Ղարաբաղում պատրաստվում են նոր ուսումնական տարվան

01/09/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դպրոցականների ծնողները պատրաստվում են նոր ուսումնական տարվան: Ստեփանակերտի տոնավաճառներում դպրոցական պարագաների համար հերթեր են գոյանում: Ծնողներն, ընդհանուր առմամբ, դպրոցական իրերի գներից չեն բողոքում, քանի որ անցյալ տարվա համեմատ դրանք էապես չեն փոփոխվել: Ստեփանակերտի տոնավաճառներից են դպրոցական պարագաներ գնում նաեւ շրջանների բնակիչները: Որոշ գյուղերում դպրոցական իրերը նաեւ փոխանակում են գյուղատնտեսական տարբեր մթերքների հետ, ինչը, գյուղացիների խոսքերով, ավելի ձեռնտու է: Ծնողների շրջանում հարցումները ցույց են տվել, որ մեկ երեխային դպրոց ուղարկելու համար միջին հաշվով անհրաժեշտ է 25-30 հազար դրամ: Այդ գումարով գնում են երեխայի հագուստները, դպրոցական պայուսակը եւ գրենական պիտույքները:

Սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների որոշ մասին ամեն տարի, տարբեր ծրագրերով, դպրոցական իրեր են տրամադրվում: Օրինակ, օրերս ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների թվով 60 դպրոցահասակ երեխաներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դպրոցական պայուսակներ եւ գրենական պիտույքներ է տրամադրել:

ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանի հավաստմամբ, տարվա կտրվածքով, Կարմիր խաչը 2-3 անգամ մարդասիրական օժանդակություն է ցույց տալիս միությանը, որն էլ բաշխվում է սոցիալապես անապահով ընտանիքներին։ Իսկ ամեն տարի նոր ուսումնական տարվա նախօրեին անհայտ կորած զինծառայողների դպրոցահասակ երեխաներին հաճելի անակնկալ է մատուցվում։ Սկզբնական շրջանում Կարմիր խաչի կողմից ցուցաբերված օգնության ծավալն ավելի մեծ էր (նախատեսված էր 90 հոգու համար), իսկ վերջին երկու տարիներին այն կրճատվել է (մինչեւ 60 հոգու համար)։

Իսկ ԼՂՀ Ոստիկանության Քաղաքային վարչության անչափահասների հարցերով բաժնում գրանցված թափառաշրջիկ, մուրացկան եւ սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ 20 երեխաների ԼՂՀ Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը դպրոցական իրեր է տրամադրել: Ծրագիրն իրականացվում է 1999 թվականից:

Ծնողներից բացի, ուսումնական տարվան են նախապատրաստվում նաեւ պետական համապատասխան մարմինները: ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Կամո Աթայանի խոսքերով, Ղարաբաղ են բերվել նոր դասագրքերը, որոնք արդեն բաժանվել են: «Մնում է` հեղինակները գան, եւ սկսենք 6 տարեկաններին դասավանդող ուսուցիչների վերապատրաստման դասընթացները»,- մեզ հետ ունեցած զրույցում նշեց նախարարը: Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի եւ զբոսաշրջության բաժնի պետ Կառլեն Մարգարյանն ասաց, որ Ստեփանակերտի բոլոր դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան, եւ ավարտված են դպրոցների ընթացիկ վերանորոգչական աշխատանքները: Նրա խոսքերով, այս տարի նախատեսվում է ընդունել 655 երեխա: