որը կարող է փոխել կյանքը՝ արվեստն է։ Եթե մարդկային կյանքից հանես արվեստը, ամբողջը կփլուզվի։ Նույնիսկ այն մարդը, որն իր կյանքում ոչ մի նկար չի տեսել, գոյատեւում է արվեստի շնորհիվ, քանի որ նրան անուղղակիորեն հասնում են արվեստի ալիքները։ Երկրներ կան, որոնք մեծ գումարներ են ներդնում՝ արվեստագետներին իրենց մոտ բերելու համար, նույնիսկ՝ գողանում են այդ արվեստագետներին, որպեսզի արվեստը ծլի-ծաղկացնի իրենց երկիրը։ Մենք հակառակն ենք անում, բոլորին անվճար տաղանդներ ենք նվիրում ու բաժանում։
– Պետական մշակութային քաղաքականություն է, երեւի, պետք։
– Ֆրանսիայում ժամանակակից արվեստի աջակցության պետական պոլիտիկա գոյություն ունի։ Դա սարսափելի բան է, որի շնորհիվ նոր ակադեմիզմ է ստեղծվում։ Այդ ակադեմիզմը շատ է ճնշում, նկարիչները նոր բան անելուց հետո չեն կարողանում այդ ակադեմիզմը ճեղքել եւ պետական ստրուկտուրաներում ցուցադրվել։ Նոր դոգմաներ են ստեղծվում, ճիշտ այնպիսի շտամպներ, ինչպիսին, երբ սովետական ժամանակներում նկարիչներին ստիպում էին պատկերել Լենինին կամ Ստալինին։ Եթե այդ շտամպները չես ապահովում, առաջ չես գնում։ Բայց կարծում եմ, որ մոտակա տասը տարիների ընթացքում այդ մոտեցումը պետք է վերանա։
– Քո խոսքերից ստացվում է, որ Հայաստանում այժմ ավելի ազատ է եւ կարելի է լավ արվեստի շուկա ձեւավորել։
– Ազատ է, սակայն այդ ազատությունը նշանակում է միայն՝ արա, ինչ ուզում ես, բայց քո արածը մեզ պետք չէ։ Հայաստանում հանդիսատես չկա, մենք նրան չենք կրթում, մենք միայն կլիենտ ենք կրթում։ Ոչ ոք հանդիսատես պատրաստելու խնդրով չի մտահոգվում։ Բնական է, որ այսօրվա հանդիսատեսը ցանկանում է «առարկա», այլ ոչ թե արվեստի գործ տուն տանել եւ պատից կախել։ «Ստեղծագործություն» գնելու համար հանդիսատեսը պետք է կիրթ լինի։ Մենք միշտ ասում ենք, որ նկարիչը պետք է տաղանդավոր եւ շնորհքով լինի, բայց երբեք չենք ասում, որ հանդիսատեսը նույնպես պետք է տաղանդավոր լինի։ Գյումրիի Բիենալեին մասնակցելով, ես փորձում էի երիտասարդ որոշ արվեստագետների բացատրել, որ ամենակարեւորը մարդու մեջ հավաքված բազան է։ Լացս գալիս էր, երբ պատմում էի նրանց մի շատ հայտնի նկարչի մասին, եւ պարզվում էր, որ նրանք ոչինչ չգիտեն նրա մասին։ Գյումրիում ոչ մի թանգարան չկա, այդ փաստը քաղաքի բնակչության համար շատ մեծ հարված է։ Եթե թանգարան բացվի, ես պատրաստ եմ աշխարհի բոլոր արտիստների մոտ գնալ, նույնիսկ՝ դռնեդուռ ընկնել, նրանցից նկարներ խնդրել եւ բերել Գյումրի։ Բայց արվեստի նշանակությունը Հայաստանում ոչ ոք չի հասկանում, մտածում են՝ դե, կարեւորը հացն ու պանիրն է։ Ուզում եմ ասել՝ դա կերաք, իսկ հետո՞… Հետո՝ մեքենան է… Հետո՝ տունը, հետո՝ ավելի լավ մեքենան… Բայց այդ շղթան երբեք չի վերջանա։ Հայաստանում հիմա ամեն բան այնքան է խառնված, որ ոչ ոք չգիտի՝ ո՞րն է մարմնի համար եւ ո՞րը ոգու։ Նույնիսկ ցուցահանդես են գալիս եւ էլի «հաց» են փնտրում։ Ասում են՝ դեղձը լավ չի նկարած, քանի որ ուզում են տեսնել մի դեղձ, որը կկարողանան կլպել եւ ուտել։ Դժվար է հասկանալ, որ դա կարող է «ոգու դեղձը» լինել։
– Գուցե մտածում են, որ արվեստի մեջ ներդրում անելով արագ շահույթ չի կարելի սպասել։
– Շահույթն անմիջապես երեւալու է, չի կարող չլինել։ Բայց այդ շահույթը դրամով չափել չի կարելի։ Մեր քաղաքում՝ Երեւանում տիրող այլանդակությունը հենց արվեստի պակասից է ծնվել, որովհետեւ կիրթ մարդն այդպիսի տներ չի կառուցի եւ այդպես չի ապրի։ Այդտեղ պիտի լինի պետության շահը։ Եվ եթե մենք ուզում ենք խաղաղ, հանգիստ եւ ներքուստ առողջ ժողովուրդ ունենալ, պիտի արվեստը զարգացնենք։ Միշտ էլ սոված կմնանք, եթե արվեստին կարեւորություն չտանք։ Եթե արվեստ չլինի, հաց էլ չի լինի։ Ոչ թե հակառակը։ Ամեն մարդ պետք է իր ճիշտ տեղը զբաղեցնի։ Չենք կարող կթվորուհուն մշակույթի նախարար դարձնել, կամ մշակույթի նախարարին ստիպել, որ կոշկակար դառնա։ Մշակույթը մեծ իմաստով «հոգ տանել» եւ կրթել է նշանակում։ Իսկ արվեստագետներն այն մարդիկ են, որոնք իրենց զրույցներով, հանդիպումներով լիցքավորում են շրջապատը եւ մթնոլորտը։ Ավելի ճիշտ, լիցքավորում են եւ միաժամանակ՝ լիցքավորվում։ Հայաստանը չի փտել, այստեղ ահռելի ներուժ կա, շատ լավ երիտասարդներ։ Բայց անտերության պատճառով այդ կուլտուրան չի հասնում ժողովրդին։