Երբ մուսան քնած էր …

30/08/2006

Հայաստանի հիմնը, որը, համաձայն նոր Սահմանադրության, պետք է մեկ տարվա ընթացքում փոխել եւ նորը գրել, իսկապես լուրջ խնդիր է դարձել: Երեկ վերջապես մեզ հաջողվեց «տարանցիկ» ճանապարհներով ձեռք բերել Մշակույթի նախարարության համապատասխան հանձնաժողովում հավանության արժանացած հինգ տարբերակներից չորսը: Չորսից մեկը Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության տեքստով եւ Տիգրան Մանսուրյանի երաժշտությամբ գրված տարբերակն է, իսկ մնացած երեքի մասին ոչինչ ասել չենք կարող, բացի դրանց տեքստերն ընթերցողին ներկայացնելուց: Միայն հայտնի է այն, որ Արամ Խաչատրյանի երաժշտության համար խոսքեր գրած Արսեն Սողոմոնյանը Մշակույթի նախարարության Երիտասարդական քաղաքականության հարցերով վարչության պետն է, որն, ըստ մամուլի, Հայաստանի հիմնի համար անցկացվող մրցույթին ներկայացրած իր «բոցաշունչ» տողերը գրել է «մի գիշերվա ընթացքում»: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է Ա. Սողոմոնյանը որոշել, որ մի ամբողջ ազգ պիտի տարիներ շարունակ գիշեր-ցերեկ ոտքի կանգնի իր «անքուն» գիշերվա մտորումները լսելիս: